Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել հասարակական տրանսպորտի վերաբերյալ` իրենց անհանգստությունն արտահայտելով այս ոլորտում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ՀՀ Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական եւ սոցիալական պետություն` ՀՀ կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսեւորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայականությունները բերում են ողբերգական հետեւանքների: Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի` ուղեւոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետեւանքն է:
Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի եւ առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ եւ իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15.000-25.000 դրամ: Սա` այն պարագայում, երբ մեր տեղեկություններով` գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30.000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է եւ գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաեւ հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:
Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաեւ հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքները, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաեւ օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ` վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, եւ խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինն իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը եւ խնդիրները բազմաթիվ են, եւ այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլորտում եւս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի: Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված եւ հետեւողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ լուծելու, ոլորտում օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու` համալրել մեր շարքերը եւ պայքարել սեփական իրավունքների պաշտպանության համար: Միասին մենք ավելիին կարող ենք հասնել»:
Հայտարարության տակ ստորագրել են Հայաստանի Սպառողների ասոցիացիան, «Աքիլես» ԱԻՊԿ հ/կ-ն, «Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության» հ/կ-ն, «Էկոլոգիական հասարակական դաշինքը» եւ «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը: