Մշակույթի նախարարության համար ժամանակակից կերպարվեստն ավելորդ ոլորտ է

14/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանյան մշակութային քաղաքականության մեջ (եթե, իհարկե, նման քաղաքականություն գոյություն ունի) ժամանակակից արվեստը շարունակում է ընկալվել որպես լուսանցքային ոլորտ:

Մշակույթի նախարարության ռազմավարությունը ժամանակակից արվեստի տիրույթում նույնքան «թափթփված» եւ անհեռանկարային է, որքան անհույս է առհասարակ մեր մշակութային ժառանգությունն աշխարհին ներկայացնելու խոհեմ քայլերի ակնկալիքը: Մեր տարածաշրջանային երկրները` ղեկավարների մակարդակով, փորձում են աշխարհի հետ կոնտակտ ստեղծել արվեստի միջոցով (առանց խնայելու խոշոր ռեսուրսների ներդրումը) եւ դրան զուգահեռ` ճանապարհ բացելով արվեստի գիտակների ստեղծագործական եւ մտավոր պոտենցիալն աշխարհում ռեալիզացնելու համար: Ժամանակակից արվեստի հանդեպ մեր հարեւան երկրների դիրքորոշումը նաեւ եվրոպական ինտեգրման քաղաքականությունում պատշաճ իմիջ ապահովելու միտում ունի: Եթե հավատալու լինենք Մշակույթի նախարարությանը, ապա այդ գերատեսչության նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը եւ ժամանակակից արվեստի զարգացմանը: Նկատենք, որ հանրահռչակման մեխանիզմներ կամ կոնկրետ հայեցակարգ նույնիսկ մեր երկրի ներսում չունենք: Իսկ ժամանակակից արվեստն արագ զարգացող երկրների ֆոնին գոյատեւում է` շնորհիվ այդ դաշտի նվիրյալների: Ի դեպ, մեզ մոտ արդեն ավանդույթ է, երբ նախարարությունների կայքէջերում զետեղվում են նպատակային կետեր, որոնք, սակայն, այդպես էլ կոնկրետ գործունեության չեն վերածվում: Օրինակ, Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում կարող եք կարդալ հետեւյալ տողը. «Այդ նպատակների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարությունը մշակում է իրավական ակտերի նախագծեր, նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր, իրականացնում է դրանց դիտանցման կազմակերպումը, որտեղ առանցքային տեղ ու դեր է հատկացվում ինչպես օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ստեղծագործական միությունների, մշակութային ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը»: Հավելենք, որ, որպես կանոն, Մշակույթի նախարարությունը թե իր պաշտոնական կայքէջի տեղեկատվությունը, թե մամլո հաղորդագրությունները կառուցում է կոմունիստական բոցաշունչ ոգով, որտեղ, իհարկե, մանրամասնորեն նկարագրվում է, թե նախարարությունն ինչ պետք է անի, մինչդեռ, թե ինչ եւ ինչպես է անում կամ արել` դժվար է ստույգ ինֆորմացիա քաղել: Նախարարության կայքէջը, որը պետք է լիներ այդ ոլորտի տեղեկատվության աղբյուրը, առհասարակ տարիներով չի թարմացվում: Ժամանակակից արվեստի ոլորտի վերաբերյալ նախարարության կայքէջում կարող եք կարդալ հետեւյալը. «Նախարարության «Կերպարվեստի աջակցում եւ խթանում» բյուջետային ծրագրով իրականացվում են հայ վարպետների կերպարվեստի գործերի ներկայացման աջակցություն, ապահովվում է մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, խթանվում է երիտասարդ ներուժի ստեղծագործական գործունեությունը, իսկ պետական պատվերով գրականության հրատարակման ծրագրի շրջանակներում լույս են տեսնում ժամանակակից կերպարվեստը ներկայացնող ալբոմներ»: Որպես նախարարության վերոհիշյալ տեղեկատվության հակափաստարկ, մեջբերենք այս ոլորտում ներկայացված որեւէ ծրագրի իրականացման մոդելը: Նախարարության յուրաքանչյուր բաժին ունի անկախ հանձնաժողովներ, որոնք կազմված են տվյալ ոլորտի մասնագետներից, եւ յուրաքանչյուր նախագծի իրականացման կամ մերժման նախնական պատասխանատվությունը վերապահված է հանձնաժողովներին: Նրանք պարտավոր են Մշակույթի նախարարության բաժիններ ներկայացված նախագծերը քննարկել, ուսումնասիրել եւ դրական կամ բացասական դիրքորոշում հայտնելով` ուղարկել նախարարուհուն, որն էլ իր հերթին` հիմնվելով հանձնաժողովների կարծիքների վրա, մերժման կամ հաստատման որոշում պետք է կայացնի: Ընդ որում, մեր տեղեկություններով` նախարարի հետ նախարարության վարչական աշխատողները շփվում են էլեկտրոնային փաստաթղթային շրջանառության մոդելով: Այսինքն` հազվադեպ է պատահում, երբ նախարարուհին որեւէ նախագծի շուրջ «կենդանի» քննարկման դաշտ է ապահովում: Ինչեւէ, մասնավորապես Կերպարվեստի բաժնի հանձնաժողովի անդամների տվյալներով` այդ հանձնաժողովն ընդհանրապես «գործազուրկ» է, եւ որեւէ նախագծի քննարկմանը ոչ միայն չեն հրավիրվում, այլեւ տեղյակ էլ չեն, թե մշակութային ինչպիսի նախագծեր են կյանքի կոչվում: Ժամանակակից արվեստի, մասնավորապես` կերպարվեստի ոլորտի վերաբերյալ պետական քաղաքականությունն ընդհանրապես բացակայում է: Դրա վկայություններից մեկն էլ իրականացվող ցուցահանդեսների բացումներին նախարարուհու բացակայությունն է, եւ տպավորություն է, թե նախարարը ժամանակակից կերպարվեստն ընկալում է որպես ավելորդ ոլորտ: Արդյունքում` Հայաստանում ժամանակակից արվեստը շարունակում է գոյություն ունենալ անհատների, էնտուզիաստների շնորհիվ, որոնք վաղուց արդեն պետության հովանավորչությունը չեն ակնկալում, իսկ Մշակույթի նախարարությանն ընկալում են` ստեղծագործական միություններին ու միության անդամներին «Ես քեզ` դու ինձ» սկզբունքով սպասարկող կառույցի: Համաշխարհային ժամանակակից արվեստի դաշտում հայ հեղինակներին ճանաչում են այնքանով, որքանով նրանք կարողանում են անձնական նախաձեռնություններով ներկայանալ աշխարհին:

Իտալացիները` «Հեռակա զգայունություն» խորագրով ցուցահանդեսում

«Նորարար փորձառական արվեստի կենտրոնը» (ՆՓԱԿ) այս տարի հայտարարել է «Ժամանակակից արվեստի տարի», եւ այդ խորագրի ներքո բավականին հետաքրքիր նախագծեր է իրականացնում: «Ժամանակակից արվեստի տարին» շատ հագեցած էր ինչպես փառատոներով, այնպես էլ` մրցույթներով եւ ցուցահանդեսներով: ՆՓԱԿ-ն այս ընթացքում հայ արվեստագետներին հնարավորություն տվեց շփվել տարբեր երկրների մշակույթի հետ, որի արդյունքում, բնականաբար, հսկայական տեղեկատվական պաշարի շրջապտույտ եղավ հայ եւ օտարերկրյա ստեղծագործողների միջեւ: Հունիսի 12-ին «Հեռակա զգայունություն» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան էին ժամանել իտալացի արվեստագետներ, ովքեր իրենց պատկերացումներով անդրադարձել էին Հայաստանին: «Միջոցառումը ՆՓԱԿ-ի կողմից «Ժամանակակից արվեստի տարի» հայտարարելու կոնտեքստում է, ինչպես նաեւ` այս տարի լրանում է ՆՓԱԿ-ի 20-ամյակը: Ես դիմել եմ բոլոր դեսպանատներին` իրենց ժամանակակից արվեստով մասնակցություն ունենալու համար»,- ասում է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը` հավելելով, որ որոշ պետություններ եւ անհատ համադրողներ արձագանքել են իրենց առաջարկին: Ի դեպ, անցյալ ամիս ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ ՆՓԱԿ-ում նաեւ ներկայացվել էր ֆրանսիական ժամանակակից արվեստը: Այնուհետեւ ներկայացվել էին նաեւ Ֆինլանդիայի արվեստագետների գործերը: Ի դեպ, նշենք, որ իտալական ժամանակակից արվեստի ցուցադրությանը հաջորդելու է Ռումինիայի մասնակցությունը: «Հետո կլինեն մեր երկու հիմնական ցուցահանդեսները` «Անցումային շրջանի արվեստը» եւ «Ժամանակակից արվեստն այսօր» խորագրերով: Մեր երկու ցուցահանդեսներին կհաջորդեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ժամանակակից արվեստի ցուցահանդեսները»,- հավաստիացնում է Էդ. Պալասանյանը` նշելով, որ այդ խորագրի ներքո անդրադարձ է կատարվում նաեւ ժամանակակից թատերական արվեստին եւ կինեմատոգրաֆիային: «Հեռակա զգայունություն» ցուցահանդեսի համադրող Մարթինա Քորնիաթին Իտալիայի «Տորինո» համալսարանի, ակադեմիայի պրոֆեսոր է, ում նախաձեռնությամբ էլ իտալացի արվեստագետները ՆՓԱԿ-ի տարածքում անդրադարձել են Հայաստանին: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ցուցահանդեսի բացման ժամանակ իր խոսքում` անդրադառնալով ժամանակակից արվեստի տենդենցներին, հույս հայտնեց երկու երկրների միջեւ համագործակցությանը շարունակական բնույթ տալ: Ցուցահանդեսի համադրող Մարթինա Քորնիաթին համարում է, որ «Հեռակա զգայունությունը» տեղեկության ձեռքբերում է մի իրի կամ երեւույթի մասին` առանց նրա հետ ֆիզիկական կապ հաստատելու: Ժամանակակից գործածության մեջ «ընդհանուր առմամբ» տերմինն, ըստ նրա` նշանակում է հեռակա տեխնոլոգիաների միջոցով իրերը հայտնաբերելու եւ դասակարգելու գործընթաց: «Այս ցուցահանդեսի պարագայում, մի խումբ իտալացի արվեստագետներ, որոնք ֆիզիկապես գտնվում են Իտալիայում, հրավիրվել են ակտիվացնելու «հեռակա զգայունության» գործընթացը, որպեսզի իրենց աշխատանքում հայտնաբերեն եւ արտահայտեն իրենց վերաբերմունքը, ընկալումն ու զգացմունքը Հայաստանի հանդեպ` այդ տերմինի ցանկացած ենթատեքստով կամ իմաստով»,- մեկնաբանում է Մ. Քորնիաթին` ավելացնելով, որ այս կոնցեպտն անդրադառնում է մեր ժամանակակից հասարակարգի մի համատարած վարքագծի: Բավականին հետաքրքիր գործեր էր ներկայացրել գեղանկարիչ Ագոսթինո Ֆեռարին, ով մի ամբողջ կյանք նշանների էսթետիկական եւ սեմանտիկ հանգամանքների ուսումնասիրությունից հետո մեծ ոգեւորությամբ անդրադարձել է հայկական այբուբենին: Իսկ Դարիո Գիբաուդոն, ով տարիներ շարունակ արվեստի միջոցով անդրադարձել է մարդկային եւ կենդանական աշխարհի բնույթին, այս նախագծի համար ընտրել էր հայկական մի ասացվածք եւ այն գրելով` թողել է, որպեսզի բառերը մխրճվեն հողի մեջ: Ասեղների միջոցով նկարներ ստեղծող Նիկուս Լուկան ներկայացրել էր փիլիսոփա, միստիկ Գեորգի Գուրջիեւի դիմանկարը: Հետաքրքիր է, որ իտալացի արվեստագետները հեռակա զգայունությամբ որսացել էին հայկական ազգային առանձնահատկությունները: Օրինակ` Կլաուդիա Գոբբին «Armenie Ville» աշխատանքում կենտրոնացել է հայկական ճարտարապետության հզորության վրա, որն, ըստ նրա` ճանաչելի է եւ կարող է փոխանցել ինքնության արժեքները, անկախ իր ակունքից (պատմական Հայաստանից), ինչպես նաեւ իր էպոխայից, իրական վայրից հեռու լինելու հանգամանքից: Կ. Գոբբին «Աբի Ուարբուրգի հիշողությունների ատլասի» օրինակով հավաքել եւ ցուցադրել է աշխարհի եկեղեցիների պատկերները: Նշենք նաեւ, որ «Հեռակա զգայունություն» ցուցահանդեսը պարունակում է վիդեո, լուսանկարչություն, գծանկար թղթի վրա եւ ինստալացիա:

Հ.Գ. Էդ. Պալասանյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ՆՓԱԿ-ը «Ժամանակակից արվեստի տարի» խորագրի տակ իրականացվող միջոցառումներին, մասնավորապես այս ցուցահանդեսին մասնակցելու համար Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է: «Մենք հրավիրել ենք, բայց հավանաբար ժամանակ չեն ունեցել մասնակցելու»,- ի պատասխան` ասաց նա: Մենք մշտապես հետեւել ենք ՆՓԱԿ-ի միջոցառումներին եւ փորձել ենք այնտեղ գտնել այդ գերատեսչության որեւէ ներկայացուցչի, բայց… Մինչդեռ կայքէջում ժամանակակից արվեստի վերաբերյալ ֆանտաստիկ ծրագրեր են զետեղված, այն դեպքում, երբ կարելի էր Իտալիայի դեսպանի ներկայությունը հարգելով գոնե մասնակցել ցուցահանդեսի բացմանը: