ԼՂՀ հիմնահարցը` Օքսֆորդի համալսարանում

16/06/2012

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մեծ Բրիտանիա կատարած այցի ծրագրի շրջանակներում, հունիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի Արեւելյան ինստիտուտում հանդիպում է ունեցել համալսարանի տարբեր ինստիտուտների մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Ա. Ղուլյանը պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, ԼՂՀ անցած քսանամյա ուղու, երկրում իրականացվող գիտակրթական բարեփոխումների մասին: Նա նաեւ պատասխանել է ԼՂՀ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին, հանրապետության ներդրումային դաշտին, Հայաստան-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման միտումներին առնչվող հարցերին: Իսկ հունիսի 14-ին ԼՂՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Լոնդոնի «Չաթամ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House-Royal Institute of International Affairs), որտեղ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի խումբ փորձագետների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն` կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում առկա զարգացումների, ԼՂՀ ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, վստահության միջոցների հնարավոր ազդեցության եւ այլ հարցերի հետ: Նույն օրը երեկոյան կայացել է ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումը Միացյալ Թագավորությունում Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ` Սեւան Արթինի գլխավորությամբ: