Կարա-Բալայի արձանը հետ են վերադարձրել

14/06/2012

Երեկ Կարա-Բալայի արձանը հանվել է Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» հանրախանութի մուտքի մոտից եւ տեղափոխվել Աբովյան փողոց: Այն տեղադրվել է նախկին Կենտրոնական հանրախանութի հարեւանությամբ գտնվող «Հագուստի աշխարհ» խանութի մուտքի հարեւանությամբ: «Ինչպես միշտ, ամեն ինչը «հայավարի» արվեց: Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կար, որ արձանը կտեղափոխվի ժամը 16:00-ին, բայց այն հանրախանութի մոտից հանվել էր արդեն ժամը 15:00-ին»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է Կարա-Բալայի արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նա հիշեցրել է, որ Կարա-Բալայի արձանը տեղադրվել էր Աբովյան փողոցում 1991 թվականին, նախկին Կենտրոնական հանրախանութի մուտքի մոտ:

Խոսելով արձանի նոր տեղի մասին, քանդակագործն ասել է. «Այդքան էլ վատ տեղ չէ, կարեւորն այն է, որ արձանը վերջապես տեղադրվել է պատվանդանի վրա»: Հիշեցնենք, որ Կարա-Բալայի արձանն իր նախկին տեղը տեղափոխելու պահանջով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել էին մի խումբ քաղաքացիներ: