«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Ինչպես Ձեզ հայտնի է` մեր քաղաքացիական նախաձեռնության պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը դեռեւս 2011թ. նոյեմբերի 3-ին հ. 1588-Ա որոշմամբ ՀՀ Լոռիի մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի oգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների նշանակության մեկ հեկտար հողամասը («Թռչկան» հանդամաս` հատկացված Թռչկան ջրվեժի տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի համար) փոխադրել է հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` բնապահպանական գործառնական նշանակությամբ: Նշյալ որոշման 3-րդ կետի համաձայն` Դուք, իբրեւ ՀՀ բնապահպանության նախարար, եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որն ուժի մեջ է մտել 24.11.2011թ., 10-oրյա ժամկետում պետք է ընդունեիք սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտեր: Իսկ նույն որոշման 6-րդ կետի համաձայն` Դուք` իբրեւ ՀՀ բնապահպանության նախարար, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (24.11.2011թ.-24.01.2012թ.) պետք է կազմեիք եւ հաստատեիք «Թռչկան» բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը: Ավաղ, մինչեւ օրս բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժը չունի անձնագիր: Թեեւ, հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչեւ ՀՀ կառավարության կողմից սույն որոշումն ընդունելը, երբ այն դեռ նախագիծ էր, մենք գրավոր առաջարկություններ էինք ներկայացրել ՀՀ կառավարությանը եւ Ձեզ, միեւնույն ժամանակ նախազգուշացրել, որ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք, որ Թռչկան ջրվեժը գտնվում է Հայաստանի հյուսիսային շրջանում, իսկ ձմեռն այնտեղ բավականին խստաշունչ է, այն տեւում է մինչեւ ապրիլ ամիսը, ձյունն այնտեղ շուտ է սառչում, իսկ մինչեւ ապրիլ ամիսը նոր սկսում է հալչել: Սակայն այս եւ մյուս կարեւոր ու առանցքային հարցերը հաշվի չեն առնվել ոչ Ձեր, ոչ էլ ՀՀ կառավարության կողմից: Մեր կարծիքով` անհնար է նոյեմբերին ընդունել նման որոշում եւ սահմանել երկամսյա ժամկետ, երբ Թռչկան ջրվեժի անձնագրավորման համար անհրաժեշտ էր լինելու չափագրման աշխատանքներ իրականացնել: Մեզ համար շարունակում է զարմանալի մնալ մի փաստ, որ ՀՀ կառավարությունը, այդ թվում` նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը, հաշվի չէին առել այս կարեւոր հանգամանքը, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, խախտել է իր իսկ կողմից 03.11.2011թ. ընդունված հ. 1588-Ն որոշմամբ սահմանված պահանջներն ու ժամկետները: Այժմ դիմելով Ձեզ, խնդրում ենք համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հհ. պահանջների` մեզ տրամադրել հստակ եւ մանրամասն տեղեկատվություն հետեւյալ հարցերի վերաբերյալ. 1) Ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկել մինչեւ օրս ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման պահանջների կատարման ուղղությամբ (եթե, իհարկե, ձեռնարկել եք): 2) Ինչո՞ւ եւ ի՞նչ հարգելի պատճառներից ելնելով եք խախտել ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման 6-րդ կետով սահմանված Ձեր վրա դրված պարտավորության կատարման ժամկետը: 3) Ի՞նչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու (կամ իրականացվում) Թռչկան ջրվեժի անձնագրավորման աշխատանքները, եւ որքա՞ն գումար է այն կազմելու (կազմել): 4) Տեղյա՞կ եք արդյոք, որ «Թռչկան» ջրվեժ տանող ճանապարհը, որը բացվել էր «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ, սողանքավտանգ վիճակում է, եւ ձնհալից հետո հողը սահում է դեպի Չիչխան գետը, եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկել (կամ ձեռնարկում) այդ սողանքը կանխելու ուղղությամբ: 5) Արդյո՞ք «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրենին պարտավորեցրել եք վերականգնել իր կողմից «Թռչկան» ջրվեժի հարող տարածքում` Չիչխան գետին եւ նրա շրջակա միջավայրին հասցված վնասը վերականգնելու համար, եթե այո, ապա որքա՞ն ժամկետում այն պետք է իրականացնի: 6) Արդյո՞ք իրականացրել եք համալիր փորձաքննություն «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից Չիչխան գետի հարող տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնելու արդյունքում պետությանը եւ համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով, եթե այո, ապա ե՞րբ եւ որքա՞ն գումարի վնաս է հասցվել, եթե ոչ, ապա հիմնավորել, թե ինչո՞ւ մինչեւ օրս պատասխանատվության չեք կանչել «Ռոբշին» ՍՊԸ-ին եւ չեք պարտավորեցրել նրան` վերականգնելու իր իսկ կողմից Չիչխան գետին եւ նրա շրջակա միջավայրին հասցված վնասը: 7) Առաջարկում ենք նաեւ Հայաստանի բնության հուշարձանների ցանկում ուղղել «Թռչկան» ջրվեժի նկարագրությունը, քանի որ այն գտնվում է անմիջապես Չիչխան գետի վրա, ոչ թե գոյություն չունեցող Թռչկան վտակի»: