Ասում է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով ստորաբաժանման ղեկավար, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը
– 2010թ. համեմատ` 2011թ. անչափահասների շրջանում հանցագործությունների թվի նվազում էր նկատվել: Ինչպիսի՞ն է պատկերն այս տարի:
– Այսօրվա դրությամբ դեռեւս ունեմ նախորդ 4 ամիսների ամփոփ տվյալները, որոնց համաձայն` գրանցվել է 105 արձանագրված հանցագործության դեպք` նախորդ տարվա 137-ի դիմաց: Այսինքն` ունենք 32 դեպքի նվազում` նախորդ 4 ամիսներին:
– Որպես կանոն` անչափահասների շրջանում հիմնականում տարածվել են գողությունները, մարմնական վնասվածքներ հասցնելը: Այս տարի հանցատեսակների միտումներն ինչպիսի՞ն են:
– Իրավիճակն առանձնապես չի տարբերվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Որպես հանցատեսակներ` կրկին առաջին տեղում են գողությունները, երկրորդ տեղում` մարմնական վնասվածքները, որտեղ, ի դեպ, նկատվում է որոշակի նվազում: Նվազել են ծանր վնասվածքներ հասցնելու դեպքերը: Փառք Աստծո, նախորդ 4 ամիսներին չի արձանագրվել սպանության դեպք: Փոքր տոկոս են կազմում կողոպուտները: Այլ կերպ ասած` անչափահասների շրջանում հանցագործությունների 70 տոկոսը կազմում են գողությունները:
– Հոգեբանների խոսքով` անչափահասների շրջանում հանցագործությունների հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է: Ինքներդ ինչպե՞ս կդիտարկեք դա:
– Կարծում եմ` սոցիալական պատճառը չէ, եւ չեմ ասում, թե գողություն կատարողներն ապահովված ընտանիքների երեխաներ են, կամ` հակառակը: Տվյալ պարագայում խոսքն ընտանեկան դաստիարակության խնդրի, անուշադրության մատնված, հսկողությունից դուրս մնացած անչափահասի մասին է: Այս տարվա հունվարին ՀՀ ոստիկանության պետը` Վլադիմիր Գասպարյանը, անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցներին հավաքեց եւ ուղիղ հանձնարարականներ տվեց մեզ: Հունվարի 18-ից մինչ օրս` յուրաքանչյուր անչափահասի խնդրի նկատմամբ անմիջապես հսկողություն է սահմանվում Ոստիկանության ղեկավարության կողմից: Այսինքն` անչափահասների խնդիրներին առանձնակի ուշադրություն է դարձվում: Ոստիկանապետը հրահանգեց նաեւ, որ մեր անմիջական աշխատանքները ծավալենք դպրոցներում, կրթական հաստատություններում: Ընդ որում` Ոստիկանության պետի հրահանիգով` մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն անչափահասները, այլեւ երիտասարդները: Նշյալ ժամանակաշրջանում գրոհային միջոցառումներ իրականացրեցինք դպրոցներում, որը նվիրված է Հայոց բանակի 20-ամյակին:
– Իսկ չե՞ք կարծում, որ ոստիկանի ներկայությունը դպրոցում կարող է հակառակ ռեակցիան ստեղծել երեխաների շրջանում:
– Ես կարող եմ փաստել, որ ոստիկանի կերպարը բավական փոխվել է, այսինքն` վիճակը նույնը չէ, ինչ տարիներ առաջ էր: Չնայած բոլոր ժամանակներում հրաման եղել էր, որ ոստիկանը պետք է դպրոցներ մտնի, զրույցներ ունենա անչափահասների շրջանում, բայց նման քանակությամբ այցեր, ինչպես այսօր է` չի եղել: Ինքս եղել եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում, բացառությամբ Սյունիքի մարզի դպրոցներից, որտեղ առաջիկայում կայցելենք: Իհարկե, ոստիկանի կերպարի ընկալումը դեռեւս հիմնովին չի փոխվել, բայցեւ իրավիճակը խիստ փոխվել է, եւ ոստիկան-հասարակություն կապն ավելի քան ամրապնդվում է: Ինքս կարող եմ համեմատական անցկացնել տարիներ առաջվա եւ այսօրվա պատկերի միջեւ: Հիմա, կարծես, ավելի բարեկամական են ընդունում, որովհետեւ ոստիկաններին սկսում են ճանաչել նաեւ որպես մարդու:
– Իսկ ինչո՞ւ Ձեր նշած պատկերը չունեինք տարիներ առաջ:
– Գործոնները շատ են. Ոստիկանության ղեկավարության պահանջը, հանձնարարականները: Ամեն դեպքում անչափահասների գործերով ստորաբաժանումը 1918թ.` Միլիցիայի ստեղծման ժամանակներից, տարբեր անվանումներով, բայց մշտապես գործել է, որովհետեւ Ոստիկանությունում կարեւորվում է անչափահասի խնդիրը: Ամեն դեպքում երեխան պետք է պաշտպանված լինի, բռնության չենթարկվի, եւ մենք պետք է ստեղծենք այդ ապահով միջավայրը նրանց համար:
– Տիկին Դուրյան, ամիսներ առաջ Երեւանի մանկական «Լունա Պարկում» տեղի ունեցած աղմուկից հետո, երբ խոսվում էր անչափահաս երեխաների մարմնավաճառության, «տելեպուզիկ» մուլտ հերոսներին, մեղմ ասած` շահագործելու մասին, Ոստիկանության աշխատանքների հետեւանքով, այդ երեխաները, կարծես, ընդհատակ անցան: Սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ. երեւանյան փողոցներում այսօր էլ հանդիպում ենք նման դեպքերի: Ոստիկանությունը որեւէ դեպք գրանցե՞լ է այդ ուղղությամբ:
– Երբ մեր տեսադաշտում հայտնվում է անչափահաս, մենք հետաքրքրվում ենք նրանով: Նախեւառաջ, եթե անչափահասների աշխատանքը համընկնում է դասաժամերի հետ, մենք պարտադիր նրանց տանում ենք ոստիկանական բաժանմունք` պարզելու նրանց անձը, դպրոց հաճախելը, թե ի՞նչ աշխատանք են կատարում, արդյո՞ք դա օրենքի շրջանակներում է, թե՞ ոչ: Այո՛, ունենում ենք դեպքեր, երբ երեխաներն աշխատում են` թեթեւ ֆիզիկական աշխատանք են կատարում, ինչպես ծաղիկներ վաճառելը կամ Ձեր նշած մուլտհերոսների զգեստներով աշխատանքը: Նրանց տարիքը 16-17 տարեկան է, եւ նրանք կարող ենք որոշակի աշխատանք կատարել` իրենց ընտանիքների համար գումար վաստակելու նպատակով, բայց դա, անշուշտ, պետք է չլինի դասերի հաշվին: Որպես Ոստիկանության աշխատակից` մեզ հետաքրքրում է` արդյո՞ք թրաֆիքինգի դեպք կա, թե՞ ոչ: Եթե նման դեպք է հայտնաբերվում մեզ մոտ, անկախ այն հանգամանքից, թե ով է թրաֆիքինգի ենթարկողը` ծնո՞ղը, թե՞ մեկ այլ անձ, ենթարկվում են քրեական պատասխանատվության:
– Իսկ քանի՞ քրեական գործ է հարուցվել:
– Այս տարի մենք ունեցել ենք մուրացկանության մեկ դեպք: Գիտեք, շատ դեպքերում հիմնականում ծնողներն են խրախուսում երեխաներին մուրացկանությամբ զբաղվել: Ամեն դեպքում մուրացիկների քանակը համեմատաբար նվազել է, եւ մենք անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղությամբ: Տվյալ պարագայում կարեւոր է նաեւ հասարակության ուշադրությունը, այսինքն` սոցիալական ինստիտուտի ներգրավումը, սոցիալական աշխատողների մասնակցությունը, քանի որ մուրացկանությունը, ի վերջո, սոցիալական ծագում ունեցող խնդիր է: Առաջին օրվանից Ոստիկանությունն է ձեռնամուխ եղել այդ խնդրի լուծմանը, որովհետեւ մենք գիտակցում ենք այդ խնդրի վտանգը: Մենք միշտ աշխատել, աշխատում եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ: Մյուս կողմից` ազգաբնակչությունն էլ պետք է անտարբեր չլինի, նման դեպքերի հանդիպելիս` ահազանգի Ոստիկանություն: Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ Ոստիկանություն ահազանգեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանից մի կին, եւ տվյալներ հաղորդեց մի ընտանիքի մասին, եւ այս պահին ոստիկաններն աշխատում են այդ ընտանիքի հետ: Մեր հասարակության ուշադրության դեպքում կարող ենք մուրացկանության խնդիրը հասցնել նվազագույնի:
– Շատ հաճախ, երբ ինքս էլ զրուցում եմ մուրացիկ երեխաների հետ` չներկայանալով որպես լրագրող, նրանք անհավանական պատմություններ են պատմում, թե ինչպես են, օրինակ, Ոստիկանության աշխատակցին գումար տալիս: Եվ ընդհանրապես այս խոսակցությունները բավական շատ են հասարակության շրջանում: Որեւէ ոստիկան պատժվե՞լ է նման արարքի համար:
– Չեմ սիրում խոսել շրջանառվող խոսակցություններով, եւ նշյալ խոսակցությունները պետք է ստուգվեն, որպեսզի փաստ դառնան: Եթե նշեք, թե ո՞ր երեխան է, խոստանում եմ, իմ ղեկավարությանը կզեկուցեմ, եւ կպարզենք` նման երեւույթ կա՞, թե՞ ոչ, նման ոստիկան կա՞, թե՞ ոչ: Ես ուղղակի չեմ ուզում հավատալ դրան: Եթե նման ոստիկան հայտնաբերվեց, ապա մեր ղեկավարության կողմից ամենախիստ ձեւով հետեւություններ կարվեն: Ես, իսկապես, կցանկանայի իմանալ, թե ո՞վ է այդ երեխան: Ինչո՞ւ չպարզենք այդ խնդիրը: Մենք բազմաթիվ լծակներ ունենք այդ երեխաների հետ աշխատելու: Նրան որեւէ վնաս չի հասցվի: Եվ չմտածեք, թե ինքս ուզում եմ որեւէ բան շտկել, կոծկել: Եթե կա վատ բան, ապա ամեն ինչ պետք է արվի այն վերացնելու համար: Դա մեր սկզբունքն է: Որպես անչափահասների հետ աշխատող, որպես փորձագետ` կարող եմ ասել, որ երեխաների հետ աշխատելը շատ բարդ է, եւ շատ դեպքերում երեխաները ստում են անցորդներին: Շատերն են ճանաչում երեւանյան փողոցներում նկարներ վաճառող երեք եղբայրներին, ովքեր իրականում շատ լավ ընտանիքի երեխաներ են: Մենք բոլոր լծակներն օգտագործել ենք այդ երեխաների հետ աշխատելու` նույնիսկ համոզում էինք գեղարվեստի դպրոց տանել:
– Վերջին շրջանում ինքնասպանությունների դեպքերի աճ է նկատվում նաեւ անչափահասների շրջանում: Որո՞նք են դրդապատճառները: Ինքնասպանությունների քանի՞ տոկոսն է կատարվում աղանդների հողի վրա կամ էմո-ների շարժման մասնակցությամբ:
– Նախ նշեմ, որ մենք գոհ ենք այնքանով, որ գոնե կարողացանք տեղեկացնել ծնողներին էմո-ների գոյության մասին: Ինքնասպանության դեպքերի թվային ցուցանիշը նվազում է: Իսկ ինքնասպանության դիմողների մեծ մասը, փառք Աստծո, ողջ է մնում, որովհետեւ մեծ մասը դեղորայք օգտագործելիս է լինում: Իսկ դրդապատճառներն ի հայտ են գալիս քննության ընթացքում, որոնք չունեմ իմ ձեռքի տակ: Ես ուղղակի կցանկանայի, որ լրագրողները զգույշ լինեն ինքնասպանությունների մասին գրելիս: Կարծում եմ` ինքնասպանությունների մասին խոսելն օգտակար չէ մեր երեխաների համար, որոնց ճակատագրի հետ երբեմն պարզապես խաղում ենք: Հատկապես երեխայի դեռահասության փուլում պետք է առավել քան ուշադիր լինենք: Այդ դեպքում` հետագայում էլ խնդիրներ չենք ունենա: