Ոստիկանը սպառնացել էր երաժշտին` «ցըբըխել» գլուխը

16/06/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երաժշտական ոլորտում սաքսոֆոնահար, դաշնակահար Արսեն Ներսիսյանին անվանում են նաեւ «մարդ-օրկեստր»: Այս օրերին վերջինս գտնվում է ազատազրկման մեջ, ընդ որում` բավական անհավանական պատմության պատճառով: Վերջինիս փաստաբաններից Մկրտիչ Դավթյանի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 30-ին, երբ Ա. Ներսիսյանն իր գործընկերուհու` երգչուհի Անի Արզումանյանի հետ մեկնում էր Ուկրաինայի Լվով քաղաք` համերգների: Սակայն օդանավակայանի ճանապարհին Երեւանի Ռուբինյանց փողոցում կատարված միջադեպի հետեւանքով ոչ միայն չմեկնեցին, այլեւ դեպքից օրեր հետո երաժիշտը կալանավորվեց` պետավտոտեսուչի հետ ունեցած տարաձայնության պատճառով: Մկրտիչ Դավթյանը մեզ հետ զրույցում դեպքի մասին պատմեց հետեւյալը. «Ռուբինյանց փողոցի մի մասը փակված է եղել բետոնե պատնեշներով, եւ դրանց արանքում տարածություն էր թողնվել մեքենայի ելքի ու մուտքի համար: Արսեն Ներսիսյանը` տեսնելով, որ այդ հատվածով մեքենաներ են անցնում, ինքը եւս փորձեց նույն կերպ վարվել, քանի որ 1 ժամից պետք է մեկնեին հանրապետությունից: Ա. Ներսիսյանը տեսնում է, որ պետավտոտեսուչը երկու ավտոմեքենայի թույլ է տալիս արգելափակոցից ներս անցնել: Ա. Ներսիսյանը խնդրում է, որ իրեն նույնպես թույլատրեն անցնել, քանի որ ուշանում էր թռիչքից: Ինչպես ներկայացնում է իմ պաշտպանյալը, ի պատասխան իր խնդրանքին` պետավտոտեսուչը կոպիտ ասում է, թե` «ֆռա գնա ստեղից»: Իսկ երբ ասում է, որ օդանավակայան է գնում, եւ հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեց այն երկու ավտոմեքենաներին անցնել, պետավտոտեսուչն ասում է, թե «Ռաֆ»-ով գնացող մեքենայի մեջ հղի կին կար (ըստ իմ կողմի ներկայացրածի` «Ռաֆ» մեքենա չէր եղել): Իսկ պաշտպանյալիս հարցին, թե երկրորդ մեքենային ինչո՞ւ են թույլատրել, որ անցնի, այդ ժամանակ պետավտոտեսուչն իր ձողով ավտոմեքենայի պատուհանից իմ պաշտպանյալին հրելով, ձողը խփելով մարմնին` ասում է, թե «արա, ֆռա գնա, քո գործը չի»: Մ. Դավթյանի փոխանցմամբ` այնուհետ Ա. Ներսիսյանը` տեսնելով ստեղծված իրավիճակը, զանգահարել է հորը` խնդրելով, որ Անիին տեղափոխեն օդանավակայան: Այդ պահին, ըստ փաստաբանի, Ա. Ներսիսյանը ոչ վայելուչ բառ է օգտագործել իրավիճակը նկարագրելիս, ինչը պետավտոտեսուչն իրեն վերագրելով` սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Իսկ երբ Ա. Ներսիսյանը, ըստ փաստաբանի, դուրս էր եկել մեքենայից` պետավտոտեսուչին ասելով, թե կնոջ ներկայությամբ հայհոյանքներ չեն տալիս, պետավտոտեսուչը դիմել է հեռվում կանգնած իր գործընկերներին, որպեսզի նրանք նկարեն իրավիճակը: Փաստաբանի խոսքով` քիչ անց դեպքին միջամտել է նաեւ երգչուհին` պետավտոտեսուչին ասելով, թե կարող է ակտ կազմել խախտման վերաբերյալ, ապա խնդրել է Ա. Ներսիսյանին` «պրովոկացիայի» չգնալ եւ հեռանալ այդ վայրից: Իսկ երբ Ա. Ներսիսյանը փորձել է նստել մեքենան, պետավտոտեսուչը բռնել է նրա ձեռքից, եւ երբ Ա. Ներսիսյանը մի կերպ ազատվելով պետավտոտեսուչից` նստել է ավտոմեքենան, պետավտոտեսուչը սկսել է ոտքով խփել մեքենային եւ շարունակել հայհոյանքներ տալ: Այնուհետեւ, Մ. Դավթյանի ներկայացմամբ` պետավտոտեսուչը ձեռքերով հենվել է մեքենայի դիմային մասին` ասելով, թե` «Քեզ ո՞վ է թողնում գնալ, դու դեռ պիտի դատվես քո հայհոյանքների համար: Ասում է նաեւ, թե եթե ինքը ֆորմայով չլիներ, գլուխը կցըբըխեր»,- ասում է Ա. Ներսիսյանի փաստաբանը: Այս միջադեպը հետագայում լուրջ հետեւանքներ է ունենում. Ա. Ներսիսյանի դեմ հարուցվում է քրեական գործ` ՔՕ-ի 316 հոդվածի 1-ին մասով` Ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար: Ընդ որում` այն պատճառաբանությամբ, թե Ա. Ներսիսյանը հայհոյանքներ է տվել ոստիկաններին, սպառնացել է նրանց, վրաերթի էր ենթարկել «նրանցից մեկին»: Սակայն ուշագրավ է, որ տուժող են ճանաչել մեկ ավտոտեսուչի, որը նախ ասել էր, թե մեքենան խփել էր ոտքերին, ապա հաջորդ օրը հայտարարել, թե մեքենան 2-3 անգամ խփել էր ձախ ծնկին: Սակայն, առերեսեսման ժամանակ, ըստ Մ. Դավթյանի` պետավտոտեսուչի ձախ ծնկի վրա թարմ վնասվածքի հետք չկար, փոխարենը` կար վաղեմություն ունեցող վիրահատության սպի: Մ. Դավթյանը նաեւ նշեց, որ ակնհայտ հակասություններ կան պետավտոտեսուչի եւ վերջինիս «գործընկերոջ» պատմածների միջեւ: Հետաքրքիր է նաեւ այն, որ երբ միջադեպի պատճառով ոստիկանական բաժանմունք էին տարել Ա. Ներսիսյանին` նախնական քննության համար, դեպքի մասնակից ոստիկանը ներկայացել էր միայն 5 ժամ հետո: Այդ ընթացքում վերջինիս կինն ասել էր, թե ամուսինը քնած է տանը, այնինչ օրեր անց քննիչը պատճառաբանել էր, թե ոստիկանի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չէին ստուգել, քանի որ ոստիկանը ծառայողական վիճակում էր: Ինչեւէ, ըստ Ա. Ներսիսյանի փաստաբանի` պետավտոտեսուչը պարզապես փորձում է արհեստական ապացույցներ ստեղծել:

Իսկ հունիսի 5-ին առերեսումից հետո Ա. Ներսիսյանին կալանավորել են: «Քանի որ տարբեր առիթներով շփվում ենք եւ՛ դատական համակարգի, եւ՛ Ոստիկանության աշխատակիցների հետ, մեզ մոտ այսպիսի քաղաքականություն է տարվում` ամեն դեպքում կալանավորելը»,- նկատեց փաստաբանը, ում խոսքով` կալանավորման որոշումն էլ այնպիսին է, կարծես դատավճիռ լինի: «Տարբեր տեղերից լսում ենք, որ Մարտի 1-ի դեպքերից հետո հրահանգ ունեն ՔՕ-ի 316 հոդվածով կալանավորել: Այսինքն` եթե ոստիկան է, ուրեմն` ինքը ճիշտ է»,- ավելացրեց փաստաբանը: Նա նաեւ խնդրեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ներկա են եղել այդ միջադեպին, աջակցել իր պաշտպանյալին` Ա. Ներսիսյանին:

Հ.Գ.
Մ. Դավթյանը «Մարդ եւ օրենք» իրավաբանական ծառայության ղեկավարն է, նրա գրասենյակը գտնվում է Երեւան, Բաղրամյան 3 հասցեում, ՀՀ գրողների միության շենքում):