Յուրաքանչյուր հնչեղ քրեական գործ ստիպում է հիշել Ֆուշեի` արդեն դասական դարձած խոսքը. «Ասեք մեկ նախադասություն, եւ ես ձեզ կձերբակալեմ` որպես հայրենիքի դավաճանի»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կա՛մ այլեւս ազնիվ մարդ չի մնացել, կա՛մ իշխանություններն այնքան հմուտ են բանսարկությունների ոլորտում, որ յուրաքանչյուրի համար Քրեական օրենսգրքից կարող են առանձնացնել հարմար մի հոդված:
Հիշո՞ւմ եք` ինչ պատահեց, երբ ժամանակին` 2007թ. «Ռոյալ Արմենիայի» համասեփականատեր Գագիկ Հակոբյանը, հուսահատված իր ընկերության դեմ կատարվող ապօրինություններից, ասուլիս հրավիրեց եւ կոնկրետ անուններով հայտարարեց, թե ովքեր են իրենցից ներմուծման համար կաշառք պահանջել: Անմիջապես քրեական գործ հարուցվեց բարձրաստիճան կոռումպացված չինովնիկների դե՞մ: Հակառա՛կը. վերոնշյալ պաշտոնյաների պաշտոնը բարձրացավ, իսկ «Ռոյալ Արմենիա» ընկերությունում անմիջապես հայտնաբերվեցին խախտումներ, կազմվեց արձանագրություն «մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» եւ հարուցվեց քրեական գործ: Նա, ում դեմ պետական մեքենան ապօրինություններ էր թույլ տվել, եւ ով համարձակվել էր այդ մասին բարձրաձայն ասել, կալանավորվեց: Այդ ժամանակ տեղի ունեցավ դատական համակարգում աննախադեպ մի երեւույթ` Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանն արդարացրեց «Ռոյալ Արմենիայի» սեփականատերերին, բայց անմիջապես նաեւ հեռացվեց դատական համակարգից: 2006-ի դեկտեմբերի 9-ին ձերբակալվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Ձերբակալվելուց առաջ նա իրեն թույլ էր տվել արտահայտություններ, որոնք վերաորակվեցին` որպես հակասահմանադրական կոչեր: Սէֆիլյանի մոտ անմիջապես հայտնաբերեցին նաեւ ատրճանակ, որով պատրաստվում էր կյանքի կոչել իր հակասահմանադրական կոչերը: Ձեւակերպեցին մեղադրանքը` հակասահմանադրական կոչեր եւ ապօրինի զենքի կրում, եւ դատապարտեցին մեկուկես տարվա ազատազրկման: Որպես ապօրինի զենք էր ներկայացվել ցուցաբերած քաջության համար նրան նվիրած ատրճանակը:
Հունիսի 11-ի «Առավոտի» կայքում տպվեց գործարար, «Սզնի» ընկերության նախագահ Գառնիկ Սահակյանի հետ զրույցը` ընդգրկուն վերնագրով` «Ես զզվում եմ այս նախագահից»: Գործարարն ուղղակի մեղադրանքներ էր ներկայացնում Սամվել Ալեքսանյանին, ով շուկայում գերակա դիրք ունենալով` «Կործանել է իմ նման հազարավոր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների»: «Սզնի» ընկերության նախագահը կոնկրետ փաստեր է ներկայացրել, թե ինչպես են ապօրինաբար իրեն սնանկացրել: Ընդ որում, գործարարը միայնակ չէ. նրա թիկունքին է ողջ իշխանական վերնախավը: Հատկապես երկրի նախագահը: Ալեքսանյանի դեմ քրեական գործ, հասկանալի է, չի հարուցվի: Ի դեպ, երբ այս տարվա սկզբին Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը մեղադրվեց կոռուպցիայի եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, հրաժարական ներկայացրեց: Մեր երկրի նախագահին ակնհայտ մեղադրանք է ներկայացված` օրինախախտ օլիգարխներին աջակցելու մեջ: Նա անգամ հարկ չի համարում պատասխանել մեղադրանքին, հասարակության առաջ արդարանալ: Անգամ հիմնավոր մտավախություն ունեմ, որ, ինչպես «Ռոյալ Արմենիայի» սեփականատերերի պարագայում, այս դեպքում էլ քրեական գործ կհարուցվի եւ` ոչ թե օլիգարխի, այլ «Սզնի» ընկերության նախագահի դեմ:
Փոխարենը` փողերի լվացան մեղադրանք է ներկայացվել ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ: Իհարկե, մեծ է գայթակղությունը` նախկին արտգործնախարարին հիշեցնելու թե՛ «Ռոյալ Արմենիա» ընկերության գործը, թե՛ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը, թե՛ բազում այլ անպատիժ հանցագործություններ, որոնք ժամանակին տեղի են ունեցել իր պաշտոնավարման ժամանակ` իր լուռ համաձայնությամբ:
Քինախնդիրներն ավելի հաճույքով նախկին արտգործնախարարին հիշեցնում են Մարտի 1-ի իրադարձություններից հետո նրա ելույթը: Սակայն, այդուհանդերձ, ակնհայտ է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ գործը պետական պատվեր է: Եվ այդ պատվերը պատվով, ամենայն պատասխանատվությամբ կատարում են համապատասխան մարմինները: Անդամակցելով ԲՀԿ-ին` Վարդան Օսկանյանն այնպիսի հայտարարություն էր անում իշխանությունների դեմ, որ անգամ նրա կուսակիցներն էին անհարմար զգում մեկնաբանել եւ գլուխներն ազատում էին` «պարոն Օսկանյանի ասածները չենք մեկնաբանում» կամ «դա պարոն Օսկանյանի անձնական տեսակետն է» արտահայտություններով: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀԿ-ականներին ակնհայտորեն ձանձրացրեց իրենց մասին ճշմարտությունները լսել հատկապես Օսկանյանի շուրթերից: Եվ հարուցվեց քրեական գործ:
Վարդան Օսկանյանը, լինելով ներկայանալի կենսագրությամբ գործիչ, իրեն ապահովագրված էր զգում. մի կողմից` Ռոբերտ Քոչարյանը, մյուս կողմից` Գագիկ Ծառուկյանը: Սակայն այս դեպքում գործի ընթացքը վերջիններից կախված չէ, հակառակ դեպքում` գործը չէր էլ հարուցվի:
Առհասարակ, իմաստ ունի, որ ՀՀ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա կամ քաղաքական գործիչ` քաղաքական իր հակառակորդի դեմ գործ պատվիրելուց առաջ, հիշի` ինքը եւս պոտենցիալ կասկածյալ է: Բավական է ԱԱԾ-ն հրահանգ ստանա ստուգել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը, եւ կասկածյալները կդառնան մեղադրյալներ: ԱԱԾ-ում դեռեւս շատ են խորհրդային հնամաշ եւ դեռեւս դատարկ թղթապանակները, որոնց վրա մեծ տառերով գրված է տագնապ առաջացնող բառը` «Գործ N»…