Անհայտ, բայց միատեսակ

12/06/2012

«Անցած շաբաթավերջին Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է վարչապետի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի նախաձեռնությամբ: Հարցին` ինչպես է խմբակցությունը քվեարկելու Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, Զոհրաբյանը արձագանքել է. «Մենք ակտիվությամբ մասնակցելու ենք կառավարության ծրագրի քննարկմանը, եւ ուզում եմ հերքել տարբեր կենտրոնների կողմից մամուլում շրջանառության մեջ դրվող լուրերը, թե կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ում կարող են լինել տարբեր դիրքորոշումներ եւ ոչ միատեսակ քվեարկություններ: Եթե սա վերաբերեր, ասենք, թատրոնի մասին օրենքին, կարելի էր մտածել, որ հնարավոր է ազատ քվեարկության ռեժիմ: Մեկ բան հստակ է` ԲՀԿ-ում քվեարկությունը կառավարության ծրագրի վերաբերյալ լինելու է միատեսակ»:

Անցած շաբաթավերջին վարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ` բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի: