Գիտեն, որ պատվեր է, բայց չգիտեն, թե ով է պատվիրատուն

16/06/2012

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, ով երեկ հրավիրվել էր ԱԱԾ, «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հինգշաբթի օրն ինքը «Սիվիլիթասի» հետ կապված քրեական գործի մանրամասները ներկայացրել է Եվրամիության երկրների եւ ԱՄՆ դեսպաններին: Նա հույս ունի, որ այդ հանդիպումն ազդեցություն կունենա գործի վրա: «Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետեւ սա արդեն աբսուրդ է, անհեթեթ է, անտրամաբանական է եւ որեւէ մեկին պատիվ չի բերում: Ես շատ շնորհակալ էի, որ դեսպանները եկել էին` բազմազբաղ մարդիկ էին, եկան, շատ հետաքրքրությամբ լսեցին եւ ասացին, որ ուշիուշով հետեւելու են եւ, ինչ որ կարող են` կանեն: Բոլորս պետք է հասկանանք` մեր իշխանությունները, մեր դատական համակարգը, որ այսպիսի մոտեցում ունի այսպիսի անկապ հարցի, ոչ մի պատիվ չի բերի ոչ միայն պետությանը, այլ նաեւ մեր դատական համակարգին: Մեր նման թափանցիկ կազմակերպություն չի եղել, «Սիվիլիթասը» խախտումներ չի գործել, եթե հարց կար` հարցի պատասխանը ստանալու տարբեր ձեւեր կային, քրեական գործն այդ ձեւը չէ»,- ասել է Ս. Ղազարյանը:

Ե՛վ Ղազարյանը, եւ՛ «Սիվիլիթասի» հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պնդում են, որ այս գործի ետեւում հստակ պատվեր կա: Ռադիոկայանի հարցին, թե ո՞վ է պատվեր տվողը, «Սիվիլիթասի» տնօրենն արձագանքեց. «Չգիտեմ` ով է պատվեր տվողը: Մենք «Սիվիլիթասում» անում ենք գործունեություն, որը մի քիչ ոչ տրադիցիոն, չափազանց թափանցիկ է եւ մի փոքր անկառավարելի է: Մենք ունենք Civilnet, որը ղեկավարում են երիտասարդներ եւ շատ կրեատիվ ձեւով փորձում են անդրադառնալ բոլոր այն հարցերին` սոցիալական, քաղաքական, տնտեսական, որոնց մասին ընդհանրապես երիտասարդությունը միայն օձիքն է թոթվում, ասում է` ինձ պետք չէ: Բայց մենք ասում ենք` մեզ պետք է, եւ պետք է մասնակցենք: Ես չեմ զարմանա, եթե դա որոշ մարդկանց դուր չգա: Եթե սա ձեւ է մեզ մեր գործից շեղելու` դա չի հաջողվելու»: Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ հայտարարությամբ հանդես գա ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջոն Հանթսմանը, ում տրամադրած գումարների մասին է խոսքը քրեական գործում, Ս. Ղազարյանը պատասխանել է. «Ես վստահ եմ` այդ կարելիությունը կա: Ես սրտանց հույսով եմ, որ այդ օրը չի գա` ոչ որովհետեւ պարոն Հանթսմանը չի ուզենա, կամ սխալ բան պետք է ասի, բայց դա կնշանակի, որ մենք մեր բոլոր դոնորներին հիմնովին ասում ենք, որ` ժողովուրդ, դուք այսօր մեզ փող եք տալիս, մենք շնորհակալ ենք, բայց 10 տարի, 20 տարի հետո մենք կարող ենք դառնալ եւ ասել` գիտեք, մենք հիմա ձեզ ենք կասկածում ապօրինի գործունեության համար: Եթե մենք ուզում ենք այսպիսի մարդուն այսպիսի մեսիջ տալ` ես այլեւս չգիտեմ ինչ ասել»:

Երեկ, ի դեպ, «Սիվիլիթասը» հայտարարություն է տարածել, որտեղ շնորհակալություն է հայտնում այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցույց տալիս հիմնադրամին: «Սիվիլիթասը» հրապարակել է նաեւ ստացված գումարների չափը` այդ կերպ, ըստ էության, ցույց տալով, որ թափանցիկ է աշխատում: Հայտարարության մեջ ասված է. ««Սիվիլիթաս» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաեւ` օրերս հաստատված, 2012թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 8,5 միլիոն նորվեգական կրոն (մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության համար: Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաեւ Էդուարդո Էռնեկյանին օրերս «Սիվիլիթասին» տրամադրած 150.000 դոլար նվիրատվության համար: «Սիվիլիթասի» մի քանի ընթացիկ ծրագրեր աջակցություն ունեն ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սեւծովյան հիմնադրամից եւ ԱՄՆ դեսպանատնից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության միջոցով): «Սիվիլիթասն» իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին եւ ներկա գործընկերներին ու նվիրատուներին` Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սեւծովյան հիմնադրամին: «Սիվիլիթասը» հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին»:

Հավելենք, որ «Սիվիլիթասին» վերագրվող «փողերի լվացման» գործով որպես վկաներ ԱԱԾ հրավիրված Վարդան Օսկանյանը եւ Սալբի Ղազարյանը հրաժարվում են ցուցմունքներ տալ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ԱԱԾ քննչական մարմինը: