Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը եւ, բնականաբար, հանդես է եկել բացման խոսքով:
Բնականաբար, եւս մեկ անգամ շեշտել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձեւավորել գիտալիքահեն տնտեսություն, «որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է»:
Սակայն վարչապետի ելույթում կան ավելի հետաքրքիր ձեւակերպումներ։ Օրինակ, այս մեկը. «Կարեւոր փաստ է նաեւ այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբանները նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, եւ այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է»:
Սա, իսկապես, հզոր ձեւակերպում է, որի շուրջ կարելի է երկար բանավիճել, սակայն դա թողնենք հետագային եւ անցնենք բուն ՏՏ ոլորտի շուրջ խոսակցություններին։ Տ. Սարգսյանը նշել է, որ այդ գործում (տնտեսության դիվերսիֆիկացման) իր կարեւոր դերակատարությունն ունի նաեւ ՏՏ ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: «Արդյունքում, ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է»,- ասել է Տ. Սարգսյանը:
Այս վերջին պնդումը բավականին ուշագրավ է, եթե այն համեմատում ենք պաշտոնական վիճակագրության հետ։ Օրինակ, ՀՀ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հրապարակված ՏՏ ոլորտի 2011թ. հաշվետվության համաձայն, նախորդ տարի ՏՏ ոլորտում աշխատողների թիվը շուրջ 6700 էր։ Մինչդեռ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող խոշոր գործատուների ցանկից երեւում է, որ միայն մետաղների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների եւ ցեմենտի գործարանների գրանցված աշխատողների թիվը մոտենում է 10.000-ին։ Համեմատության համար նշենք, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գրանցված են 3203 աշխատողներ։ Եթե այս ամենին էլ գումարեք ԻՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ ամեն տարի Հայաստանից հեռանում են ՏՏ ոլորտի 400-500 որակյալ մասնագետներ, պատկերն ավելի ամբողջական կդառնա։
Ինչեւէ, ընդունենք, որ վարչապետի ձեռքի տակ եղած վիճակագրությունն ավելի ճշգրիտ է եւ արդիական։ Սակայն, եթե զուգահեռներ են անցկացվում աշխատողների թվի առումով, ապա վատ չէր լինի համեմատություն անցկացնել նաեւ ոլորտների ծավալների առումով։ ՀՀ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հրապարակված ՏՏ ոլորտի 2011թ. հաշվետվության համաձայն, ՏՏ ոլորտի արտադրանքը 2011 թվականին կազմել է 205.1մլն դոլար, որից արտահանումը՝ 90մլն։ Մինչդեռ հանքարդյունաբերության ոլորտի միայն երեք ապրանքախմբերի գծով (պղնձի հանքաքար, չզտած պղինձ եւ երկաթահամահալվածք) արտահանումը 2011-ին կազմել է կես միլիարդ դոլար։
Սակայն կա եւս մի հետաքրքիր պնդում։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ եւ ենթակառուցվածքներով զիջում էր իր հարեւան պետություններին: «5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարեւոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար»,- նշել է վարչապետը:
Ինտերնետի տարածվածության եւ ենթակառուցվածքների առումով չենք կարող համեմատականներ անցկացնել հարեւան երկրների հետ։ Սակայն մյուս ցուցանիշների դեպքում որոշ եզրակացություններ անել հնարավոր է։ Օրինակ՝ ինտերնետ սպառողների քանակով։ Եթե նկատի ունենանք ինտերնետ օգտագործողների բացարձակ թիվը, ապա ըստ internetworldstats.com-ի, 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 1.396.550 է, Ադրբեջանում՝ շուրջ 3.7 միլիոն։ Այլ հարց է, որ բնակչության թվաքանակի հետ տոկոսային հարաբերակցությամբ մենք իրոք առաջ ենք անցել։ Նույն աղբյուրի համաձայն, Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 47.1%-ը։ Նույն ցուցանիշը Ադրբեջանում 44.1% է, Վրաստանում՝ 28.3%։
Ամենահակասական պնդումը, սակայն, ինտերնետի սակագինն է։ Վարչապետի խոսքերով ստացվում է, որ տարածաշրջանում ամենաէժան ինտերնետը Հայաստանում է։ Սակայն միջազգային կազմակերպություններն այլ բան են ասում։ Մասնավորապես, Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով` պատկերը լրիվ այլ է։
Օրինակ, ՏՏ ծառայությունների մատչելիության նշված աղյուսակը վերցրել ենք UTE-ից (նախկինում այն մեկ անգամ արդեն տպագրել ենք)։ Աղյուսակում ծառայությունների արժեքը գնահատվում է` ըստ համախառն ազգային եկամտի հետ հարաբերակցության։
Աղյուսակից ինքներդ կարող եք տեսնել, թե լայնաշերտ ինտերնետի մատչելիության մեր ինդեքսով (12.5%) ումից ենք առաջ եւ ում ենք զիջում։ Ցանկում ներկայացված են միայն ԱՊՀ երկրները։ Իրանի վերաբերյալ տվյալներ չկան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ամբողջական վարկանիշային աղյուսակում այդ երկիրը 80-րդ տեղում է։ Լայնաշերտ ինտերնետի արժեքը տարեկան կտրվածքով կազմում է է համախառն ազգային եկամտի 2.6%-ը (Հայաստանի 12.5%-ի դիմաց)։
Ավելին, եթե աղյուսակում ներկայացված տվյալների՝ համախառն ազգային եկամուտների եւ լայնաշերտ ինտերնետի տոկոսային արժեքների հիման վրա հաշվենք ծառայությունների բացարձակ արժեքը, ապա կստացվի, որ ինտերնետի սակագինը Հայաստանից ավելի բարձր է միայն Վրաստանում (Հայաստան՝ 387.5 դոլար, Ադրբեջան՝ 150.04, Վրաստան՝ 473, Թուրքիա՝ 226 դոլար)։
Հիշեցնենք, որ սա այն նույն կազմակերպության նույն «Տեղեկատվական հասարակության չափում» զեկույցն է, որն ամիսներ առաջ հայտարարեց, որ աշխարհի երկրների տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վարկանիշում Հայաստանը 11 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։ Այդ լուրը մեծ ոգեւորությամբ ազդարարվեց բոլոր հեռուստաալիքներով։
Հանուն արդարության` նշենք, որ զեկույցում ներկայացված ինտերնետի սակագնի տվյալները վերաբերում էին 2010 թվականին։ Իհարկե, այս ընթացքում ինտերնետի գները Հայաստանում նվազել են, սակայն մյուս երկրներում նույնպես գների նվազում է արձանագրվել։
Ինչեւէ, Տ. Սարգսյանը կրկին հավաստիացրել է, որ ՏՏ բնագավառը Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով` հարեւան պետությունների համեմատ, պետությունն էլ ամեն ինչ անում է ոլորտի զարգացման համար: