Թող գնա՝ տառապի

14/06/2012

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ կողմից հասցեագրվող` «փողերի լվացման» մեջ մեղադրանքին, ասել է. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վ.Օսկանյանի հետ, արդյունք է նաեւ այն բանի, որ նա տարիներ շարունակ սպասարկել է այդպիսի գործողություններ անող իշխանական կառույցներին` դա կլինի ԱԱԾ-ի՞, ապօրինի ընտրության սպասարկմա՞ն, թե՞ Մարտի 1-ի ոճրագործությունն օտարի աչքում այլ գույներով ներկայացնելու տեսքով: Այսօր ինձ համար ոչ մի նշանակություն չունի` ապօրինի՞ են իրականացնում այդ գործողությունները, թե՞ օրինական հիմքեր ունեն: Ես շատ կուզենամ, որ Վ.Օսկանյանը, ով մասնակից է նաեւ այդ կառույցների այսպիսի վիճակի համար, գնա եւ Հայաստանի այսօրվա արդարադատության պայմաններում պայքարի իր արդարության համար»:

Անդրադառնալով ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան թեմային, Ա. Քոչարյանն ասել է, թե ինքը միշտ նրանց նույնացրել է: «Ես Ռ.Քոչարյանին միշտ տեսել եմ ԲՀԿ-ի հետ միասին: Եվ այն գործիչների կապակցությամբ, ովքեր չեն կարողանում դա տեսնել, ուզում եմ ասել, որ նման ակնհայտ ճշմարտությունը չնկատելը կապված է ոչ թե ռենտգենյան սարքի կամ ակնոցների բացակայության կամ առկայության, այլ` միմիայն իրականությունը չտեսնելու հրահանգ կատարելու հետ: Վերջին հաշվով` այդ չտեսնելու արդյունքում նույն ԲՀԿ-ի ցուցակի մեջ մենք ունեցանք Մարտի 1-ի երկու շատ կարկառուն պատասխանատուներ` Վարդան Օսկանյանն ու Գրիգոր Գրիգորյանը: Այդ դեպքում հարց եմ տալիս` եթե Ռ.Քոչարյանը չկար, Գ.Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն էր պետք: Վստահաբար կարող եմ ասել, որ Գ.Ծառուկյանին նրանք պետք չէին: Առանց նրանց Գ.Ծառուկյանը կստանար այնքան ձայն, ինչքան «քաղաքական դրդապատճառներով բարեգործություն» էր իրականացրել այս տարիներին: Նրան միանշանակ պարտադրեց Ռ.Քոչարյանը: Իսկ Ռ.Քոչարյանը կարողացավ պարտադրել, որովհետեւ, ըստ էության, ՀԱԿ-ն իր համար էլ ընդունելի համարեց այս անձնավորությունների հետ շփումները»,- ասել է Ա. Քոչարյանը` անուղղակիորեն պատասխանելով նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: