Տիեզերական արդարություն

12/06/2012

2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների «անակնկալներն» արդեն մեկնարկել են. երեկ կայացած ասուլիսում Վարդան Սեդրակյան անուն-ազգանունով մի էպոսագետ հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը այդ ընտրություններում: «Ես չէի ցանկանա երբեք նման քայլ կատարել, որովհետեւ երբեք քաղաքական գործիչ չեմ եղել, որեւէ կուսակցական անդամ չեմ եղել եւ այսօր էլ ինձ քաղաքական գործիչ չեմ համարում: Ցավոք, այսօր Հայաստանում չկա մի ուժ ու մի մարդ, որ իր վրա վերցնի երկիրը նման վիճակից հանելու բեռը: Այս քաղաքական քայլը ավելի շատ ստիպողական է, քանի որ դրան գնում եմ` երկրի վիճակը տեսնելով»,- ասել է նա` շեշտելով, որ իր ձեռքն է վերցնելու արդարության դրոշը: Նախագահ դառնալու պահից նա պատրաստվում է Հայաստանում հաստատել «տիեզերական արդարության» օրենքները, որոնք ամրագրված են «Սասնա ծռեր» էպոսում: Էպոսագետի թիմը կազմված է լինելու միայն այն մարդկանցից, որոնց ճանաչում է վաղ անցյալից եւ վստահում: Նա բացառում է որեւէ քաղաքական գործչի ներկայությունն իր կողքին: «Բոլոր նրանք, ովքեր կկանգնեն իմ ճանապարհին, ենթակա են ոչնչացման, քանի որ պայքարել իմ դեմ, նշանակում է` պայքարել «Սասնա ծռերի» դեմ, իսկ դա էլ նշանակում է` պայքարել հայոց ինքնության դեմ»,- սպառնացել է էպոսագետը: