Ո՞ւմ ազդեցությունն է գերակայում

14/06/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ` Հայաստանում այժմ գերակայող է Արեւմուտքի ազդեցությունը: Մեր դիտարկմանը, թե` չէ՞ որ 49 տարով երկարացվեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը, եւ բացի այդ` նաեւ ՌԴ-ին են պատկանում ՀՀ ռազմավարական մի քանի կարեւոր օբյեկտներ, ինչը չունի Արեւմուտքը, Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Ինչ որ երեւում է` կա՛մ պետք է պատկանի ՌԴ-ին, կա՛մ ՌԴ-ին պետք է թվա, որ ինքն ազդեցություն ունի դրա վրա: Ինչ որ չի երեւում` ամբողջությամբ հակառակ տրամաբանության մեջ է: Իսկ քանի որ ՌԴ-ն քիչ բան է տեսնում, շատ անգամ թվում է, թե վերահսկողությունը գտնվում է մի բեւեռի ձեռքում, մինչդեռ այն մյուս բեւեռի ձեռքն է անցել: Բայց ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ-ն էապես արտաքին կառավարման ազդեցության տակ է»:

Այնուամենայնիվ, Ա. Մանուչարյանը կարծում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ միակ երկիրը, որն ԱՄՆ-ին կարող է ասել` ոչ: «Հետեւաբար` Կովկասյան տարածաշրջանում ՌԴ ցանկացած գործողություն, ըստ էության, լեգալ է, դա ոչ մեկի կողմից չի կասեցվելու: Իսկ միջազգային ասպարեզում ՌԴ-ին կամաց-կամաց սովորեցրին նոր խաղի կանոնները: Վերջին բանը, որ սովորեցրին, դա Սիրիայի զարգացումն էր: ՌԴ-ն երեւի չէր մտածում, որ եթե մի երկիր կա, որի իշխանությունն իրեն ձեռք չի տալիս ինչ-ինչ պատճառներով, եւ այնտեղ կա ընդդիմություն, որը պարբերաբար խնդիրներ է ունենում իշխանության հետ, այդ ընդդիմությանը կարելի է զինել եւ զինված պայքարի մղել իշխանության դեմ»,- ասում է նա:

Արդյո՞ք սա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իշխանությունների դեմ ընդդիմությանը զինելու այդ տարբերակը կգործադրի նաեւ Հարավային Կովկասի երկրներում: Չէ՞ որ այստեղ այդ երկիրն ունի աշխարհաքաղաքական մեծ շահեր ու հետաքրքրություն, եւ այդ առումով` սուր մրցակցության մեջ է Արեւմուտքի հետ: Մեր այս հարցին ի պատասխան` Ա. Մանուչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ՌԴ-ն այս փորձն ընդօրինակեց, եւ մոտ ապագայում մենք կտեսնենք իրեն հետաքրքրող տարածքներում նույնատիպ գործողություններ, ինչ Արեւմուտքն անում է Սիրիայում»:

Վերջինս խոսեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ՀՀ եւ ԼՂՀ սահմանին վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակումների մասին: Այս հարցերը նա նույնպես մեկնաբանեց տարածաշրջանում գերտերությունների մրցակցության ենթատեքստում: «Նեղ իմաստով` հայ-ադրբեջանական հարաբերությունների, վերջին ընդհարումների տեսակետից առավել ճշգրիտ գնահատական տվեց ադրբեջանցի վերլուծաբան Վաֆա Գուլուզադեն: Նա հայտարարել է, թե` խոսելով պատերազմից, չպետք է մոռանալ, որ հայ-ռուսական ղարաբաղյան տանկերը գտնվում են Բաքվից 400 կմ-ի վրա: Որոշակի տրամաբանության մեջ նա ճիշտ է: Երբ խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններից` պատերազմ չի լինում ոչ թե մեր ուժերի հարաբերությունների պատճառով, այլ շատ կարեւոր է, թե այս տարածաշրջանում ինչպես են հարաբերվում, ինչին ինչպես են նայում գլոբալ ուժերը: Եվ երբ մտածում ենք, թե այս տարածաշրջանում պատերազմներ կարող են լինել, անպայման սկսում ենք հաշվել` մեր տանկերն ու Ադրբեջանի տանկերը: Բայց մեզ ու Ադրբեջանին հարցը չի էլ հասնելու»,- ավելացրեց Ա.Մանուչարյանը:

Իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ունի շատ ծանր ներքին իրավիճակ: Եվ լարված իրավիճակները պարպելու համար Ադրբեջանին շատ դեպքերում անհրաժեշտ է արտաքին լուրջ խնդիրը` պատերազմը, մարտահրավերը, եւ այլն: Իսկ ՌԴ-ի այդ լուրջ իրավիճակը, ըստ նրա` մասամբ պայմանավորված է նավթի գների անկմամբ: «Ընդհանրապես դա ռազմավարական մեծ խնդիր է ՌԴ-ի համար, եւ մոտակա կոճակը, որի վրա սեղմելով կարող է փոփոխություններ առաջացնել այդ գնային քաղաքականության մեջ, դա կովկասյան կոմունիկացիոն միջացքն է: Եթե այստեղ լինեն կտրուկ փոփոխություններ, ասենք` անցնի ՌԴ-ի կոշտ վերահսկողության տակ, ապա ինչ-որ պահի նավթի եւ ընդհանրապես էներգակիրների գների վրա որոշակի ազդեցություն կստանա»,- եզրափակեց Ա.Մանուչարյանը: