Կինո Մոսկվան՝ կենդանի պատմություն

14/06/2012

«Մեդիամաքսի» «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» կինո Մոսկվան է: Այո, հենց այդպես` կինո Մոսկվա եւ ոչ թե «Մոսկվա» կինոթատրոն. հարազատներին պաշտոնական ձեւով չեն դիմում: Այն վայրը, որտեղ գտնվում է Կինո Մոսկվան, հետաքրքիր պատմություն ու ճակատագիր ունի: Ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին, ռուսական եկեղեցին ու մզկիթը: Այսօր նրանք չկան` որքան էլ Ալեքսանդր Թամանյանը պնդեց, որ Պողոս-Պետրոս եկեղեցին պետք է պահպանվի, խորհրդային իշխանությունն անդրդվելի էր: 2 տարի առաջ Հայ Առաքելական եկեղեցին որոշեց վերակերտել Պողոս-Պետրոսը, սակայն պարզվեց, որ դա պետք է արվի Կինո Մոսկվայի Ամառային դահլիճի հաշվին: Երիտասարդությունն ըմբոստացավ ու կարծես հաղթանակ տարավ` ամառային դահլիճը քանդելու մասին այլեւս չեն խոսում:

Համլետ Խաչատրյան. «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը եղել է ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող մի վայր: Այժմյան «Ալեն Էլեն» ակումբի տեղում դամբարան էր, «Մոսկվա» կինոթատրոնի տեղում` Պողոս-Պետրոս եկեղեցին, Նկարիչների Միության տեղում մզկիթ էր, կողքը` բնակելի տներ, որտեղ պարսիկներ էին բնակվում, իսկ Ստանիսլավսկու թատրոնի տեղում ռուսական եկեղեցի էր: Կինոթատրոնի առջեւ դրված էր Խաչատուր Աբովյանի արձանը, որի հեղինակն է ֆրանսահայ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը: Հետագայում արձանը տեղափոխեցին Խ. Աբովյանի տուն-թանգարան:

Կարո Ղաֆադարյանի «Երեւան. միջնադարյան հուշարձաններ» գրքից. Նախկինում այդ թաղամասը, որտեղ կառուցվել էր Պողոս-Պետրոս եկեղեցին, կոչվում էր «Շհար»: Եկեղեցին կառուցվել էր 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի տեղում, թեեւ հայտնի չէր, թե այդ կառուցումը երբ է տեղի ունեցել: Պատերին կային նորոգությանը վերաբերող երկու արձանագրություն, մեկը` 1778, եւ մյուսը` 1811 թվականների: Տաճարի արտաքին տեսքը անհրապույր էր: Պատերը, թեեւ շարված էին մաքուր տաշած քարերով, ներսից էլ, դրսից էլ, բայց ճարտարապետական որեւէ գեղեցկություն չունեին: Պողոս-Պետրոս եկեղեցու ներսում ի հայտ են եկել տարբեր ժամանակներում նկարված վեց շերտ նկարներ: Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերին` Պողոս եւ Պետրոս առաքյալների դեմքերն են: Եկեղեցու որմնանկարները խնամքով, շերտ առ շերտ տեղից հանվեցին մասնագետների կողմից եւ այժմ պահվում են Հայաստանի թանգարաններում` Պետական պատկերասրահում եւ Հայաստանի պետական թանգարանում:

Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային երկաթյա երկփեղկ դուռը նախկինում պատկանել էր Հին Բայազետի բերդին եւ այնտեղից բերվել էր 1835թ.:

Երեւանի պատմության թանգարանի հնագիտության եւ միջնադարյան պատմության բաժնի պետ Անժելա Տերյան. Եկեղեցին քանդել են 30-ական թվականներին: Ճարտարապետները ջանքեր էին գործադրում եկեղեցին պահպանելու ուղղությամբ: Սակայն երկարատեւ պայքարից հետո շենքը քանդեցին: Քանդելուց հետո սվաղի տակ որմնանկարներ հայտնաբերվեցին: Պողոս-Պետրոս եկեղեցին եղել է իր ժամանակաշրջանի ամենահին եկեղեցին: Պահպանված եւ փրկված որմնանկարներից մեկում պատկերված է առաքյալներից մեկը, սակայն մինչ օրս չեն կարող ասել, դա Պողո՞սն է, թե՞ Պետրոսը: Այժմ եկեղեցու մետաղյա դուռը եւ երկու որմնանկարներ պահվում են Երեւանի պատմության թանգարանում: Ցավոք, դուռը տեղադրված է թանգարանի բակում, բաց երկնքի տակ, քանի որ ծանրությունը թույլ չի տալիս տեղադրել այն ցուցասրահներից մեկում:

Լրագրող Արտյոմ Երկանյան. Պապս Վլադիմիր Մայակովսկու հետ նույն կուրսում էր սովորում. Տիրան Երկանյանը ծնվել է Կարինում, Ցեղասպանության տարիներին բռնել է գաղթի ճանապարհը: Գաղթի ճանապարհին նա ծանր հիվանդացել է եւ ամբողջ կյանքի ընթացքում լսողության հետ խնդիր է ունեցել: Սովորել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում: Լավ նկարիչ էր, նկարչություն էր դասավանդում Երեւանի կոնյակի գործարանի հիմնադիր, հայտնի Թաիրովի դստերը: Հենց Թաիրովի աղջկա միջնորդությամբ պապս Մոսկվայում կրթությունը շարունակելու հնարավորություն է ստացել: Իր համար հատկացված կրթաթոշակով նա եղբոր հետ մեկնել է արտերկիր` սովորելու: Պապս սովորել է Մոսկվայում, Վլադիմիր Մայակովսկու հետ նույն կուրսում: Ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայում, այնտեղ նախագծել է մեծ թվով շենքեր: Աղասի Խանջյանի կառավարման տարիներին հայ մտավորականներին Հայաստան հրավիրելու գաղափար ծագեց, ու մի շարք ճարտարապետների թվում` Հայաստան տեղափոխվեց նաեւ պապս: Ի դեպ, պապիկիս մեղադրում էին «մոլի» կոնստրուկտիվիստ լինելու մեջ: Հայաստանում նա բազմաթիվ բնակելի շենքերի, կառույցների հեղինակ է: Բայց «Մոսկվա» կինոթատրոնի շենքը նրա ամենահայտնի աշխատանքն է: Հայրս պատմում էր, որ համաքաղաքացիները պապիկիս ներքուստ մեղադրում էին կինոթատրոնը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վայրում կառուցելու համար: Գիտեմ, որ առաջին ֆիլմը, որի ցուցադրությամբ բացվել է կինոթատրոնը, եղել է «Պեպոն»: Տեղյակ եմ նաեւ, որ կինոթատրոնի շենքի բացմանը նվագել է Ցոլակ Վարդազարյանի գլխավորած ջազ-նվագախումբը: Կինո Մոսկվայի շենքը եղել է պապիս ամենասիրած գործերից մեկը: Նա այդ շենքի վրա հաճույքով է աշխատել ու մշտապես այցելում էր կինոթատրոն, որտեղ արդեն ճանաչված դեմք էր: Նախապես որոշվել էր, որ Կինո Մոսկվան պետք է կոչվեր «Հարվածային»` ուդարնիկ կոմունիստիչեսկոգո տրուդա:

Հիշում եմ նաեւ, որ կինոթատրոնի հարեւանությամբ` Աբովյան փողոցի թեւում, գործում էր քաղաքի ամենահայտնի հացաբուլկեղենի խանութը: Դա միակ տեղն էր, որտեղ մարդիկ հերթ էին կանգնում լավ, թարմ հացամթերք գնելու համար:

Լուսանկարիչ Արմեն Խանոյան. Հայրս` Օնիկ Խանոյանը, պատմում էր, որ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը պայթեցնելու ժամանակ այն չի կիսվել, եւ խաչը մնացել է տեղում: Աշխղեկը բարձրացել է, որ խաչը գցի, եւ խաչը գցելուն պես ոտքը սայթաքել է, եւ նա խաչի ետեւից վայր է ընկել: Առաջին ֆիլմը, որը ցուցադրվեց կինոթատրոնում, «Պեպոն» էր: Երբ ֆիլմի վերջում «Քյորօղլին» էր հնչում, ամբողջ դահլիճը սկսում էր դերասանների հետ երգել, իսկ որոշ մարդիկ նույնիսկ դուդուկներով էին գալիս` նվագակցելու համար: Քչերը գիտեն, որ այդ ժամանակվա պրոյեկտորները վառարանով էին աշխատում. երբ հանկարծ ֆիլմի ցուցադրումը կանգնում էր, բոլորը սկսում էին գոռալ` «մի երկու կտոր փայտ ավելացրեք, տեսնենք` կինոն ոնց վերջացավ»: 50-ականներին հնդկական ֆիլմեր էին ցուցադրում, որոնցից ամենահայտնիներն էին` «Բրադյագան»-ն եւ «Գասպադին 420»-ը: Հայրս ու իր ընկերները մի կատակ ունեին: Կինո Մոսկվայի դիմացի մայթին Սպորտկոմիտեի շենքն էր, որի պատին փոստարկղ էր փակցրած: Հայրս ձեւացնում էր, իբր ձեռքերով ամուր պահում է այդ փոստարկղը: Այնուհետեւ, որեւէ միամիտ անցորդ էր կանգնեցնում, եւ խնդրում էր, որ արկղը «պինդ բռնի», «հանկարծ չընկնի», մինչեւ ինքը գնա մեխերի հետեւից: Արագ վազում էր կինոթատրոնի պատշգամբ եւ ընկերների հետ այնտեղից հետեւում էր արկղ պահողին: Սովորաբար անցորդներն արկղը բռնած կանգնում էին 10-15 րոպե, այնուհետեւ զայրացած ձեռքերը բաց էին թողնում եւ տեսնում, որ արկղը իրականում շատ ամուր փակցված է պատին: Հայրս նաեւ համագործակցում էր Կինո Մոսկվայի հետ` ֆիլմի ժապավեններից կադրեր էր ընտրում, լուսանկարի տեսքով տպում եւ վաճառում: ԽՍՀՄ-ի ծանրամարտի չեմպիոն Սերգո Համբարձումյանն ուներ «Մոսկվա» կինոթատրոնի «մշտական» տոմս` 2 անձի համար: Առաջին ֆիլմը, որը դիտել եմ «Մոսկվա» կինոթատրոնում, «Գիքորն» էր` Հրաչյա Ներսիսյանի մասնակցությամբ: Դասարանով էինք գնացել եւ այնքան էինք հուզվել, որ այդ օրը` դասատուի թույլտվությամբ, այլեւս ոչ մի դաս չարեցինք: Փոքր դահլիճ կար, որտեղ մուլտֆիլմեր էին ցուցադրում: Դասերից փախչում էինք, որ գնանք կինո կամ մուլտֆիլմ դիտելու: Տոմսարկղում աշխատում էր Անիկ տյոտյան, որին 10 կոպեկ ավել վճարելով` առանց հերթ տոմս էինք գնում: Կինո Մոսկվան լավ բուֆետ ուներ, որտեղ սկսեցին վաճառել քաղաքի առաջին լցնովի պաղպաղակը, որն արժեր 15 կոպեկ: Շատ էինք սիրում նաեւ երշիկով բուտերբրոդները` 3 կոպեկանոց հացի մեջ մի կտոր երշիկ դրված. այդ հաճույքը նույնպես արժեր 15 կոպեկ: … Եթե ուզում էիր տեսնել անվանի մարդկանց, կարող էիր երեկոյան դուրս գալ Աբովյան փողոց եւ քայլել դեպի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակ: Կհանդիպեիր Խորեն Աբրահամյանին, Գալյա Նովենցին, Սոս Սարգսյանին, Մհեր Մկրտչյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Մետաքսյա Սիմոնյանին: Ամառային դահլիճում առաջին տեսածս ֆիլմը «Անգլուխ ձիավորն» էր: Բավականին վախենալու էր այդ տարիների համար: Հիշում եմ, երբ Ամառային դահլիճում ցուցադրություններ էին լինում, թաղի երեխաները բարձրանում էին դիմացի շենքի կտուրը եւ այնտեղից դիտում էին ֆիլմը: Իսկ մերձակա շենքի բնակիչներն անգիր գիտեին բոլոր ֆիլմերի տեքստերը: Չեմ պատկերացնում մեր քաղաքն` առանց Կինո Մոսկվայի Ամառային դահլիճի, եւ չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի էր մտածել այն քանդելու մասին: Շատ շնորհակալ եմ մեր երիտասարդությանը` Ամառային դահլիճը պահպանելու պայքարի համար:

Կինոսիրող Գագիկ Պողոսյան. Կինո Մոսկվայի էկրանին առաջին անգամ համբույր տեսանք. 1970-ականների վերջերից մինչեւ 1980-ականների կեսերն ընկերներով հաճախ էինք այցելում Կինո Մոսկվա: Չնայած նրան, որ այդ տարիներին Երեւանի ոչ միայն կենտրոնում, այլեւ ծայրամասային թաղամասերում հայտնի ու սիրված այլ կինոթատրոններ կային, այնուամենայնիվ, «Մոսկվան» առանձնանում էր, քանի որ գտնվում էր քաղաքի սրտում, ու այնտեղ միշտ բարձրորակ ֆիլմեր էին ցուցադրում: Այն երիտասարդ երեւանցիների հանդիպման սիրելի վայրերից էր: Ամռանն անհամբեր սպասում էինք կինոփառատոնային ֆիլմերի ցուցադրությանը Կինո Մոսկվայում: Փառատոնի ֆիլմերը ներկայացվում էին ամբողջությամբ, առանց կրճատումների, գրաքննության: Նման ֆիլմերից էր 1974թ. նկարահանված իտալական «Նյու Յորքի դաժան դեմքը» ֆիլմը: Հենց նման ֆիլմերի ցուցադրության ժամանակ մենք` խորհրդային պետության քաղաքացիներս, մեծ էկրանին առաջին անգամ տեսանք, թե ինչ է համբույրը: Այդ ֆիլմերի ցուցադրության ժամանակ Կինո Մոսկվայի առջեւ մեծ հերթեր էին առաջանում: Մարդիկ ժամերով սպասում էին, որպեսզի գնեին իտալական, ֆրանսիական, լեհական ֆիլմերի տոմսեր, ֆիլմեր, որտեղ ներկայացվում էր Արեւմուտքի կապիտալիստական աշխարհը, կենցաղը, բարքերը: Փառատոնային ֆիլմերի տոմսերը մեր քաղաքացիների շրջանում այնքան մեծ պահանջարկ ունեին, որ դրանք վերավաճառում էին, այն էլ`մի քանի անգամ: Սովորական ֆիլմի տոմսն արժեր 50 կոպեկ կամ 1 ռուբլի, բայց արտասահմանյան ֆիլմերի տոմսերն ավելի թանկ էին, ու «բաց» տեսարանների առկայության պատճառով` մինչ 18 տարեկանների մուտքն արգելված էր: Բախտս բերում էր, քանի որ հաղթանդամ էի, ու իմ իրական տարիքի մասին տոմսավաճառները գլխի չէին ընկնում: Մարդիկ մեծ խանդավառությամբ էին գալիս դիտելու հատկապես Ժան-Պոլ Բելմոնդոյի, Ալեն Դելոնի, Սոֆի Լորենի, Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ ֆիլմերը: Մենք ոչ միայն հիանում էինք արտիստների խաղով, այլեւ ուշադիր հետեւում նրանց հագուստներին, ֆիլմում հնչող երաժշտությանը, հերոսների մեքենաներին: Կարելի է ասել նաեւ, որ այդ թվականներին քաղաքի նորաձեւությունը ստեղծվում էր եւ թելադրվում էր այդ ֆիլմերի միջոցով: Օրինակ, Ալեն Դելոնի մասնակցությամբ մի ֆիլմի դիտումից հետո մեր` տղաներիս շրջանում լայն տարածում գտան կաշվե սեւ կարճ բաճկոնները: Այդ ժամանակ շատ երիտասարդ զույգեր կինո այցելում էին ոչ միայն ֆիլմ դիտելու համար: Մեզ համար հրապուրիչ էր կինոսրահի մտերմիկ մթնոլորտը: Վերջին շարքերի տոմսերը միշտ ամենաշուտն էին սպառվում, ու տոմսարկղի վաճառողներն էլ լավ գլխի էին ընկնում, թե ինչու: Կինո Մոսկվան ռոմանտիկ ժամադրություն ապահովելու արարողակարգի անբաժան մասն էր: Կինո այցելելուց առաջ կամ հետո կարելի էր այցելել Աբովյան-Թումանյան խաչմերուկում գտնվող «Արաքս» սրճարան, կամ նստել կինոթատրոնում գործող սրճարանում, սուրճ խմել, վարդի մուրաբայով կամ մանրացված ընկույզով պաղպաղակ ուտել:

Կինոգետ Դավիթ Մուրադյան. 1960-70թթ. «Մոսկվա» կինոթատրոնը սոսկ կինոթատրոն չէր, այլ երեւանյան` հատկապես իրիկնային կյանքի յուրահատուկ հասցեներից մեկը: Մարդիկ չէին գնում պարզապես կինո դիտելու, նրանք գնում էին այլ կյանք տեսնելու: «Մոսկվա» կինոթատրոնը ժողովրդական էր, «Նաիրիին»` ավելի էլիտար: Այն ժամանակվա երեւանցին, առանց «Մոսկվա» կինոթատրոնի հետ սիրավեպի, իսկական երեւանցի չէր: Երեկոյան կինոդիտումներին մարդիկ մշտապես լավագույն, տոնական զգեստներն էին կրում, կարծես պատրաստվում էին օպերա գնալ: Այդ տոնական մթնոլորտի պատճառներից մեկն այն էր, որ կինոթատրոնում նվագախումբ էր գործում: Երկրորդ հարկի նախասրահում` երեկոյան կինոդիտումներից առաջ, ջազ նվագախումբ էր նվագում: Հաճախ նրանց միանում էին երգիչ-երգչուհիներ: Այս համերգը կինոյի տոմսի արժեքի մեջ էր մտնում, իսկ այն շատ մատչելի էր:

Երաժշտություն, կինո, ջազ, երգ… այդ ամենը միասին յուրահատուկ հմայք էր հաղորդում կինոթատրոնին, եւ այն դարձել էր սիրահար զույգերի սիրելի վայրը: Անհարմար էր, եթե որեւէ նոր ֆիլմ չէիր տեսել, որովհետեւ այդ մասին խոսում էին աշխատավայրերում, ուսումնական հաստատություններում, նույնիսկ հասարակական տրանսպորտում: 1960-ական թվականների վերջում այստեղ ցուցադրեցին Կլոդ Լելուշի «Տղամարդն ու կինը» ֆիլմը: Լոլիտա Տորեսի ֆիլմերն էին ցուցադրում, այն ժամանակվա գեղեցկուհիներից էր, հայ պատանիները նրան նամակներ էին գրում: Մարդիկ շատ սիրեցին «Ֆանտոմասը»: Հիշում եմ, Սիդնի Փոլաքի «Հալածված ձիերին սպանում են» ֆիլմն առաջին անգամ հենց «Մոսկվա» կինոթատրոնում դիտեցինք: Ցնցող տպավորություն ստացա Եժի Կավալերովիչի «Փարավոնը» ֆիլմից: Երեւանցիների վրա մեծ ազդեցություն էր թողել «Հրաշալի յոթնյակը» ֆիլմի ցուցադրությունը: Մի քանի անգամ այդ ֆիլմը դիտելուց հետո երիտասարդները բակերում խաղում էին` մարմնավորելով հերոսներին: Խորհրդային Միությունում բացօթյա սրճարանների կուլտուրան մեզ մոտ է ծնվել: Նկարիչների միության հարեւանությամբ, «Երեւան»` այժմյան «Golden Tulip», հյուրանոցի ռեստորանի դիմաց բացօթյա սրճարաններից մեկն էր: Այնտեղ հավաքվում էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Լեւոն Ներսիսյանը: Շատ հայտնի էր կինոթատրոնի դիմացի թերթի կրպակը: Դա շարքային կրպակ չէր` Երեւանի երկու ամենամեծ կրպակներից էր, որտեղից կարելի էր գնել արտասահմանյան, թեեւ կոմունիստական թերթեր: Օրինակ` ֆրանսիական «Humanite»-ն, իտալական «Unita»-ն, նաեւ սփյուռքահայ թերթեր, օրինակ` Արգենտինայում հրատարակվող «Սեւան» թերթը: Տեսել եմ Կոստան Զարյանին` այդ սրճարանում նստած թերթ կարդալիս:

Կինոգետ Միքայել Ստամբոլցյան. 1942թ. ընդամենը 3 տարեկան էի, բայց հիշում եմ առաջին այցելությունս «Մոսկվա» կինոթատրոն. քեռուս հետ էի գնացել, ով ավելի ուշ, նույն թվականին զոհվեց: Առաջին ֆիլմից հիշում եմ ինքնաթիռ, որն անցնում է կամրջի տակով, իսկ էկրանին գծեր էին, ինձ էլ թվում էր, թե անձրեւ է: Տարիներ անց իմացա, որ դա «Վալերի Չկալով» ֆիլմն էր: «Մոսկվա» կինոթատրոնի հետ է կապված նաեւ իմ առաջին շփումը միլիցիայի հետ: Կինոթատրոնի ձախ կողմում հացի խանութ կար, երեկոյան պապիկս ուղարկեց ինձ հաց գնելու: «Մոսկվայի» հրապարակում միշտ հանդիպում էի ընկերներիս, պայմանական սուլոցով ողջունում էինք միմյանց: Այդ օրն էլ սուլեցի, իսկ միլիցիոները ինձ բռնեց ու տարավ կինոթատրոնի առաջին հարկի ներսում գտնվող բաժանմունքը: Հետո եկավ սիրահարվածության շրջանը: Կինոթատրոնում էինք ժամադրվում ու, բնականաբար, տեղեր վերցնում վերջին կարգում: Աբովյանի արձանի ետեւում մզկիթն էր, որը ցուցահանդեսային սրահի էր վերածվել: 1950-ական թվականներին` երկար ընդմիջումից հետո, ներկայացվեց Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը, որն առաջին անգամ հենց այնտեղ տեսա: Այնտեղ էին կազմակերպվում նաեւ մարզական մրցույթներ, օրինակ` սեղանի թենիսի առաջնությունը:

Կինոգետ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյան. 1950-ականներին կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի ցանկը համեստ էր` հնդկական ֆիլմեր էին ցուցադրում, ավելի քիչ` եվրոպական եւ մի քանի ամերիկյան ֆիլմեր: … Կինոթատրոնի առաջին հարկում կարճամետրաժ ֆիլմերի դահլիճ կար, այժմ այն տեղափոխել են երկրորդ հարկ: Ամառային դահլիճի փոխարեն` նախկինում կրկին բացօթյա դահլիճ էր: Ավելի համեստ, փայտե շինություն էր: Կարծում եմ, ներկայիս դահլիճը քանդելը պարզապես հանցագործություն կլինի: Ընդհանրապես, կինոթատրոնը միայն շենքը չէ, այլեւ միջավայրը, որտեղ մարդիկ ճանաչում են միմյանց կինոյի միջոցով: Ուրախալի է, որ այժմ «Մոսկվա» կինոթատրոնը` փառատոներ, հանդիպումներ, քննարկումներ անցկացնելով, վերականգնում է այդ ավանդույթը:

Ճարտարապետ Սեւադա Պետրոսյան. Կինո Մոսկվայի Ամառային դահլիճը հայկական ժամանակակից ճարտարապետության եզակի օրինակներից է եւ ունի նաեւ պատմական նշանակություն. 1960-ական թվականների կարծր միջավայրում ստեղծվեց ժամանակակից, անգամ` հեղափոխական կառույց: Դահլիճն ամբողջությամբ կառուցվել է մոնոլիտ բետոնից, երեսպատում չունի, այսինքն` չի թաքցնում իր շինանյութը, ինչը շատ նորարար էր այդ տարիների համար: 2010թ. փետրվարի 25-ին համացանցից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճը հանվել է պահպանվող հուշարձանների ցուցակից, եւ այդ տարածքը տրամադրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը մտադիր է այնտեղ կառուցել Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համարժեք եկեղեցի: Մի քանի օրվա մեջ ձեւավորվեց մոտ 10 հոգուց բաղկացած քաղաքացիական նախաձեռնություն: Մարտի սկզբին նամակով դիմեցինք վարչապետին, կաթողիկոսին, մշակույթի նախարարին` պահանջելով, որ կասեցնեն այդ որոշումը: Ըստ օրենքի, մինչ նմանատիպ որոշում կայացնելը հարկավոր էր փորձագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպել, որի ընթացքում կտրվեր մասնագիտական եզրակացություն: Հետագայում եղավ մշակույթի նախարարի նամակը վարչապետին, որում Հասմիկ Պողոսյանը գրում էր, որ համաձայն չէ այս որոշման հետ: Սակայն կառավարությունը ուշադրություն չդարձրեց անգամ Մշակույթի նախարարության փորձագիտական կարծիքին:

Որոշումը կասեցնելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնեցինք: Ակնկալում էինք մեկ շաբաթվա ընթացքում հավաքել մոտ 10.000 ստորագրություն: Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները` հավաքվեց շուրջ 24.000 ստորագրություն: «Facebook»-ում էջ ստեղծվեց, որին տասը օրվա մեջ միացան 7000 օգտատերեր: Կինոթատրոնի ղեկավարության դիրքորոշումն այս հարցում շատ պարզ էր. իրենք ասում էին, որ Ամառային դահլիճի շահագործումը տնտեսապես ձեռնտու չէ, եւ նրանք այդ տարածքը, որպես նվիրատվություն, փոխանցում են Էջմիածնին: Սակայն, օրենքի համաձայն, եթե սեփականություն հանդիսացող կառույցը հուշարձան է, ապա սեփականատերը պարտավոր է պահպանել այն: Դիմեցինք նաեւ Հանրային խորհրդին, որի չորս հանձնաժողովները բացասական կարծիք հայտնեցին, սակայն դա էլ անտեսվեց կառավարության կողմից: Այսօրվա դրությամբ կառավարության որոշումը մնում է ուժի մեջ, չնայած, որ նախագիծը կասեցված է: Մեր տեղեկությունների համաձայն, կասեցվել է նաեւ անշարժ գույքի փոխանցումը Սուրբ Էջմիածնին: Ամեն դեպքում մեր նախաձեռնությունը մտադիր է կրկին բարձրացնել այս հարցը եւ կրկին դիմել կառավարություն: Մեր պայքարը չի ավարտվել. պահանջում ենք, որ Ամառային դահլիճը կրկին ընդգրկվի պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ:

Ճարտարապետ Ալբերտ Զուրաբյան. 1967-ից, 25 տարի շարունակ աշխատել եմ Սպարտակ Կնդեղցյանի հետ` ծանոթացել էինք դիպլոմային աշխատանքիս պաշտպանության ժամանակ:

1960-ական թվականներին Հայաստանը քաղաքաշինական առումով շատ կոնսերվատիվ էր, եւ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի կառուցումը մեծ արձագանք ստացավ` մեր քաղաքում կառուցվեց մի մոդեռն կառույց: Տեղանքի առումով դա բավականին բարդ տեղ էր: Այդ կառույցը հենց իրենով նորարարություն էր: Տարիների ընթացքում Ս. Կնդեղցյանը ներկայացրել էր դահլիճի վերակառուցման մի քանի նախագծեր: Ճարտարապետը առաջարկում էր նաեւ ծածկով փակել դահլիճը: Սակայն այդ նախագծերից ոչ մեկը չընդունվեց, այդ թվում` ֆինանսական խնդիրների պատճառով:

«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյան. Այստեղ աշխատում եմ 1991-ից: Այդ ժամանակ դեռեւս հին կոլեկտիվը կար` ոչ ոք աշխատանքից չազատվեց, պարզապես աստիճանաբար սերնդափոխություն տեղի ունեցավ: Այդ տարիներին տոմսերի արժեքը կազմում էր 50 կոպեկ, ապա` 75, իսկ ավելի ուշ դարձավ 1 ռուբլի: Վերջին տարիների գներն են` առավոտյան ցուցադրումների համար` 500 դրամ, ցերեկը` 1000 դրամ, երեկոյան` 1500 դրամ: Վերջերս նաեւ ավելացել է 2000 դրամ արժողությամբ տոմս` 3D-ֆիլմերի դիտման համար: Սովետական տարիներին ֆիլմերի ընտրությունը կինոթատրոնի տնօրինության իրավասության տակ չէր: ԽՍՀՄ-ի Կինոկոմիտեն որոշում էր, թե ինչ քանակությամբ ֆիլմերի օրինակներ ուղարկել հանրապետություններ: Կար նաեւ հանրապետական Կինոկոմիտե, որտեղ կար «ռեպերտուարների վարչություն». այն պլանավորում էր հանրապետության տարածքում գտնվող կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի հաջորդականությունը: Հիմա համագործակցում ենք մի շարք մասնավոր վարձութային կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ թարմացվում է ֆիլմացանկը, որը կազմվում է` ըստ ֆիլմերի արդիականության եւ համապատասխանեցվում է մեր ֆինանսական միջոցներին: Վերջին տարիներին նաեւ ավանդական է դարձել հայկական ֆիլմերի պրեմիերաների ցուցադրումը: Ի դեպ, սովետական տարիներին «Հայֆիլմի» գրեթե բոլոր պրեմիերաները կայանում էին «Մոսկվա» կինոթատրոնում: Այժմ ունենք 3 կինոսրահ, իսկ մինչեւ այս տարվա «Ոսկե Ծիրան» փառատոնի մեկնարկը պատրաստ կլինի նաեւ չորրորդ` 50 հոգու համար նախատեսված սրահը: Նախկինում «Կարմիր» եւ «Կապույտ» սրահներում եղել է 800-ական նստատեղ: Վերանորոգման աշխատանքների ընթացքում «Կարմիր» սրահի նստատեղերի քանակը դարձավ 350, «Կապույտինը»` մոտ 500: Քանի որ այժմ մշտական «անշլագներ» չենք ունենում, գերադասեցինք, որ նստատեղերը ավելի լայն եւ հարմարավետ լինեն: Կինոթատրոնը սեփականաշնորհելուց հետո այն ընդամենը 1 տարով փակվեց վերանորոգման եւ 2000թ. սեպտեմբերին կրկին բացեց իր դռները: «Հին» Կինո Մոսկվայում վերջին ցուցադրված ֆիլմը «Տիտանիկն» էր: Իսկ վերաբացումից հետո առաջին ֆիլմը, որը ցուցադրվեց վերանորոգված եւ նոր տեխնիկայով հագեցած «Կարմիր» սրահում` «Գլադիատորն» էր: Ինչ վերաբերում է մեր «ցավոտ տեղին»` Ամառային դահլիճին, ապա այն ոչ մի խնդիր չունի, կարող ենք հենց վաղը սկսել ցուցադրությունները: Արդեն հանձնարարել եմ, որ դահլիճը պատրաստեն «Ոսկե Ծիրան» փառատոնի համար: Այս պահին խնդիրը Հայաստանում վերջին տարիներին արձանագրվող կլիմայի փոփոխությունն է: Գրեթե ամեն օր կարճատեւ անձրեւ է տեւում, նման պայմաններում բաց կինոթատրոնի գործունեությունը դժվարանում է: Սակայն` ելնելով հասարակության ցանկությունից, որոշել ենք մի նախագիծ մշակել, ըստ որի` Ամառային դահլիճը կունենա շարժական ծածկոց, որպեսզի եղանակային պայմանները խնդիր չառաջացնեն թե մեր, եւ թե կինոդիտողների համար: Դա բավականին ծախսատար է, բայց հուսով եմ` այդ հարցը կլուծվի: Թող տպավորություն չստեղծվի, որ մենք չենք ուզում այն աշխատեցնել: Ամառային դահլիճի տեխնոլոգիաներն առայժմ հին են, սակայն շուտով այնտեղ նույնպես կտեղադրվի թվային տեխնիկա:

«Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյան. Կինո Մոսկվայի հետ կապված մի քանի հուշեր ունեմ` տարբեր ժամանակաշրջաններից, ու բոլորն էլ թանկ են ինձ համար: Երբ երեխա էի, ինձ շատ էր հրապուրում Կինո Մոսկվայի հացի խանութը: Տատիկս ապրում է Նալբանդյան/Թումանյան խաչմերուկում, այնպես որ` այս տարածքում հաճախ էի լինում: Ինձ համար այդ հացի խանութը ինչ-որ մի մոգական ուժ ուներ: Միշտ թվում էր, որ այդտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ են տեղի ունենում, քան «մեր» հացի խանութում` Բաղրամյան/Մոսկովյան խաչմերուկում: Կինո Մոսկվայի հացի խանութն ինձ ձգում էր, ու երբ լինում էի մոտակայքում, միշտ մտնում էի այնտեղ: Մինչ օրս այդ խանութի ձգողական ուժը զգում եմ, չնայած այն վաղուց չկա եւ փոխարինվել է «Ինեկոբանկի» գրասենյակով, Franck Muller եւ Girotti խանութներով: Մի օր դպրոցական ընկերներով կինո էինք գնացել, ու ավարտից հետո որոշեցինք առաջին հարկի ապարատների վրա մի քիչ խաղալ: Ինձ բաժին հասավ «ամենաանհույս» ատրակցիոնը, որի երեք «մատ» ունեցող «ձեռքով» պետք է փորձեիր որեւէ բան որսալ ապարատի հատակից: Եվ ի՞նչ եք կարծում: Առաջին իսկ փորձից որսացի, այն էլ ինչ` բարակ ու շատ դժվար բռնվող գերմանական կանացի «դեզոդոր»: Կարծում եմ, ես առաջին ու վերջին մարդն էի, ով այդ ապարատով նման դժվար մրցանակ էր որսացել: Շատ հպարտ եկա տուն ու այդ «դեզոդորը» նվիրեցի մամային: 1989-1990թթ. Կինո Մոսկվայում սկսեցին ավելի հաճախ «մինչեւ 16 տարեկան» ֆիլմեր ցուցադրել: Դասից հաճախ փախչում, գնում էինք կինո: Իրականում, ոչ թե 16, այլ 14 տարեկան էինք, սակայն տոմսավաճառները ոչ էլ նայում էին մեր դեմքերին` իրական տարիքը բացահայտելու համար: Բավական տպավորված էինք «Ռիբկա պո իմենի Վանդա» ֆիլմով, որը, չնայած կատակերգություն էր, սակայն որոշակի էրոտիկ տեսարաններ էր պարունակում, որոնցով այսօր ոչ մի դպրոցականի չես զարմացնի: Մի օր էլ գնացինք մի ֆիլմ դիտելու, որի անունն ու սյուժեն չկարողացա հիշել: Եթե չեմ սխալվում, լեհական ֆիլմ էր: Այդ ֆիլմում իսկական սեքս էին ցույց տալիս, իսկ մի դրվագում` նույնիսկ խմբակային սեքսի տեսարան կար: Այդ ֆիլմը դիտելուց հետո ես ու ընկերներս մի քանի օր չէինք կարողանում «ուշքի գալ»: Վերջին հիշողությունս վերաբերում է 2009թ. հոկտեմբերի 2-ին, երբ մեր` «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակում Կինո Մոսկվայի մեծ դահլիճում կազմակերպեցինք երկրպագուների հանդիպումը Իէն Գիլանի, Թոնի Այոմիի ու Ջեֆ Դաունսի հետ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, եկել էին երեք սերունդների ներկայացուցիչներ, բոլորը` պայծառ, բարի ու խանդավառ դեմքերով: Անմոռանալի երեկո էր, հեքիաթի պես մի բան` Heavy metal-ի «կնքահայրը» եւ Jesus Christ Superstar-ի «ձայնը» նստած էին մեր Կինո Մոսկվայի բեմում ու խոսում էին երկրպագուների հետ…

Հ.Գ. «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի ապագային վերաբերող «Մեդիամաքսի» հարցմանը Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է. ««Մոսկվա» կինոթատրոնը սեփականատեր ունի, եւ Ամառային դահլիճի հետ կապված որեւէ ծրագիր քաղաքապետարանում այս պահին չի քննարկվում: Արդեն իսկ ստեղծվել եւ գործում են Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետության, գեղարվեստի եւ ինժեներական հանձնաժողովները, որոնցից նախատեսվում է առաջարկներ ստանալ նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի թեմայով: Ի դեպ, դեռեւս 2010թ. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով Ամառային դահլիճին, առաջարկել էր այն վերածել երիտասարդական կենտրոնի, այնպես որ` այս գաղափարը եւս քննարկելի կարելի է համարել»: