Երեք երեխաների մայր, 44-ամյա Վարդուհի Հակոբյանն, արդեն 8 տարի է, բնակվում է Ջափարիձե 1 հասցեում:
Նրա կացարանը դժվար է տուն անվանել. երկու սենյականման խցերը միացնում է խորշը, որը նա որպես խոհանոց է օգտագործում: Ո՛չ լոգարան կա, ո՛չ էլ զուգարան: Անձրեւաջրերից առաստաղը կախվել է ու անձրեւների ժամանակ կաթում է: Տեղ-տեղ քանդված պատերի մեջ տեսանելի է փայտաշեն հիմքը: «Ահավոր վիճակ է, կռիսները վազում են վրաներովս, կարիճը մի անգամ իմ ոտքն է կծել, մի անգամ` աղջկաս: Բլոճները լիքն են, համարյա ամեն շաբաթ դեղ եմ առնում, լցնում, որ կարողանանք ապրել: Պայմանները շատ վատն են, մի կերպ գոյատեւում եմ, բայց էս էլ չեն թողնում, որ գոնե գոյատեւեմ»,- նշում է Վ. Հակոբյանը: Տան հնությունների մեջ աչքի են ընկնում քաղաքակրթություն հիշեցնող հեռուստացույցը, սառնարանն ու զովացուցիչը: Իսկ համակարգիչը, որ վերջերս ապառիկով էր գնել աղջկա համար, գողացել էին: «Ապրիլի 27-ին եկա, տեսնեմ` ամբողջ տունը քանդուքարափ արված: Պատի մեջ փոքր անցք է եղել, մեծացրել են ու մտել: Աղջկաս համակարգիչն էին տարել, պայուսակիս մեջ փող կար, աշխատավարձիցս 30.000 դրամ էր մնացել, անձնագրերով տարել էին: Մինչեւ հիմա անձնագիր էլ չունեմ»,- պատմում է Վարդուհին: Նա իր կացարանի հարեւանությամբ գտնվող նորակառույցի, այսպես կոչված` «էլիտար» շենքի մաքրությունն է ապահովում: Իր ապաստարանի համար ամսական 15.000 դրամ վճարելով` աղջկա հետ հանգիստ ապրում էին այդտեղ, մինչեւ չհայտնվեց «տան» սեփականատերն ու խաթարեց նրանց անդորրը:
«Այսքան ժամանակ ապրել էի այստեղ, ոչ մեկն ինձ չէր խանգարել, բայց մի ամիս է արդեն` այդ մարդը եկել է ու ասում է` իմ տունն ազատիր: Ես չեմ ուզում, որ դու այստեղ ապրես, վթարային վիճակ է, եւ այլն: Ժամանակ էլ չի տալիս, որ ուրիշ տուն փնտրեմ, ասում է` հենց հիմա դուրս արի»,- ասում է Վարդուհին: «Այս վթարային պայմաններում ապրել ենք 8 տարի, հիմա էլ կապրենք, եթե թողնեն, որովհետեւ հնարավորություն չունեմ ուրիշ տեղ նորից վարձակալելու. շատ թանկ է, գները բարձր են: Իսկ ես ապրում եմ ընդամենը հավաքարարի աշխատավարձով` 60.000 դրամով: Աղջիկս 18 տարեկան է, դեղագործականն է ավարտել, չի աշխատում, ոչ մի գործ չենք կարողանում գտնել»,- արցունքներն աչքերին` ավելացնում է Վարդուհին: Նա 15 տարի առաջ ամուսնալուծվել է ու միայնակ մեծացրել 3 երեխաներին` գյուղում կով կթելով, ծերերին խնամելով կամ այգի մշակելով: Ապարանի Թթու ջուր գյուղից աշխատանքի փնտրտուքով Երեւան է եկել այն բանից հետո, երբ նախկին ամուսինը վաճառել է իրենց բնակարանն ու նրան 3 երեխաների հետ փողոցում թողել: Աշխատանք գտնելով նորակառույց շենքում` բնակիչներից մեկի միջոցով ապաստանել է հարեւան շինությունում: «Երեխեքս փոքր էին, ասի` պահեմ-մեծացնեմ, հետո մի բան կգտնեմ, բայց տեսնում եմ, որ ոչ մի ելք չկա: 40.000-ից պակաս տուն չկա ոչ մի տեղ, եթե 60.000-ից 40-ը վարձ տամ, էլ ինչո՞վ ապրեմ»,- ասում է նա: Տանտերը, ումից Վարդուհին վարձակալել է կացարանը, այդ շինության սեփականատերը չէ, բայց գրանցված է այդտեղ: Իրական սեփականատերը վերջերս է հայտնվել ու պահանջում է, որ ազատեն կացարանը` պատճառաբանելով, թե այն վթարային է. «Իրենք` երկու տերերը, իրար հետ խնդիր ունեն, բայց այդ խնդիրը գիտեմ, որ ինձ չի խանգարում, միայն ասում է` վթարային է, դուրս արի: Պարզապես իրենց վեճի տուժողը ես եմ դարձել: Ճիշտ է` այստեղ ապրել են 1941 թվականից, այն ժամանակ մարդիկ անապահով են եղել, գաղթել են, եկել են այստեղ ապրել, հետո` արխիվում փաստաթղթերը չեն եղել: Հիմա սեփականատերը գտել է փաստաթղթերն ու ասում է` եթե ապահով ես, կարող ես ուրիշ տանն ապրել, ետ տուր իմ տունը: Դու իրավունք չունես այստեղ ապրել, մի բան էլ վարձով տալ ուրիշին»:
Վարդուհու պատմելով` մայիսի 14-ին թաղային տեսուչը եկել ու ասել է, որ նա ազատի տարածքը. «Ինձ կանչեցին բաժին, թաղայինը ներկայացրեց, որ շատ անապահով, վատ վիճակում եմ, ասաց` շատ խելացի, աշխատող կին է, իր երեխեքի համար է աշխատում: Այդպես ինձ խղճացին, ասին` թող գոնե գործերը գնան Դատախազություն, ժամանակ շահես, այդ ընթացքում տուն ճարես: Այդքանով կարողացան օգնել: Դատախազն ասել է` թող ապրի, բայց չէ` տանտերն ամեն առավոտ, շուտ գալիս է կանգնում ու ասում` հը, ի՞նչ արեցիր, տուն գտա՞ր քեզ, ազատիր, շուտ արա, որ ես իմ գործը հոգամ: Թե ինչ գործ է, չգիտեմ»,- ասում է Վարդուհին: Նա նշում է, որ առողջական խնդիրներ ունի ու իր աշխատանքն էլ արդեն դժվարությամբ է անում: Ամբողջ քաղաքը ման է եկել, բայց մատչելի բնակարան գտնելու փորձերն այդպես էլ ապարդյուն են անցել: «Մինչեւ ամսի 20-ն են ժամանակ տվել: Եթե տուն չգտնեմ, պետք է փողոցում մնամ, բա ի՞նչ անեմ, ոչ մի տեղ հնարավոր չի: Ո՞ւմ տուն գնամ` մի օրից ավելի ապրեմ: Ոչ մեկը չունեմ, բոլորը գյուղում են, բայց ոչ մեկն էլ ապահով տեղ չունի, որ ինձ ապաստան տա` հա մի օր, երկու օր, բայց հո ավել չե՞ն կարող, ես էլ եմ ամաչում»,- հուսահատ ասում է նա: