ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին երեկ կրկին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության, սակայն նա հրաժարվել է այնտեղ ցուցմունք տալ: ԱԱԾ շենքի մոտ` երեկ պատասխանելով լրագրողների հարցին, թե` ինչո՞ւ ԲՀԿ-ն հանդես չի գալիս հայտարարությամբ, չնայած ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել լրատվամիջոցներով ու ասել, որ կուսակցությունում այն կարծիքի են, թե ԱԱԾ հարուցած քրեական գործը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, Վ. Օսկանյանն ասել է. «Վստահ եմ, որ ինչ ասել է` ասել է ԲՀԿ-ն, բայց հարմար պահի, համոզված եմ, որ ավելի հստակ բան կասի: Ես կուսակցությանը տեղյակ եմ պահել զարգացումների մասին»: Հարցին էլ, թե տարիներ շարունակ հանդիսանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, նրա հետ քննարկե՞լ եք քրեական գործի հարուցման փաստը, Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Սա իմ խնդիրն է, որեւէ այլ մարդու խնդիրը չէ: Ես սա համարում եմ քաղաքական պայքարի մաս, որ ընտրել են իշխանությունները, եւ ես, թեկուզ առանձին, այս պայքարը տանելու եմ: Ոչ մի ակնկալություն այս պահին ես որեւէ մեկից չունեմ»: Իսկ Facebook-ի իր էջում այս առնչությամբ Վ.Օսկանյանը երեկ գրել է. «Այսօր կրկին հրավիրվել էի ԱԱԾ` ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ` կասկածյալ: Սա նկատի ունենալով` ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Վարդան Օսկանյանին կանչել էին ԱԱԾ` հարցաքննության: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է նրա կողմից հիմնադրված «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը: