Աճ & արտահոսք

12/06/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Հայկական ծրագրեր» ընկերության հայտարարությունը, թե Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների` ՏՏ ոլորտը գտնվում է կործանման եզրին, բավականին մեծ աժիոտաժ առաջացրեց։

Քննադատությունը, թեեւ, հասցեական էր եւ ուղղված էր առաջին հերթին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի արդյունավետությանը, սակայն խնդիրն, ըստ էության, ավելի խորն է եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ընկերության համար։

Հիշենք, թե ինչ էր ասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ։ «2007 թվականի համեմատ 2.5 անգամ ավելացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը` կազմելով 205 մլն ԱՄՆ դոլար: 82 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների քանակը` 2011 թվականին կազմելով շուրջ 300 եւ ապահովելով մոտ 7 հազար աշխատատեղ: Բարձր որակավորում պահանջող եւ տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն արտահանվող արդյունաբերական ապրանքների կառուցվածքում 2007-2010 թվականների ընթացքում աճել է 1.4 անգամ: Ընդ որում, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի եւ Վրաստանի համանուն աճերը` կրկնակի, իսկ Թուրքիայինը` 1.6 անգամ զիջում են Հայաստանի աճի մեծությանը»: Փաստորեն, ըստ ՀԾ ընկերության, կործանման եզրին է այն ոլորտը, որը, ըստ նախագահի, փայլուն հաջողություններ է գրանցել։ Իսկ սա արդեն հիշեցնում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտնի բաց նամակները։ Դժվար է ասել՝ կներվի՞ դա ընկերությանը, թե՞ոչ, սակայն դա այլ թեմա է։

Որքանո՞վ է լուրջ «Հայկական ծրագրեր» տագնապը։ Զուտ ինտուիտիվ մակարդակի վրա շատերս հասկանում ենք, որ ոչ ծայրահեղացնելն է ճիշտ, ոչ էլ համոզելը, որ ամեն ինչ փայլուն է։ Օրինակ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը մեր թերթին տված հարցազրույցում նշել էր, որ դա հուզական հայտարարություն է. «Ցանկացած հայտարարություն պետք է հիմնվի փաստերի վրա: Փաստը հետեւյալն է. ոլորտը 2011թ. ընթացքում 30 տոկոսով աճ է ունեցել, նախորդ` ճգնաժամի տարում` 17 տոկոս աճ, այն դեպքում, երբ մնացած ոլորտները 30-40 տոկոսով անկում են ունեցել: Այդ պայմաններում ասել, որ ոլորտը գտնվում է կործանման եզրին, կարծում եմ, մեղմ ասած, չափազանցություն է»։

Ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Սինոփսիս Արմենիայի» ղեկավար Հովիկ Մուսայելյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում «Հայկական ծրագրերի» հայտարարությունը բնութագրել էր որպես ծայրահեղ՝ նշելով. «Իհարկե, կան բավականին բացթողումներ, թերացումներ, ընդհանուր մրցավազքում առաջնային դիրքերի զիջումներ տարբեր տարիների ընթացքում, բայց ասել, որ կործանման եզրին է, կարծում եմ` ճիշտ չէ, որովհետեւ կան նաեւ ռեալ հաջողություններ, մանավանդ` միկրոէլեկտրոնային ինդուստրիայի, միկրոսխեմաների նախագծման ասպարեզում, որով մեր ընկերությունն է զբաղվում»:

Իսկ իրականում ի՞նչ վիճակ է այս ոլորտում։ Միանշանակ եզրակացություններ անելը բավական դժվար է, քանի որ ոլորտն ինքը բարդ է եւ խիստ տարբերակված։ Տեղեկատվության քիչ թե շատ լիարժեք աղբյուրը նույն ԻՏՁՄ հրապարակած՝ Հայաստանի ՏՏ ոլորտի 2011թ. հետազոտությունն է։ Այդ զեկույցում ներկայացված թվերը բավական տպավորիչ են։ Օրինակ, եթե 2011 թվականը համեմատենք 2008-ի հետ, ապա ՏՏ ոլորտի ընկերությունների թիվն աճել է 61%-ով՝ 175-ից հասնելով 281-ի։ Ոլորտի շրջանառությունն աճել է 84%-ով՝ 111.3 միլիոն դոլարից հասնելով 205.1 միլիոնի։ Ոլորտում աշխատողների քանակն աճել է 38%-ով՝ 4890-ից հասնելով 6760-ի։ Եվ այսպես շարունակ։ Իհարկե, զեկույցում նշված են նաեւ ՏՏ ոլորտի ընկերությունների արդյունավետության բարձրացման որոշ խոչընդոտներ (օրինակ՝ տեղական շուկայի սահմանափակ լիելը, բարձրակարգ ծրագրային ճարտագետների, ծրագրերի ղեկավարների եւ բիզնես մասնագետների պակասը, եւ այլն), սակայն հիմնականում լավատեսական տրամադրություններ արթնացնող փաստաթուղթ է։

Սակայն, չնայած աճի ցուցանիշներին՝ կա մի լուրջ խնդիր, որի մասին խոսում են ոլորտի ներկայացուցիչները։ Օրինակ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը երեկ հայտարարել է, որ տարեկան արտագաղթում են ոլորտի 400-500 փորձառու մասնագետներ։ Նաեւ նշել է, որ տարեկան կտրվածքով նկատվում է արտագաղթի ծավալների աճ։ Կադրերի արտահոսքը մտահոգում է նաեւ «Սինոփսիս» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանին։ Մեր թերթին տված հարցազրույցում նա կադրերի արտահոսքը լուրջ մարտահրավեր էր համարել՝ նշելով, որ պատճառները տարբեր են։ «Ես ամեն մի գնացողի հետ առանձին զրուցում եմ` փորձելով կարծիք կազմել երեւույթների մասին, որոնք նպաստում են դրան»: Կադրերի արտահոսքը այն դեպքում, երբ ոլորտն արձանագրում է երկնիշ աճ (անգամ ճգնաժամային տարում), արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։ Ինչո՞ւ են գնում մեր մասնագետները, առաջին հերթին` երիտասարդները, եթե ՏՏ ոլորտում աշխատավարձը նկատելիորեն ավելի բարձր է մյուս ոլորտներից, եւ, բացի այդ, ինչպես նշված է զեկույցում, որակյալ մասնագետների պակաս կա։

Համեմատության համար նշենք, որ 2011 թ. տեղական ընկերություններում տեխնիկական մասնագետի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1200 ԱՄՆ դոլար, իսկ ղեկավար/բիզնես անձնակազմինը` 1500 ԱՄՆ դոլար: Մինչդեռ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ընդամենը 115 հազար դրամ է։

Հ. Մուսայելյանն, օրինակ, աշխատավարձի՝ համեմատաբար բարձր լինելը չի դիտարկում որպես ֆինանսական բավարարվածության հիմք։ Որպես օրինակ` խոսելով ՏՏ-ոլորտում աշխատող եւ բավական բարձր աշխատավարձ ստացող ամուսնական զույգերի մասին՝ Հ. Մուսայելյանը նշել էր, որ նրանց համար անորոշ է, թե երբ կկարողանան առանձին բնակարան ունենալ. «Եթե կայուն աշխատանք ունեցող երիտասարդ ընտանիքը նույնիսկ կացարանի խնդիր չի կարող լուծել մոտ ապագայում, այդ հարցի լուծումը փորձում է գտնել դրսում»:

Մինչդեռ Կ. Վարդանյանը նշում է, որ, ֆինանսականից բացի, կան նաեւ այլ պատճառներ։ «Այս ոլորտում որոշակի մակարդակի, մասնագիտական աճի հասնելուց հետո մասնագետներն այլեւս կայանալու տեղ չեն տեսնում։ Կամ նրանց պետք է օգնել, որպեսզի սեփական բիզնեսը սկսեն, ինչը բավական դժվար է, կամ էլ՝ նրանք նախընտրում են հետագա կարիերան շարունակել արտասահմանում»,- մեզ հետ զրույցում նշեց Կ. Վարդանյանը։

Այսինքն՝ զարգացող ոլորտ ունենալուն զուգահեռաբար` առկա է 2 շատ լուրջ խնդիր. առաջինը` վարձատրության ցածր մակարդակը, եւ երկրորդը՝ լճացման վտանգը, ինքնադրսեւորվելու հնարավորությունների բացակայությունը։ Իսկ այս երկու խնդիրները միասին առաջ են բերում արդեն ավելի գլոբալ խնդիր՝ կադրերի արտահոսք։ Այդ պարագայում չափից դուրս ոգեւորվել նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշներով, տեղին չէ։

Ընդ որում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առանձնահատուկ է հենց նրանով, որ այն շատ արագ է զարգանում, եւ անգամ երկնիշ աճը կարող է բավարար չլինել՝ մրցակցությանը դիմակայելու համար։ Ճիշտ է, կա ծրագիր, համաձայն որի` նախատեսվում է 2018 թվականին ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1000-ի, աշխատողների թիվը՝ 20.000-ի, ներքին շուկայում հայրենական ՏՏ արտադրանքի սպառման մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ 2 տոկոսից ավելիի, սակայն արդեն իսկ լուրջ կասկածներ կան, որ դա իրականություն կդառնա։ Ընդ որում, կասկածում են ոչ միայն լրագրողները եւ ոլորտի քննադատները, այլեւ հենց ՏՏ ոլորտով անմիջականորեն զբաղվողները։ «Ներկայումս մենք ունենք տարեկան 30 տոկոսի աճ, այն դեպքում, որ նույնիսկ ճգնաժամի տարիներին ունեցել ենք 17 տոկոս: Յուրաքանչյուր տարի բացվում եւ փակվում է մոտ 300-350 ձեռնարկություն, եւ դրական միտումը 40-50 է: Միայն այդ ճանապարհով մենք կունենանք նշված ցուցանիշի կեսը»,- երեկ ասել է Կ. Վարդանյանը՝ խոսելով վերը նշված նպատակային ցուցանիշների մասին։

Եթե ձեւական խոսքերից ու խոսուն վերնագրերով փաստաթղթերի հրապարակումից բացի` լուրջ քայլեր չկատարվեն, ապա մոտ ապագայում կարող ենք մրցակցությունը տանուլ տալ ոչ միայն աշխարհում, այլեւ՝ տարածաշրջանում, որտեղ ինքներս մեզ ավանդաբար համարում ենք ամենաինտելեկտուալ եւ ամենամեծ մտավոր պոտենցիալ ունեցող ժողովուրդը։ Այնպես որ, ՏՏ ոլորտը եթե անգամ կործանման եզրին չէ, ապա մտահոգությունների տեղ այս ոլորտում հաստատ կա։