– ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան ի՞նչ հստակեցումներ մտցրեց կամ ի՞նչ փոփոխություններ առաջացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
– Ոչ մի փոփոխություն: Բանակցությունները կշարունակվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարումը, կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի դուրս գալը Մինսկի խմբից ես չեմ պատկերացնում, եւ այդ բանակցությունները կշարունակվեն մոտավորապես այն ձեւաչափով, որով ընթացել են մինչ այժմ: Իսկ բախումներ սահմանում ժամանակ առ ժամանակ տեղի կունենան:
– Հ.Քլինթոնը Բաքվում հայտարարեց, որ հունիսի 18-ին Փարիզում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կողմերին ներկայացվելու են հիմնախնդրի կարգավորման նոր մոտեցումներ: Դրանք ինչո՞վ են տարբերվելու մեզ հայտնի «մադրիդյան սկզբունքներից»:
– Ոչնչով էլ չեն տարբերվելու: Քաղաքական գործչի խոսքը գործիք է: Ինչո՞վ է տարբերվում քաղաքագետը քաղաքական գործչից: Լինում են եւ՛ լավ, եւ՛ վատ քաղաքագետներ կամ քաղաքական գործիչներ, սակայն նրանց գործառույթները բոլորովին տարբեր են. քաղաքագետի խնդիրն է` հասկանալ տվյալ հարցը, վերլուծել եւ փոխանցել, որպեսզի, օրինակ, գիտնականն այն օգտագործի իր գիտական աշխատությունում, լրագրողը` թերթում, իսկ քաղաքական գործչի գործը բոլորովին ուրիշ է: Քլինթոնն ամենեւին պարտավոր չէ կանխագուշակել, թե ինչ է լինելու, նրա առջեւ խնդիր չի դրված անպայման ասել ճշմարտությունը կամ գնահատական տալ ոչ թե այն պատճառով, որ նա հիմար է, այլ պարզապես նրա դերն է այդպիսին: Ուստի, խոսքը քաղաքական գործչի համար գործիք է` մուրճ կամ մեխ, եւ ոչ թե մանրադիտակ: Նրա խնդիրն է` ազդել իրավիճակի վրա: Ի՞նչ եք առաջարկում տիկին Քլինթոնին. Բաքվում ասել, որ հունիսի 18-ին տեղի կունենա փարիզյան հանդիպումը, եւ այնտեղ էական ոչինչ տեղի չի՞ ունենա: Նա նման բան չի կարող ասել: Միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը (իսկ ԱՄՆ-ը հանդիսանում է այդ խմբի համանախագահներից մեկը) այսօրվա դրությամբ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, քանի որ այժմ չկա հակամարտության կարգավորման քաղաքական հնարավորություն: Իրականում Մինսկի խումբն ունի երկու առաջադրանք. առաջինը` պահպանել շփումները կողմերի միջեւ (այսինքն` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարները շարունակեն հանդիպել միմյանց հետ), եւ Մինսկի խմբի գործունեությունը պարզապես շարունակվի: Եվ երկրորդը` որպեսզի այդ շփումները միջազգայնացվեն, եւ բանակցությունների սենյակում լինեն ոչ միայն հայ եւ ադրբեջանցի, այլ նաեւ ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի: Իսկ այս առաջադրանքներն իրականացնելու համար անհրաժեշտ են հանդիպումներ, հայտարարություններ եւ լավատեսության դրսեւորում, որոնք պարտավոր են ցուցադրել այս գործընթացի հետ առնչվող գործիչները: Ես Մինսկի խումբը հիշում եմ նրա կազմավորման օրվանից` 1992թ., եւ այս 20 տարիների ընթացքում բոլոր հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղել են լավատեսական:
– Ալիեւի վարչակարգը ղարաբաղյան հարցը մշտապես օգտագործել է ներքին հարցեր լուծելու նպատակով, սակայն վերջին մի քանի տարիներին նրա հռետորաբանությունը կարծես ավելի կոշտ է դարձել, ադրբեջանական դիվերսիոն հարձակումները գնալով ավելի հաճախակի են դառնում, Ադրբեջանը ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Իսրայելի հետ զինամթերքի ձեռքբերման նպատակով: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի, թե՞ նրա այս վարքագծում առկա է արտաքին ուժի ազդեցությունը:
– Բախումները հայ-ադրբեջանական սահմանին պատերազմի հնարավոր լինելու հետ ոչ մի կապ չունեն: Դիվերսիոն հարձակումները քաղաքական շանտաժի մի ձեւ է, միջոց` արտաքին ուժերի վրա ազդելու համար: Ադրբեջանական հռետորաբանությունը գնալով թեժանում էր, եւ ինչ-որ մի պահ այն դադարեց աշխատել, եւ դիվերսիոն հարձակումները դարձան այս հռետորաբանության հաջորդ փուլը: Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ` ղարաբաղյան գործոնը գործիք է ներքին քաղաքականության մեջ, եւ բացի այդ` հարձակումներով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել արտաքին ուժերին: Այս առումով ակնհայտ է, որ դրանք տեղի ունեցան հենց Քլինթոնի այցի ժամանակ: Իսկ ի՞նչ ռեսուրսներ են հարկավոր այսպիսի գործողություններ իրականացնելու համար` 10 կամ 20 զինվոր, զենք, նռնակ, եւ վե՛րջ: Այսքանը: Իսկ ի՞նչ ռիսկերի է դիմում Ադրբեջանը` իրականացնելով այսպիսի հարձակումներ: Մենք գիտենք, որ նման դեպքերից հետո ավելի շատ ադրբեջանցիներ են զոհվում, քան հայեր, իսկ մարդկային կորուստներն Ադրբեջանի համար ընդhանրապես ռիսկ չէ. նրա համար տարբերություն չկա` զոհվել են 5, 10, թե՞ 20 հոգի: Ադրբեջանի հասարակ քաղաքացին դրա մասին պարզապես չի իմանա, հետեւաբար, Ադրբեջանը գործնականում ոչ մի ռիսկի էլ չի դիմում, իսկ օգուտն այս ամենից ակնհայտ է. Հ.Քլինթոնը գնաց Բաքու եւ բաց հայտարարության մեջ ընդհանրապես չխոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, ընդդիմության նկատմամբ խայտառակ վերաբերմունքի վերաբերյալ իր մտահոգության մասին: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ Ադրբեջանին պատերազմ սկսելու համար` համընդհանուր զորահավաք, մեծաքանակ զրահատեխնիկա, լուրջ հրթիռային տեխնիկա, զինամթերքի մեծ պաշարներ, մարդկային ռեսուրսներ, սպայական կազմի թարմացում, ֆինանսական միջոցներ միլիարդների չափով: Այնուհետեւ` ի՞նչ ռիսկեր կան այդ դեպքում` երկրի ֆինանսական վիճակի վատթարացում պատերազմի առաջին երկու ժամերին (խոսքն առաջին հերթին վերաբերում է Բաքու-Ջեյհան նավթամուղի պայթեցմանը), պատասխան հրթիռային հարվածների հավանականություն եւ հաղթանակի հնարավորության բացակայություն. պատերազմը կշարունակվի 5-7 օր, ինչից հետո այն կդադարեցվի: Իսկ այդ մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող հասնել իր նպատակին, իհարկե, ԼՂՀ-ի զգալի մասը կարող է հավասարեցնել հողին, սակայն դրանից նա ոչ մի օգուտ չի ունենա: Պատերազմներն այսպես չեն սկսվում: Ասեմ ավելին` պատերազմներից առաջ հռետորաբանությունը ոչ թե սաստկանում է, այլ հակառակը` լռում է, եւ փոխհրաձգություններն էլ դադարում են:
– Սահմանային միջադեպերից հետո կարծիք հնչեց, որ Հայաստանը պետք է խնդրի Ռուսաստանին փոքր զորամիավորումներ տեղակայել Տավուշի սահմանին: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը փորձի օգտվել ստեղծված իրավիճակից եւ համոզել Հայաստանին, որ անհրաժեշտ է ՀԱՊԿ զորքեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին:
– Ոչ, իմ կարծիքով` այսօր դա ոչ մի կերպ հնարավոր չէ:
– Մոտ ապագայում ինչպիսի՞ սցենարներ են հնարավոր տարածաշրջանային զարգացումներում եւ, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության մեջ:
– Մոտակա քաղաքական հեռանկարում էական փոփոխություններ տեղի չեն ունենա: Ղարաբաղյան հիմնախնդիրը կմնա մոտավորապես այն վիճակում, որում հիմա է գտնվում, Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կմնան նույնը, Ադրբեջանը կշարունակի դրսեւորել իր ներկայիս վարքագիծը, իսկ բանակցություններն էլ կշարունակվեն նույն ձեւով, եւ առաջիկա 2-3 տարիներին ոչ մի լուրջ փոփոխություն այս հարցում ակնկալել հնարավոր չէ: Իսկ Թուրքիան տարածաշրջանում կշարունակի վարել նույն քաղաքականությունը` համենայնդեպս մինչեւ 2014 թվականը:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ