Նշանակեց ու հեռացրեց

16/06/2012

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր Վլ. Գասպարյանի ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո: Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որտեղ Վլ. Գասպարյանը` անդրադառնալով Ոստիկանության գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշել է, թե, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, ովքեր «լիովին չեն ընկալել ընթացող փոփոխությունների ողջ խորությունն ու անշրջելիությունը եւ հստակ չեն պատկերացնում նպատակը, որին ուղղված են Ոստիկանության ղեկավարության գործողությունները»: Այս նիստից հետո էլ հաջորդել է Խ. Ավետիսյանի պաշտոնանկությունը: Մեր տեղեկություններով, բացի նրանից, երեկ աշխատանքից ազատվել են նաեւ նույն բաժնի մի քանի այլ աշխատակիցներ: