«Քաղաքական պատվեր` ժամկետանց մեթոդներով»

14/06/2012

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ««Սիվիլիթաս» հիմնադրամն այն կազմակերպություններից է, որի գործունեությունը միտված է ՀՀ-ում բաց հասարակություն եւ հանրային բարձր գիտակցություն ձեւավորելուն: Հաշվի առնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախադեպն ու փորձը, մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է: Մենք կարծում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարն անօգուտ, անարդյունավետ զբաղմունք է, իսկ այդ պայքարում իրավապահ մարմիններին որպես գործիք օգտագործելու մեթոդն ուղղակի վայել չէ մեր պետությանը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը լավ ծանոթ են «հարկային ստուգումներ», «ապրանքագիտական փորձաքննություն», «հարցաքննություններ» եւ «այլ քննչական գործողություններ» տերմինները, եւ մենք համոզված ենք, որ ժամկետանց այս մեթոդներով ազատ, ազնիվ եւ անկաշկանդ գործունեություն ծավալող որեւէ կազմակերպության «պատին սեղմելու» ցանկացած օպերացիա դատապարտված է ձախողման: Մենք զորակցություն ենք հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակազմին, այդ կազմակերպության յուրաքանչյուր անդամին եւ հորդորում ենք չվհատվել ու չընկրկել, քանի որ սա ոչ թե մեկի կամ մի կառույցի, այլ քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր մասնիկի, անհատի եւ խմբի պայքարն է, բոլոր այն գիտակից մարդկանց, ովքեր պայքարում են քաղաքական կեղտոտ խարդավանքներով հասարակության վրա ազդեցություն գործելու փորձերի դեմ եւ անհատական ազատությունների ձեռքբերման համար: Սա համընդհանուր շահի համար մղվող պայքար է, որի արդյունքում մեկընդմիշտ պետք է վերացվի ուժայինների միջոցով քաղաքական հաշվեհարդար տեսնելու արատավոր պրակտիկան: Մենք հորդորում ենք նաեւ այս գործով զբաղվող եւ միաժամանակ մեր ազգի անվտանգությունն ապահովող կառույցի բոլոր ազնիվ աշխատակիցներին` հրաժարվել քաղաքական պատվեր կատարելու տհաճ, անշնորհակալ պարտականությունից: Անկախության 20 տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ձեւավորումը մեր ամենամեծ ձեռքբերումներից է, եւ մենք պատրաստ ենք հավասարապես պայքարել եւ կանգնել այդ հասարակության յուրաքանչյուր անդամի կողքին` նրա դեմ ոտնձգությունները բացառելու համար»: