Պարգեւատրել են

12/06/2012

Երեկ տեղի է ունեցել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցույթները հովանավորվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Ինչպես տեղեկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, գումարային մրցանակներ են ստացել գիտական լրագրության մրցույթի 11 եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթի 95 հաղթողներ: «Սամվել եւ Կարեն Կարապետյանների համար գլխավոր կրեդո է` հնարավորինս աջակցել մտավոր ներուժի ակտիվացմանը, անել ամեն բան, որ ՀՀ-ն չդառնա մտավոր ներուժն արտահանող երկիր: Բոլորիս խնդիրն է առավելագույնս նպաստել ոչ միայն մեր գիտական ներուժի պահպանմանն ու նրանց հնարավորությունների լիարժեք կիրառմանը, այլեւ արտերկրում կրթություն ստացած մեր հայրենակիցների վերադարձին»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Նախաձեռնության ներկայացուցիչներ, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը եւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը մեծապես կարեւորել են անհատների ներգրավումը գիտնականներին խրախուսելու գործում: Նրանք բարձր են գնահատել Կարապետյանների համագործակցությունը նախաձեռնության հետ եւ պատրաստակամությունը` ֆինանսավորել նման ծրագրերը: