Դրամի արժեզրկման դրական հետեւանքների մասին շատ է խոսվում։ Սակայն կա նաեւ մեդալի հակառակ երեսը, թե ինչ բացասական ազդեցություն այն ունի։ Կարելի է կատարել պարզագույն ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչպիսի ֆինանսական կորուստներ է կրում շարքային քաղաքացին դոլարային կտրուկ աճի արդյունքում: Նախ ֆիքսենք դոլարի փոխարժեքը ՀՀ ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո եւ հիմա՝ ՀՀ նախագահի ընտրությունների շեմին։ Ըստ Հայաստանի ԿԲ-ի տվյալների, այս տարվա մայիսի 10-ին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը 393.07 դրամ էր։ Հունիսի 10-ին այն արդեն 412.75 դրամ է։ Տարբերությունը կազմում է 19,68դրամ։ Արդյունքում ստացվում է հետեւյալը։ Եթե մայիսի 10-ի դրությամբ ես ունեի 100.000 դրամ, որը կազմում էր 254,40ԱՄՆ դոլար, հունիսի 10-ին ես ունեմ ոչ թե 254,40, այլ 242,27 ԱՄՆ դոլար։ Փաստորեն, մեկ ամսվա ընթացքում դրամի արժեզրկման պատճառով ես կորցրել եմ 12,12 ԱՄՆ դոլար կամ 5002 դրամ: Ամենացավալին այն է, որ այդ 5000 դրամն ինձ հիշեցնում է այն թիվը, որով ընդդիմությունը մեղադրում էր ընտրողներին ձայները վաճառելու մեջ։ Իսկ այդ «հուշը» արդեն կարող է լրացուցիչ հարց առաջ բերել՝ պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն ՀՀ ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո եւ ՀՀ նախագահի ընտրությունների շեմին դրամի անկանխատեսելի արժեզրկումը։ Անձնական տարբերակով բերված այս օրինակը կարելի է տարածել հանրապետական մասշտաբով։ Ընտրովի կարգով վերցնենք ՀՀ Կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալներից մեկը։ Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,870,201 ԱՄՆ դոլար 409.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,261,828 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։ Մեզ մնում է միայն պատկերացնել, թե որքան 12,2 դոլարներ են փոշիանում այս ահռելի ծավալների մեջ:
Եթե ավելի գլոբալ դիտարկենք, ապա դրամի անկանխատեսելի արժեզրկման բացասական հետեւանքներից մեկը դոլարիզացիայի աճն է, որը հանդիսանում է նաեւ տվյալ երկրի տնտեսության բացասական չափորոշիչ: ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք դոլարային վարկեր էին վերցրել ու հիմա մարումներ են իրականացնում, դրամի արժեզրկման պատճառով զգալի կորուստներ ունեն: Առկա է նաեւ դրամի` որպես երկարաժամկետ գործիքի նկատմամբ վստահության անկումը:
Երկար տարիներ տրանսֆերտները Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կարեւոր գործոնն են, այս տարի նրանց տեսակարար կշիռը կազմում է (ՀՆԱ) 17-18 %-ը: Ըստ իշխանամետ տնտեսագետների` 2009թ. տնտեսական ճգնաժամից հետո վերջին աճը դա մեր երկրի տնտեսության վերականգնման նշան է։ Այս պնդման հետ նույնպես կարելի է չհամաձայնել, քանի որ տրանսֆերտների աճը միանշանակ ինֆլյացիոն ցուցանիշ է եւ ցույց է տալիս ոչ թե Հայաստանի, այլ տրանսֆերտներ փոխանցող երկրների տնտեսական աճը։
Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ