Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը` Կառավարության ծրագիրը քննարկելու համար, քանի որ ՀԱԿ-ը հայտարարել է, թե դեմ է քվեարկելու դրան: «Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,- հայտնել են կառավարությունից: Այս պատճառաբանությունը հետաքրքիր է նրանով, որ ստացվում է` ԱԺ մյուս խմբակցություններին, այդ թվում` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին հրավեր ուղարկելուց առաջ կառավարությունից ճշտել են, որ նրանք «կողմ» են քվեարկելու կառավարության ծրագրին: