«Ա Բորժոմգ Սնաչալա պադւմայ, պոտոմ գովորի»` մեր հայրենակից Ռուբիկ Խաչիկյանին ասում էր Միմինոն։
Մոտավորապես նույն բանը երեկվա հանդիպման ժամանակ կարող էին ասել հայրենի ապակեգործները գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանին։ Նախարարության մամուլի ծարայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ Ս. Կարապետյանը երեկ ընդունել է պտուղբանջարեղենային պահածոներ, ապակյա տարաներ եւ կափարիչներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման առիթը եղել է ապակյա տարաներ արտադրող ընկերությունների կողմից արտադրության դադարեցումը: Իսկ դա խնդիր է, քանի որ պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի եւ չի կարողանալու իր արտադրանքը հանել շուկա։ «Մթերման հիմնական գործընթացը չի սկսվել: Եթե այսպես շարունակվի, կունենանք լուրջ խնդիրներ մթերման շղթայում»,- նշել է Սերգո Կարապետյանը` նկատելով, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար:
Ապակյա տարաներ արտադրող խոշորագույն ընկերությունները մեր հանրապետությունում երկուսն են՝ «Սարանիստը» եւ «Գլաս ուորլդ քամփնին»։ Երկուսն էլ խոշորագույն հարկատուներից են. «Սարանիստը» 2011թ. բյուջե է վճարել 660.7 մլն դրամ եւ հանգրվանել է խոշոր հարկատուների ցանկի 128-րդ տեղում, իսկ «Գլաս ուորլդ քամփնին» 475-րդ տեղում է՝ 162 մլն դրամ հարկերով։ «Սարանիստի» ներկայացուցիչը երեկ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք դադարեցրել են արտադրությունը տեխնիկական վերազինման պատճառով եւ կկարողանան արտադրանք տալ միայն հաջորդ տարի։ Փաստորեն, միակ հույսը մնացել է «Գլաս ուորլդ քամփնին»։ Սակայն այս ընկերությունն էլ նշել է, որ տեղական արտադրողի համար տարաներ չեն կարող արտադրել, քանի որ իրենց արտադրանքն արտահանվում է Վրաստան` «Բորժոմիի» պատվերով: Սրանով պայմանավորված՝ «Գլաս ուորլդ քամփնին» ներքին շուկայի պահանջարկը մինչեւ օգոստոսի սկիզբ չի կարող բավարարել:
Ահա այսպես, Ս. Կարապետյանը հայտնվել է փակուղու առաջ։ Քանի կար՝ բնակլիմայական պայմաններն էին համը հանում, հիմա էլ՝ ուրիշ խնդիր։ Ստիպել մասնավոր ընկերությանը ինչ-որ բան արտադրել, կամ թելադրել, թե արտադրանքն ում վաճառի՝ հակասում է շուկայական տնտեսության գաղափարախոսությանը։ Լինելով արեւմտյան արժեքների կրող՝ նախարարի պաշտոնակատարը` բնականաբար, չի էլ փորձել նման բան անել, սակայն օգտագործել է համոզելու վերջին զենքը՝ տալով ՀՀ նախագահի անունը։ «Ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը հայտարարված է գերակա ոլորտ, եւ այս առումով այն հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը»,- ասել է նա` խորհրդակցության մասնակիցներին առաջարկելով մեկ-երկու օրվա ընթացքում ներկայացնել արտադրության վերսկսման եւ իրավիճակի կարգավորման համար ձեռնակվող քայլերի մասին տեղեկատվություն` ապակյա տարաների ներքին շուկայի պահանջարկն առաջնահերթ կերպով բավարարելու համար:
Դժվար է ասել, թե դա ինչ ազդեցություն կունենա ապակի արտադրողների վրա։ Այն, որ Ս. Կարապետյանը շահագրգռված է հարցի հրատապ լուծմամբ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Ի վերջո, բացի ի պաշտոնե ենթադրվող շահագրգռվածությունից, պետք չէ մոռանալ, որ Ս. Կարապետյանի անունը սերտորեն կապված է հյութերի եւ պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերության հետ։ Այս ամենը ցույց է տալիս, թե Հայաստանում դրական ընկալվող երեւույթները ինչպես են հեշտությամբ վերածվում խնդիրների։ Օրինակ՝ ոչ ոք չի վիճի, որ տեխնիկական վերազինումը վատ բան է։ Կամ՝ ոչ ոք հակառակը չի պնդի, եթե ասենք, որ արտահանումը, հարեւան երկրի շուկա արտահանման ծավալների մեծացումը դրական բան է։ Սակայն պարզվում է, որ այդ երկու դրական բաները միասին կարող են կաթվածահար անել սննդամթերքի արտադրության ներքին շղթան։
Այդուհանդերձ, փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է այս խնդիրը լուրջ, եւ ինչո՞ւ են հայրենի ապակի արտադրողները հրաժարվում տեղական շուկային արտադրանք վաճառելուց։
Նախ, ինչպես արդեն նշվեց, հայկական շուկայում ապակե տարաների արտադրությամբ զբաղվում են միայն այս երկու ընկերությունները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2011թ. ընթացքում Հայաստանում արտադրվել է 133մլն հատ ապակյա տարա։ Մաքսային կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա ընթացքում արտահանվել է շուրջ 49 միլիոն հետ ապակյա տարա՝ 10 միլիոն դոլար մաքսային արժեքով (ընդ որում, արտահանվել է գրեթե ամբողջությամբ դեպի Վրաստան)։ Ստացվում է, որ ներքին շուկայի պահանջարկը շուրջ 80 մլն հատ ապակյա տարա է։ Եթե «Սարանիստը» իսկապես վերազինվում է, ապա կարո՞ղ է արդյոք մյուս ընկերությունը՝ «Գլաս ուորլդ քամփնին», ապահովել տեղական շուկայի պահանջարկը։ Դատելով ընկերության կայքէջում տեղադրված ինֆորմացիայից, կարելի է ասել՝ այո։ Ընկերությունն իր ինտերնետային էջում հպարտությամբ նշում է, որ զինված է իտալական բարձրակարգ «BDF-Boscato Dalla Fontana» մոդելի 3 մեքենաներով, որոնցից յուրաքանչյուրը կարող է արտադրել տարեկան 40 միլիոն հատ արտադրանք։ Ստացվում է, որ «Գլաս ուորլդ քամփնիի» արտադրական հզորությունը կազմում է տարեկան 120 միլիոն հատ։ Նորից հիշեցնենք, որ 2011թ. ընթացքում Հայաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 133մլն հատ ապակյա տարա։ Ստացվում է, որ «Գլաս ուորլդ քամփնին» կարող է հիմնականում բավարարել ներքին շուկայի պահանջարկը։ Եթե արտահանման ծավալներն անգամ կրկնակի աճեն, ապա ամեն դեպքում հնարավոր է տեղական արտադրողների գոնե մեծ մասին դժգոհ չթողնել։
Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»։ Արտահանող ցանկացած ընկերության համար այժմ ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ արտահանելն ավելի ձեռնտու է, քան ներսում վաճառելը։ Այո, դա պայմանավորված է դրամի արժեզրկումով։ Ընկերությունն արտահանված ապրանքի դիմաց վճարվում է դոլարով, որը վերածելով դրամի՝ ավելի շատ եկամուտ է ստանում, քան երկրի ներսում դրամով վաճառելով։ Այնպես որ, եթե վրացական կողմի պահանջարկը, իրոք, մեծացել է, ապա ապակի արտադրողի համար շատ ավելի ձեռնտու է արտադրանքը վաճառել դրսում։ Իսկ շուկայական տնտեսության մեջ նման վարքագիծը շատ բնական է, եւ ոչ ոք չի կարող մեղադրել ընկերությանը` իր շահերը հետապնդելու համար։
Եթե մենք մեզ համարում ենք դեմոկրատական, շուկայական մեխանիզմներով աշխատող երկիր, ապա չի կարելի վարչական լծակներ օգտագործելով՝ ստիպել որեւէ մեկին արտադրել կամ վաճառել կոնկրետ սուբյեկտների։ Ցանկացած ընկերություն ինքն է որոշում՝ ում վաճառել, որքան եւ ինչ գնով։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենատրամաբանական ելքը լինելու է այն, որ հայկական գնորդները ավելի թանկ վճարեն տեղական շիշ արտադրողին։ Այնքան թանկ, որ դա փոխհատուցի դոլարի թանկացումը։ Չի բացառվում, որ շիշ արտադրողների նպատակն ի սկզբանե եղել է հենց գին թանկացնելը։
Իսկ շշերի թանկացման պարագայում թանկանալու է թե՛ տեղական հյութերի, թե՛ պահածոների գինը։ Ամեն դեպքում, ժամանակից առաջ չընկնենք։ Պարզապես հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ լուրեր տարածվեցին հանքային ջրերի որոշ տեսակների թանկացման մասին, սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ դա պայմանավորված է շշերի թանկացմամբ։