«Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օդուժն ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը մոտ 20 տոկոսով»,- «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղար գնդապետ Իգոր Գորբուլը: «Այս տարեսկզբից ի վեր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդանավերը մոտ 300 ուսումնական թռիչք են իրականացրել` դրանց ընդհանուր տեւողությունը նախորդ տարվա համեմատ ավելացնելով 20 տոկոսով»,- հայտարարել է նա` շեշտելով, որ 102-րդ ռազմակայանում ծառայող օդաչուներն ուսումնական թռիչքների ընթացքում մարտական իրավիճակների են պատրաստվում: «Միայն ՄիԳ-29 օդանավերի անձնակազմերը այս տարի 200 ուսումնական օդային մարտ են իրականացրել: Դրանցից մոտ 50 տոկոսը կատարվել է սահմանափակ տեսադաշտի պայմաններում եւ գիշերային ժամերին»,- ասել է Գորբուլը: Անդրադառնալով ռուս զինվորականի այս հայտարարությանը` «The New York Times»-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա հնչել է այն պահին, երբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծին խիստ լարվել է: «Ռուս զինվորականները կտրուկ ավելացրել են Հայաստանում փորձնական թռիչքների թիվը` կապված ԼՂ հակամարտության սրման հետ: Դրանով Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ ռազմական գործողությունների սկսման դեպքում ինքը ձեռնպահ չի մնալու: Այս տարվա սկզբից մինչեւ հիմա թռիչքների թիվը 20 %-ով ավելի է եղել` հասնելով 300-ին»,- գրել է «The New York times»-ը: