Հավատացին, որ փոխեն… 5 նախարար

16/06/2012

Երեկ տեղի են ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, ապա` խորհրդի նիստերը, որոնց ընթացքում որոշվել է նոր կառավարության կազմը, որը «նոր» կարելի է համարել ավելի շատ ժամանակագրական, քան բովանդակային իմաստով: Գործող կառավարության կազմի 18 նախարարներից փոխվելու են ընդամենը 5-ը, մյուսները մնալու են իրենց պաշտոններում: ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ հինգ նոր նախարարներին: ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի փոխարեն` Առողջապահության նախարար է նշանակվելու Երեւանի պետական Բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանին սոցապնախարարի պաշտոնում փոխարինելու է նրա ներկայիս տեղակալ, ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Ինչպես եւ սպասվում էր, Տրանսպորտի եւ կապի նախարար է նշանակվելու Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, իսկ այս կոալիցիոն քվոտայով «Օրինաց Երկրին» անցած Քաղաքաշինության նախարարի պաշտոնում ՕԵԿ-ն առաջադրել է Սամվել Թադեւոսյանին: Երեկ պաշտոնապես չի հայտարարվել միայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նոր նախարարի անունը: Երեկ, սակայն, մամուլում ու քաղաքական կուլիսներում շրջանառության մեջ հայտնված տեղեկությունների համաձայն` այդ պաշտոնում նշանակվելու է Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի մերձավոր անձանցից մեկը համարվող Հրաչյա Ռոստոմյանը: Երեկ արդեն ԲՀԿ-ից հայտնել են, որ առաջիկայում Ռոստոմյանը կհայտարարի կուսակցությունից դուրս գալու մասին: Այսինքն` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը դե ֆակտո կմնա ԲՀԿ-ին եւ «ոչ կոալիցիոն» ձեւականությունը պահպանելու համար նոր նախարարը ընդամենը պաշտոնապես չի ներկայացնի այդ կուսակցությունը: