«Ի տարբերություն հեռուստաընկերությունների` նախընտրական եւ հետընտրական փուլերում կայքերն այս կամ այն կուսակցության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չեն դրսեւորել: Ինչ դիրքորոշում ունեին, այդ ձեւով էլ շարունակում էին աշխատել»,- երեկ ասաց «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանը` ամփոփելով կայքերի մշտադիտարկման արդյունքները: Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն 10 առցանց լրատվամիջոցների (1in.am, 7or.am, a1plus.am, szatutyun.am, civilnet.tv(.am), lragir.am, news.am, tert.am, panArmenian.net, panorama.am) լուսաբանումների մշտադիտարկում էր անցկացրել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում, ինչը հետո շարունակեց «լռության օրն» ու հետընտրական 2 շաբաթվա ընթացքում: Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ «լռության օրը» դիտարկված կայքերը չեն կարողացել «լուռ մնալ», ինչի պատճառը, ըստ Ս.Դեհերյանի, նախօրեի իրադարձություններն էին` Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունը, Սահմանադրական դատարանի նիստը եւ վճիռը` ընտրողների ցուցակները հրապարակելու վերաբերյալ, թուրք լրագրողների հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ, եւ այլն: «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահը նշեց, որ հետընտրական փուլում պակասել են ՀՀԿ-ի վերաբերյալ նյութերը եւ ավելացել ԲՀԿ-ի մասին լուսաբանումները, ինչի պատճառն էլ, ըստ Ս.Դեհերյանի, ԲՀԿ-ի` կոալիցիա մտնել-չմտնելու հարցն էր:
«Կայքերը, որոնք որոշակի համակրանք ունեին ընտրությունների թափանցիկությունն ապահովելու նպատակով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի կողմից ստեղծված համատեղ շտաբում առկա կուսակցություններից մեկի նկատմամբ, նույն վերաբերմունքն էին արտահայտում նաեւ շտաբի մյուս երկու կուսակցությունների նկատմամբ: Այսինքն` եթե մինչ այդ վերաբերմունք չկար, դրական էր կամ գուցե բացասական, շտաբի ստեղծումը հնարավորություն տվեց վերաբերմունքի չեզոքություն ապահովել նաեւ մյուս երկու կուսակցությունների հանդեպ, եւ դա շարունակվեց նաեւ հետընտրական փուլում»,- ասաց Ս.Դեհերյանը:
Նա նշեց նաեւ, որ կայքերի մեծ մասը, տուրք տալով օպերատիվությանը, հրապարակումների հավասարակշռվածություն չեն ապահովել: Լուսաբանումները հիմնականում տեղեկատվական են եղել, ընդ որում` դրանց 11 տոկոսում տեղեկատվության աղբյուրն ընդհանրապես չի նշվել, իսկ 83 տոկոսը հիմնված է եղել մեկ աղբյուրի վրա: