«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ news.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանին ԱԱԾ հրավիրելը դարձավ «հայոց պատմություն»:
Պ. Մակեյանի խոսքով` հասկանալի է, որ այս իշխանության ժամանակ հնարավոր է ցանկացած մարդու «գլխին սարքել», բայց Վարդան Օսկանյանն, ըստ նրա, այն մարդն է, ով 14 տարի եղել է այս ռեժիմի մեջ եւ իշխանությունների կողմից վարվող գործընթացների անմիջական մասնակից, նաեւ` ավելի քան 100 քաղբանտարկյալների հիմնական կնքահայրերից մեկը: «Իրենք իրենց շահերից ելնելով` ինչ-որ գործընթաց են սկսել: Քաղաքական ենթատեքստ ես չեմ տեսնում, այլ տեսնում եմ հիմնականում մաֆիայի գործող կանոններ: Ինքը եղել է կլանի, մաֆիայի մեջ եւ սկսել է նրանց դեմ խոսել, որի համար հիմա պատժում են: Սա քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի: Եթե ընտրություններն անցկացրեցին բորսայի հայտարարված մրցույթով, աճուրդով ԱԺ ձեւավորեցին, ի՞նչ քաղաքականություն: Հայաստանում քաղաքական մարմին կա՞, որ քաղաքական գնահատական տաս»,- ասել է Պետրոս Մակեյանը` բացառելով, թե ՀԱԿ-ն ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի` հանդես կգա հայտարարությամբ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներսում Վարդան Օսկանյանի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություններին, Պետրոս Մակեյանն ասել է. «Մարդիկ, ովքեր ինչ-ինչ դրդապատճառներով կամ հրահանգներով պաշտպանում են Վ. Օսկանյանին, նրանք երեւի Վ. Օսկանյանի մարտիմեկյան սեւ շերտի մեջ չեն ընկել: Սովորաբար ասում են` ժողովրդի հիշողությունը կարճ չի, բայց պարզվում է` անհատ մարդկանց հիշողությունը ինչ-որ իրավիճակից կամ շահերից դրդված` կարճանում է: Ես բանտում նստած հետեւում էի լրատվամիջոցներին եւ տեսնում էի, թե փրփուրը բերանին ինչպես էր Վ. Օսկանյանն արտաքին աշխարհին ապացուցում, որ նրանք, ովքեր հայտնվել են բանտերում կամ գնդակահարվել են, մեղավորներն են: Օսկանյանն արտաքին աշխարհում ներկայանում էր` որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան: Հիմա, եթե որոշ մարդիկ այդ բանը մոռացել են, ես հիշեցնում եմ, որ այդ մարդը դա է եղել»: Նա նաեւ պնդել է, որ ընտրությունների շրջանում ՀԱԿ-ի` ԲՀԿ-ի հետ համագործակցությունից շահեց միայն ԲՀԿ-ն: «ՀԱԿ-ը ԲՀԿ-ին հովանավորեց, որ ԲՀԿ-ն դարձավ ԲՀԿ: ՀԱԿ-ի հոկտեմբերյան հանրահավաքներից հետո ԲՀԿ-ն դարձավ քաղաքական ուժ: Դրա հովանավորը եղել է ՀԱԿ-ը: Եվ Կոնգրեսի ձայների մեծ մասը հոսել են դեպի ԲՀԿ»,- հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Պ. Մակեյանը: