ՀՀ նախկին Արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն` որպես վկա ցուցմունք տալու «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)» հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ մասին երեկ տարածած հայտարարությունում տեղեկացրել է ինքը` Վ. Օսկանյանը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ԱԱԾ-ն ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քր.օր-ի 190-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը: Հիմնադրման օրվանից` «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ եւ օրենքի տառին ու ոգուն համապատասխան: «Սիվիլիթասի» գործունեության առաջին օրերից` 2008-ից սկսած` հիմնադրամին ֆինանսավորել եւ նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների եւ Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ եւ անհատներ: Այս ամենի մասին չէին կարող չիմանալ ՀՀ համապատասխան կառույցները: Ինձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:
Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: Այն, որ Վ. Օսկանյանի կամ նրա հիմնադրած կազմակերպության առնչությամբ նման հոդվածով քրեական գործի հարուցումը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկապես ակնհայտ է, եւ այդ գործի դետալների քննարկումն իսկ, ըստ էության, անիմաստ կամ երկրորդական է: Սակայն, հաշվի առնելով Վ. Օսկանյանի վերջին մի քանի ամիսների գործունեությունը, նրա անդամագրումը ԲՀԿ-ին, խորհրդարանական ընտրություններում ու դրանից հետո ԲՀԿ-ի պահվածքը, դժվար է վերը նշված «միջադեպին» միարժեք վերաբերվել կամ գնահատական տալ: Բավական է հիշել միայն այն, որ կոալիցիային մաս չկազմելուց հետո եւ դրանով հանդերձ` ԲՀԿ-ն, նույն Վարդան Օսկանյանը համառորեն խուսափում են անգամ իրենց ապագա գործունեության մասին խոսելիս օգտագործել «ընդդիմություն» արտահայտությունը` հավատարիմ մնալով «խիստ կառուցողական» լինելու մասին իրենց խոստումին: Հետեւաբար հարց է առաջանում` ի՞նչ խնդիր պետք է լուծի իշխանությունը նման «քաղաքական պատվեր տալով»` ԲՀԿ-ին ու Օսկանյանին «ավելի խիստ» կամ գուցե «խրոխտ ընդդիմություն» դարձնելո՞ւ: Այսինքն` առնվազն գոյության իրավունք ունի նաեւ այն տեսակետը, որ նման քայլերով իշխանությունը ԲՀԿ-ի համար փորձում է «հալածվող ընդդիմության» կերպար ստեղծել` առաջիկա նախագահական ընտրություններն ավելի անցնցում անցկացնելու համար: Բացառված չէ, իհարկե, նաեւ այն տարբերակը, որ այդ քայլերն ուղղված են ոչ թե կամ ոչ այնքան ԲՀԿ-ի, որքան անձամբ Վ. Օսկանյանի դեմ, այսինքն` այդպիսով իշխանությունը չեզոքացնում է Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը ԲՀԿ-ում` վերջինիս հարատեւ կառուցողականության ապահովման նպատակով: Բոլոր դեպքերում, Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ քաղաքական հետապնդումը դատապարտելի երեւույթ է, քանի որ, անկախ նրանից, թե իրականում նշված վարկածներից որն է համապատասխանում իրականությանը` հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Անկախ անգամ այն հանգամանքից, որ ոչ վաղ անցյալում Վ. Օսկանյանն առանձնապես չէր մտահոգվում, երբ շատ ավելի կոպիտ մեթոդներով քաղաքական հետապնդումների էին ենթարկվում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: