Երակների լայնացումը նկատվում է ստորին վերջույթների վրա` ոտքեր, ուղիղ աղի, ամորձիկ։ Համապատասխանորեն հիվանդությունները կոչվում են վարիկոզ, թութք, վարիկոցելե։
Մարդը բնության միակ էակն է, որ տեղաշարժվում է ուղղահայաց դիրքով։ Այդ դիրքով կանգնած մարդու արյունը ստիպված է հաղթահարել մոտ 150 սմ տարածություն` բարձրանալով սրունքներից դեպի սիրտը, ինչը հակասում է Երկրի ձգողականության օրենքին։ Խորքում գտնվող սրունքի երակներում արյան շրջանառությանը նպաստում են մկանները, մաշկի տակ գտնվող երակները զրկված են նման օգնությունից։ Ներքին եւ արտաքին երակները կապված են իրար հետ ավելի փոքր երակների ցանցով։ Երակային համակարգը բաղկացած է առանձին հատվածներից, որոնք բաժանվում են արյան շրջանառությունը կարգավորող փականներով։ Եթե փականը դադարում է լիարժեք գործել, ապա տեղի է ունենում արյան գերհագեցում երակի համապատասխան հատվածում։
Վարիկոզի զարգացմանը նպաստում են արյան սյան հիդրոստատիկ եւ որովայնի շրջանում բարձր ճնշումները` 20-րդ դարի վերջում գիտական բժշկությունը եկավ այն եզրահանգման, որ երակների լայնացումը («varix»=փքվածություն) այն գինն է, որ մարդը վճարում է իր ուղղահայաց դիրքով շարժվելու հնարավորության դիմաց։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վարիկոզով հիվանդների մոտ ի ծնե նկատվում է երակների պատերի ամրության եւ առաձգականության անբավարարություն։ Ըստ վիճակագրական տվյալների` հիվանդությունն ունի ժառանգական բնույթ, եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա ժառանգելու հավանականությունը 60 տոկոս է, եթե երկուսը` 80։
Սակայն, նույնիսկ այս դեպքում վարիկոզը կարելի է կանխարգելել թերապեւտիկ միջոցներով։ Շատ կարեւոր դեր են կատարում էկոլոգիական պայմանները, առողջ ապրելակերպի նորմերի պահպանումը, անձնական եւ ազգային սովորույթները, աշխատանքի բնույթը։ Հիվանդության զարգացմանը նպաստում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գիրությունը, հարթաթաթությունը։
Հայտնի է, որ կանայք ավելի հաճախ են հիվանդանում (մոտ 30 տոկոսը) վարիկոզով, քանի որ նրանց մոտ ավելի թույլ է զարգացած մկանային համակարգը։ Նպաստող հանգամանքներ են հղիությունը եւ հակաբեղմնավորիչ հորմոնալ բնույթի դեղերը։ Հղիության շրջանում շատ կարեւոր է բժիշկ ֆլեբոլոգի հսկողությունը, քանի որ վարիկոզը ոչ միշտ է արտահայտվում արտաքնապես։ Թեեւ դեմ չեմ կին ավտովարորդներին, հարկ եմ համարում զգուշացնել, որ մեքենա վարելու հանգամանքը զգալիորեն մեծացնում է վարիկոզի առաջացման եւ զարգացման վտանգը։ Հայտնի է, որ հիվանդների 20 տոկոսը` մինչեւ 30, եւ 60 տոկոսը` 30-50 տարեկան են։ Հասկանալի է, որ հիվանդությունն ունի նաեւ կոսմետիկ միջամտության կարիք։
Առաջին ախտանիշներն են` այտուցում, ծանրություն ոտքերում եւ հոգնածության զգացում, մաշկի տակից արտահայտվող երակային ցանց, կոշտացումներ։ Երկար անտեսել այդ վիճակը վտանգավոր է, քանի որ կա արյան լերդացման` թրոմբերի առաջացման վտանգ, որոնք երբեմն դառնում են թոքերը սնող արտերիայի խցանման պատճառ։ Երակային ցանցը երբեւիցե չի կարելի փորձել ծածկել արեւայրուքով, դա կբերի վիճակի վատթարացման։ Ի վերջո, կարեւոր է իմանալ, որ եթե ներերակային փականները այլեւս չեն գործում, ապա միակ ճիշտ լուծումը վիրահատությունն է` նույնիսկ առողջ մարդու ներմաշկային անոթներով հոսում է արյան ընդամենը 5-10 տոկոսը։ Այնուամենայնիվ, լավագույն վիրահատությունն այն է, որից հաջողվել է խուսափել։
Վարիկոզի դեպքում օգտակար են ոտքի լոգանքները.
– Մեկ թասի մեջ լցրեք սառը, մյուսի մեջ գոլ (40C) ջուր, ոտքերը 1-2 րոպե պահեք տաք, հետո սառը ջրի մեջ։ Կատարեք 15-20 անգամ։
– Գոլ ջրի մեջ լուծեք 1-3 թ/գ կերակրի կամ ծովի աղ, կատարեք ոտքերի լոգանք 10-15 րոպե տեւողությամբ։ Հանգստացնում է հոգնած ոտքերը, լավացնում է մաշկի վիճակը։
Զգուշացում։ Բարձրակրունկ կամ անկրունկ կոշիկները նպաստում են վարիկոզի զարգացմանը։ Կրունկի բարձրությունը պետք է լինի 3-4 սմ։ Եթե ներքնազգեստը հետք է թողնում մաշկի վրա, ապա հրաժարվեք դրանից։
– Խառնեք 2-ական ճ/գ երիցուկի եւ լորենու ծաղիկներ, թրմեք 1 լ եռջրի մեջ մինչեւ հովանալը, ավելացրեք 1 լ եռջուր եւ 1 ճ/գ մեղր։ Կատարեք ոտքերի լոգանք։
– Խառնեք 1-ական ճ/գ եղինջի եւ դաղձի տերեւները, թրմեք 2 լ եռջրում մինչեւ գոլանալը, կատարեք ոտքերի լոգանք։ Վերջին երկու լոգանքները խթանում են արյան շրջանառությունը։
– Տրորեք սխտորի մի քանի ատամիկ, թրմեք 200 մլ եռջրում մինչեւ գոլանալը։ Քսեք ոտքերի այտուցված հատվածներին, պահեք կես ժամ, լվացեք սառը ջրով, որից հետո կատարեք 10-15 րոպե տեւողությամբ լոգանք սառը ջրում։
– Խառնեք 1-ական ճ/գ երիցուկի ծաղիկ, պատրինջի տերեւ, թրմեք 1 լ եռջրում մինչեւ գոլանալը, ավելացրեք 1 լ գոլ ջուր եւ լուծեք 1 ճ/գ կերակրի աղ։ Կատարեք 25-30 րոպե տեւողությամբ լոգանք, ցայեք սառը ջրով։
Զգուշացում։ Երակների լայնացման դեպքում ոտքերը չի կարելի մերսել։ Հակացուցված են տաք ջրով լոգանքները, ցնցուղը։
Գոլ ցնցուղից հետո ցայեք ոտքերը սառը ջրով։ Խուսափեք երկարատեւ ոտքերի վրա կանգնելուց, առնվազն 5 րոպե 1 ժամվա ընթացքում նստեք «ամերիկյան ձեւով»` ոտքերը սրտից բարձր դիրքով։ Երբեք մի նստեք ոտքը ոտքի վրա ծալած դիրքով։ Նստակյաց աշխատանք կատարողներին խորհուրդ է տրվում կես ժամը մեկ մի քանի րոպե քայլել։ Հայտնի բժիշկ Միկուլինը առաջարկում է օրը մի քանի անգամ կատարել հետեւյալ վարժությունը.
– Ելման դիրքից կանգնեք ոտնաթաթերի մատների վրա, վերադարձեք ելման դիրք։ Կրկնեք 30-60 անգամ։
Նստելիս մեջքը պահեք ուղիղ, ոտքերը` մի փոքր գետնից բարձր։ Վարիկոզի դեպքում կարեւոր դեր է կատարում ճիշտ սննդակարգը։ Սնունդը պետք է հարուստ լինի բջջանյութով, ասկորբինաթթվով եւ հատկապես ռուտինով (P), որը նպաստում է անոթների պատերի ամրացմանը եւ նույնիսկ վերականգնմանը։
Այն պարունակվում է սեւ հաղարջենու եւ արոսենու հատապտուղներում, սեւ խաղողում, մասուրի, սերկեւիլի մեջ, կանաչ թեյում, գինու մեջ։ Երկարատեւ ավիաթռիչքների ժամանակ խորհուրդ է տրվում խմել ոչ թե գինի, այլ սովորական ջուր կամ կանաչ թեյ` կիտրոնով։ Նշված մթերքները հարուստ են ֆլավոններով, որոնք կանխարգելում են երակների լայնացման զարգացմանը, ունեն պաշտպանիչ եւ ամրացնող ազդեցություն։
Հաճախ օգտագործեք քաղցր պղպեղ, ծիրան, բալ, որոնք պարունակում են բավարար քանակությամբ ասկորբինաթթու եւ վիտամին B6։ Շատ օգտակար է սխտորը, որը մաքրում եւ ամրացնում է անոթները։
Օգտակար են նիացին պարունակող մթերքները` չբոված արախիս, չորացրած սունկ, խմորիչ, քաղցր կարմիր պղպեղ, լոլիկ, կանաչ ոլոռ, լոբեղեն, կարտոֆիլ, չմշակված ցորեն։ Նիացինը կարեւոր դեր է կատարում բջիջները թթվածնով սնելու գործընթացում, լավացնում է արյան շրջանառությունը վերջույթներում։
Վերջին տարիներին շատ է կարեւորվում A վիտամինի եւ կարտինոիդներ պարունակող մթերքի դերը։ Կան համոզիչ տվյալներ, թե կանոնավոր օգտագործումը բարերար ազդեցություն ունի անոթների պատերի վրա, ինչը հատկապես նկատելի է ծխող մարդկանց մոտ, քանի որ նրանց օրգանիզմում միշտ կա A վիտամինի սակավություն։
Հասկանալի է, որ C եւ A վիտամինների հակաօքսիդանտ հատկությունները չեն կարող լիարժեք արտահայտվել առանց տոկոֆերոլների (E), որոնք շատ են չռաֆինացված բուսայուղերի նստվածքում եւ չիչխանի յուղում։ Օգտագործեք վուշի, արեւածաղկի յուղեր, դրանցից առաջինը իջեցնում է արյան մակարդելիությունը, երկրորդը` բարձրացնում։
Եթե հաշվի առնենք, որ մենք խուսափում ենք վուշի յուղից, ապա ինչ-որ հարցեր կապված առողջ սննդակարգի հետ` բաց են մնում։
Որպես ինոզիտ պարունակող, կարեւոր են քնջութի յուղը, լյարդը, կաթնաշոռը, ձկնկիթը, ցորենի թեփը։ Որպես լեցիտինի մատակարար` հարմար են ձվի դեղնուցը, կաթնասերը, սերուցքը, այլ։
Արյան մակարդելիությունը նվազեցնում են կումարին պարունակող կարմիր հաղարջը, բալը, կեռասը, չիչխանը, թուզը, սեւ հապալասը։ Օգտակար է սպիտակ կաղամբը` ասկորբինաթթու, ֆոլիաթթու, ինոզիտ, քոլին։ Լավագույն մթերքներից է սոխը (բոլոր տեսակները) թարմ, եփած, խորոված, կամ հյութը (մեղրով)։
– Ըստ գիտական հետազոտությունների` կովի կաթը կոշտացնում է անոթները, ինչը խոչընդոտում է արյան բնականոն շրջանառությունը։ Սահմանափակեք շոկոլադը։
Սննդակարգից պետք է բացառել մսի խիտ արգանակները, խաշը, մարինադները, պահածոները եւ ապխտած մթերքը։ Այս տեսականին նպաստում է երակների պատերի եւ փականների քայքայմանը։ Կարելի է խմել օրը 1-2 գավաթ սուրճ։ Ալկոհոլը պետք է սահմանափակել` շաբաթական 1-2 գավաթ կարմիր գինով (մոտ 400 մլ)։ Ավելի մեծ քանակը դանդաղեցնում է հեղուկի հեռացումը օրգանիզմից եւ ավելացնում ճնշումը երակների վրա։
Բուսաբուժությունը կարող է վերականգնել երակների ֆունկցիոնալ վիճակը նոր սկսվող վարիկոզի դեպքում։ Կա դեղաբույսերի մի խումբ, որն ունի արյունը հեղուկացնող հատկություն, ինչը կարեւոր է երակներում արյան շրջանառության խթանման եւ թրոմբերի առաջացումը կանխարգելելու համար։
Բույսերի մեկ այլ խումբ, որն ունի հակաբորբոքային եւ երակների տոնուսը բարձրացնող հատկություն, կանխում է երակի բորբոքման (ֆլեբիտ) զարգացումը եւ վերականգնում տոնուսը, քանի որ հանում է ներերակային կծկումները (սպազմ)։ Արդյունքում զգալիորեն նվազում են ոտնաթաթերի այտուցվածությունը, հոգնածության զգացումը, ցավերը, մկանների կծկումները։
Լավագույնը ձիակասկենին է, որը վաղուց ի վեր օգտագործվում է նաեւ գիտական բժշկության կողմից։ Բույսը կարծես հատուկ ստեղծվել է վարիկոզի բուժման համար, ամրացնում է երակի պատը, բուժում բորբոքումը, հեղուկացնում արյունը, միաժամանակ իջեցնելով մակարդելիությունը։ Ընդ որում, նման ազդեցությունը բնորոշվում է բույսի բոլոր օգտակար նյութերի համագումարով։ Ձիակասկը օգտագործվում է դեղաբույսերի փնջերի մեջ եւ առանձին.
– 50 գ ծաղիկը (կամ մանրացրած պտուղը) 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Քամեք։ Խմեք 30-40-ական կաթիլ, օրը 3-4 անգամ։ Շարունակեք 1 ամիս։ Ոգեթուրմը նախատեսված է նաեւ արտաքին օգտագործման համար` քսեք սրունքներին։
Ձիակասկենու պատրաստուկների ներքին օգտագործումը ունի մի շարք հակացուցումներ` պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։ Նույնը վերաբերում է բույսի հիմքի վրա պատրաստված դեղատնային միջոցներին։
Վարիկոզի բուժումը անիմաստ է առանց հիվանդի օգնության, սա այն հիվանդությունն է, երբ շատ մեծ դեր են կատարում կանխարգելիչ միջոցները եւ աննշան թվացող հանգամանքները։ Կարեւոր է ճիշտ պատկերացնել` որոնք են առաջին հատկանիշները։
Խնամքով վերաբերվեք ոտնաթաթերին.
– Ամեն օր կատարեք լոգանքներ, հնարավորության դեպքում քայլեք ոտաբոբիկ ավազի, խոտի վրայով։
– Ճիշտ ընտրեք կոշիկները, դրանք պետք է լինեն ճկուն տակացուի վրա եւ կաշվից, մատները պետք է ազատ շարժվեն։
– Նեղ մոդելային կոշիկները, հնարավոր է, որ հարթաթաթություն առաջացնեն, ինչը վաղ թե ուշ կհանգեցնի երակների լայնացման։
Ասում են. «Գեղեցկությունը զոհեր է պահանջում», սակայն ոչինչ չի կարող գեղեցկացնել վարիկոզով «խզբզված» ոտքերը։ Վարիկոզի պատճառ կարող է դառնալ նեղ հագուստը, ոչ տաք ձմեռային կոշիկները։ Հիվանդությունը երիտասարդանում է, եւ դա ինչ-որ տեղ կապված է նաեւ ժամանակակից նորաձեւության հետ։
Վարիկոզի թիվ մեկ «թշնամին» շարժումն է` լողը, սպորտային կամ թեկուզ սովորական քայլը, հեծանիվ վարելը։ Կարեւոր է իմանալ, որ կես ժամ նստելու ընթացքում սրունքի երակներում կուտակվում է 200-300 մլ արյուն, որը ճնշում է պատերը։ Լավ մարզանք է աստիճաններով քայլելը։
Հայկական ազգային ուտեստների մասին` օրը սկսեք բրինձ-պանիրով, ոչ թարմ լավաշով, կարագով, խմեք ուրցի թեյ` կես թ/գ 9 տոկոսանոց խնձորի քացախի հետ, որի մեջ պետք է լինի օշինդրի խոտ (20։1 հարաբերությամբ)։
– Երեկոյան` քնելուց 1-2 ժամ առաջ` խմեք 100 մլ մածուն կամ կաթնաշիճուկ, վատ չի լինի` կես պճեղ սխտորի հետ, նաեւ «Կարդիոմագնիլի» մեկ հաբ։
Հաճախակի օգտագործեք ձկնեղեն, օրը 1 թ/գ վուշի յուղ, շատ օգտակար է ծովակաղամբը (ամեն օր` 50 գ), մանանեխով համեմած լոլիկով ձվածեղը, մսեղենից` ճագարը, հավը, հնդկահավը։
Վարիկոզը դասվում է վիրաբուժական բնույթի հիվանդությունների շարքին։
Այսօր ՀՀ-ում կան ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ են տալիս լիովին ախտորոշել երակների վիճակը եւ կատարել տեղային վիրահատություններ, ունենք լավ միկրովիրաբույժներ։
Այնուամենայնիվ, փորձենք նայել խնդրին այլ տեսանկյունից` ի վերջո, ցանկացած վիրաբուժական միջամտությանը նախորդում է ինչ-որ բորբոքային ընթացք։
Վարիկոզը այդ շարքի հիվանդություն է, եւ երակները բուժելու ամենապարզ եւ ազդեցիկ ճանապարհն է հետեւյալը` ազդել բորբոքային ընթացքի վրա մաշկի միջոցով։ Բազմաթիվ հակաբորբոքային դեղաբույսերից ընտրեք 3-5-ը.
– Խառնեք հավասար քանակներով եւ 1ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ ջրի մեջ, 37 C ջերմաստիճանի օջառաջրով լվացեք ոտքերը, նույն ջերմաստիճանի թուրմը քսեք ոտքերին` աճուկային մասից մինչեւ ոտնաթաթը։ Եթե ընտրեք երիցուկը, եղեսպակը, սրոհունդը, կստանաք բուժիչ եւ հաճելի բուրմունքով հակաբորբոքային թուրմ։ Կատարեք գործողությունը առավոտյան եւ երեկոյան։ Սրացման դեպքում թրջեք թանզիֆե վիրակապը թուրմի մեջ, լավ մզեք, 5-6 շերտով փաթաթեք վերոգրյալ հատվածին, ծածկեք բարակ սավանով եւ քնեք։
Բուժման տեւողությունը 3-4 շաբաթ է, որից հետո հարկավոր է պատրաստել եւ նույնկերպ կիրառել երակների պատերը ամրացնող թուրմ։ Նման դեղաբույսերի ցանկը նույնպես ընդարձակ է, օրինակ` կաղնու կեղեւը եւ պտուղը, սպիտակ ուռենու կեղեւը, ձիակասկենին, խատուտիկի եւ կղմուխի արմատները։ Այս ցանկում առանձին հիշատակման է արժանի Սատապ հոտավետը (RUTA), որից առաջին անգամ սինթեզվել է ռուտինը` դեղատներում հարցրեք «Ասկորուտին» դեղամիջոցը։
Ուզում ենք այս հոդվածն ավարտել հանճարեղ Վոլտերի խոսքերով` «Հավատը հաջող բուժման կեսն է»։