Համաձայն շրջանառվող լուրերի` Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեմ կազմակերպվող ակցիայի ետեւում կանգնած է ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը
Օրեր առաջ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը ճանաչողական այց էր կազմակերպել Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մոտ գտնվող Ամուլսար: Մասնակիցները` «Ամուլսարի շահագործողն ամուլ մնա», «Մեր ոսկին մեր ջուրն է» ցուցապաստառներով իրենց դժգոհությունն էին արտահայտում հանքավայրի շահագործման համար: Ակցիայի նպատակը, ըստ բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցների` Ջերմուկ քաղաքը` որպես առողջարանային գոտի, պահպանելն էր, որի ապագան, ըստ նրանց, վտանգվում է «Գեոթիմ» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծով: Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որը մասնագիտանում է Հայաստանում նոր հանքավայրեր հայտնաբերելու գործում: Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական կայքէջում: «Շատ տպավորված եմ, աչքովս տեսա, երբեք չէի գնացել: Ուղղակի իրար մեջ մտած են թե՛ Ջերմուկը, թե՛ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, գյուղերը: Անզեն աչքով էլ պարզ երեւում էր, որ Ամուլսարի հանքի շահագործումն անդառնալի հետեւանքներ կունենա: Կան արդեն կադրեր, որ այս պահին այնտեղ ընթացող աշխատանքներն ինչպես են ներթափանցում ջրամբար: Այսինքն` արդեն այսօր կարող ենք ասել, որ ջուրը վտանգված է: Մինչ այժմ գիտեինք, որ միայն Ջերմուկը` որպես ազդակիր համայնք, չի ընդգրկվում, ու հաշվի չի առնվում ջերմուկցու կարծիքը: Առողջարանային հզոր, անարատ, կազդուրիչ գոտին կվերածվի դամբարանային թունավոր մի միջավայրի»,- նշեց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: «Ամուլսարի պահով մենք զարմացանք, թե ինչու է այն համարվում նոր հանքավայր: Ի դեպ, զանգեցինք ֆոնդ, եւ մեզ ասացին, որ, այո՛, ուսումնասիրություններ կատարվել են, բայց ընկերությունը, կարելի է ասել, շատ մեծ հետազոտություններ արեց եւ հայտնաբերեց նոր պաշարներ: Ես այդ բանը չեմ հասկանում, որովհետեւ յուրաքանչյուր ընկերություն, ինչպես, օրինակ, «Դինո գոլդ մայնինգ քամփընի» ընկերությունը, որ շահագործում է Շահումյանի հանքավայրը, հետազոտություններ է անում եւ հայտարարում է, որ հետազոտությունների արդյունքում նոր պաշարներ է հայտնաբերել: Մի խոսքով` մեզ համար այդ հարցը մնացել է բաց, թե ինչու է հանքավայրը համարվում նոր»,- ասաց «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ վերջինիս` դեռեւս Խորհրդային Միության տարիներին նշյալ հանքավայրում ընդհանուր հետազոտություններ են կատարվել, մասնավորապես, հանգամանորեն հետազոտվել է ուրանի պարունակությունը հիշյալ տարածքում: Ի. Զարաֆյանի փոխանցմամբ` այդ մասին գրվել է Պետրոս Ալոյանի հոդվածում, որտեղ նշվել է, որ Ամուլսարի ուրանային հանքավայրը գնահատվել է 76 տոննա ուրանային պաշար, իսկ հանքավայրի ստորին հատվածի հետ միասին` ուրանային պարունակությունը կազմում է 100 տոննա: «Մենք դիմեցինք հայտնի երկրաբան Հրաչյա Ավագյանին, ով հաստատեց, որ Ամուլսարը նոր հանքավայր չէ: Այն սովետական ժամանակներում մանրամասն չի հետազոտվել այն պատճառով, քանի որ սովետական տարիներին շահավետ չէին համարում փոքր պաշարներով հանքավայրի շահագործումը»,- նկատեց Ի. Զարաֆյանը: Զարաֆյանի խոսքով` ընկերությանն ուղղված հարցերի պատասխանները մտահոգիչ էին: Ընկերությանն ուղարկած այն հարցին, թե ի՞նչ մեթոդով են պատրաստվում ոսկին կորզել, ընկերությունը պատասխանել էր, թե այն մեթոդով, որը վնասակար ազդեցություն չի թողնելու շրջակա միջավայրի վրա, եւ, որ իրենք աշխատում են միջազգային ստանդարտներով: Այդ պարագայում, ըստ «Էկոլուրի» նախագահի, նշյալ ստանդարտներով շարժվելն այդքան էլ հասկանալի չէ, քանի որ Եվրոպան վաղուց հրաժարվել է ցիանային մեթոդով ոսկի ստանալուց: Իսկ վերջինիս ոչ միայն Ամուլսարի, այլեւ հանքարդյունաբերության ոլորտի բոլոր նախագծերը մեծ ռիսկեր են պարունակում, քանի որ ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը պարզապես խրախուսում են ստեղծված ռիսկերի մեծացումը: Զարաֆյանի փոխանցմամբ` Ամուլսարի հանքավայրի նախագիծը խախտում է Սեւանի մասին օրենքը, քանի որ Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարները թափվում են Սեւանա լիճ, իսկ այդ ջրամբարները գտնվում են հիշյալ տարածքում:
Խնդրի կապակցությամբ մենք զրուցեցինք նաեւ «Գեոթիմ» ընկերության գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանի հետ: Նրա խոսքով` ընկերության գործունեությունը, մի շարք պատճառներից ելնելով` չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Սեւանա լճի վրա: «Ընկերության բոլոր միջոցառումները նախատեսվում են, որ Որոտան գետը չաղտոտվի: Եթե Որոտան գետը չաղտոտվի, ապա հայտնի թունելով ոչ մի աղտոտում չի անցնի Սեւանա լիճ: Այո՛, երկու ջրամբարներ կան այնտեղ` Կեչուտը եւ Սպանդարյանը: Սպանդարյանի ջրամբարը հանքից գտնվում է 7 կմ հեռավորության վրա, իսկ Կեչուտի ջրամբարը` 8,5-9 կմ հեռավորության վրա: Որոտան գետը թափվում է Սպանդարյան լիճ, որտեղից կա թունել, որը միացնում է Կեչուտին: Տվյալ պահին այդ թունելը չի գործում, չի շահագործվում, այսինքն` Սպանդարյան լճից ջուր չի հոսում դեպի Կեչուտ: Համապատասխան միջոցառումներ են նախատեսվում, որպեսզի Որոտան գետը եւ շրջակա միջավայրը չաղոտոտվի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ա. Ստեփանյանը: Ըստ նրա` բոլոր խնդիրներին տրվում է ինժեներական լավագույն լուծում: Ինչ վերաբերում է հանքավայրի շահագործման հետեւանքով Ջերմուկ քաղաքի` որպես առողջարանային կենտրոնի վտանգված լինելուն, ընկերության գլխավոր բնապահպանը նշեց. «Ջերմուկ քաղաքը բաց հանքից 15 կմ եւ նույնիսկ ավելի շատ հեռավորության վրա է գտնվում, եւ այն մեր դիտարկումներից, հետազոտություններից դուրս է, եւ ոչ մի ազդեցություն չի լինելու Ջերմուկ քաղաքի վրա»: Վերջինս նաեւ բացառեց հանքին ավելի մոտ գտնվող գյուղական համայնքների` Գնդեվազի, Գորհայքի եւ Սարավանի շրջակա միջավայրի վրա որեւէ ազդեցություն: Ա. Ստեփանյանի փոխանցմամբ` երկրաբանական ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, եւ ինքը դժվարանում է ասել, թե ե՞րբ կավարտվեն: «Երբ համապատասխան քանակի հետազոտություններ արված լինեն, երբ համարված լինեն, որ պաշարները լրիվ հայտնի են տարածքում, այդ ժամանակ էլ կավարտվի ուսումնասիրությունը»,- ասաց Ա. Ստեփանյանը, ում խոսքով` հանքի Տիգրանես եւ Արտավազդես տեղամասերում որոշակիորեն հայտնի են պաշարները: Ի դեպ, ըստ «Լիդիան ինթերնեյշընըլ» ԲԲԸ պաշտոնական կայքէջի` 2011թ. տվյալներով` Տիգրանեսի ոսկու պաշարները կազմում են 52 տոննա: Նշյալ ընկերությանը պատկանում է «Գեոթիմ» ընկերության 95 տոկոս բաժնեմասը, իսկ բաժնետոմսեր այսօր էլ կարող են ձեռք բերել նաեւ ՀՀ քաղաքացիները: Ընդ որում` «Լիդիան» ընկերությունը մինչեւ գործունեություն ծավալելը ոչ միայն հայաստանյան մասնագետների կողմից է բոլոր համապատասխան հետազոտություններն անցկացրել, այլեւ միջազգային փորձագետներն են ուսումնասիրություններ կատարել: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է օրենքին համապատասխան եւ իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պահանջներին համապատասխան: Դեռեւս բուն գործունեությունը չսկսած` բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում շրջակա գյուղերում:
«Ջերմուկի» Արսենյանն ու «Լիդիանը»
«Լիդիան» ԲԲԸ-ի պաշտոնական կայք-էջում բավական ծավալուն տեղեկատվություն կա ընկերության մասին: «Լիդիանը» զբաղվում է հանքերի հետախուզմամբ ու մշակմամբ եւ մասնագիտանում է ոսկու արդյունահանման աշխատանքում, որում ունի մեծ փորձ: «Լիդիանի» առավել խոշոր բաժնետերերն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան (Համաշխարհային բանկի խումբ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Նյումոնթ» լեռնահանքային կորպորացիան (ոսկու արդյունահանման ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը),- ասվում է պաշտոնական կայք-էջում: Ընկերությունը ստեղծվել է Անգլիայի Ջերսի (UK Jersey island) կղզում` օն-շոր ռեգիստրով եւ ցուցակագրվել է Կանադայի Տորոնտոյի ֆոնդային բորսայում, եւ գտնվում է առաջին հորիզոնականներում: «Գեոթիմ» ընկերությունը, որ ստեղծվել է 2005թ., ներկայացված է որպես նշյալ ընկերության դուստր ընկերություն, որի առաջին ծրագիրը Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծն է: Այն ներկայացված է որպես վերջին 20 տարիներին նոր հայտնաբերված հանքավայր: Ընկերությունը հանգամանորեն ներկայացրել է իր կատարած աշխատանքները` մինչեւ անգամ թռչնաբանների, ֆլորիստների աշխատանքների համար ծախսված գումարները: Մեր տեղեկություններով` մինչ հանքավայրի ուսումնասիրությունները` ընկերության ղեկավարությունը Ջերմուկի տեղական իշխանություններին առաջարկել էր համագործակցել` տուրիզմի զարգացման, սոցիալական, կրթական եւ մշակութային տարբեր ծրագրերում ներդրումներ կատարելու հեռանկարով: Տեղական իշխանությունները ոգեւորությամբ էին ընդունել առաջարկը եւ ընկերության գործունեությունը ողջունել էին: Սակայն, որոշ ժամանակ անց, ոսկու պաշարների մեծացման եւ ընկերության գործունեության հնարավոր զարգացման հեռանկարը պատկերացնելով` տեղական իշխանությունները փոխել են իրենց կարծիքն այս ընկերության առաջարկի նկատմամբ: Մեր տեղեկություններով` այս ամբողջ աղմուկի ետեւում կանգնած է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը: Նրան է պատկանում նաեւ Ջերմուկ քաղաքում գործող «Արմենիա» առողջարանը: Ըստ շրջանառվող լուրերի` հենց Արսենյանի հովանավորությամբ է ծավալվել «Գեոթիմի» դեմ սկսված արշավը: Նրան հանգիստ չի տալիս այն միտքը, որ այդ հանքը շահագործելու է ոչ թե ինքը` որպես Գնդեվազցի, այլ` արտասահմանյան որեւէ ընկերություն: Այդ է պատճառը, որ այստեղ-այնտեղ բնության «կեղծ» պաշտպան է ձեւանում` լուրեր շրջանառելով, թե Ամուլսարի շահագործման արդյունքում զբոսաշրջությունը Ջերմուկում կնվազի, եւ «Արմենիա» առողջարանից օգտվողների թիվը, իբր, կնվազի: Այլ խնդիր է, որ ներդրող ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ պահպանելով միջազգային բոլոր նորմերը, բայց մի գեղեցիկ օր էլ Արսենյանը կարող է խոչընդոտել, եթե, ասենք, որեւէ մեկը ցանկանա Զերմուկում հյուրանոց-առողջարանային որեւէ համալիր կառուցել-աշխատեցնել: Բա «Արմենիա» առողջարան էլ ո՞վ կգնա:
Ինչո՞վ է մեղավոր ներդրողը: ՀՀ կառավարությունը, իշխանությունները կոչ են անում տարբեր երկրների գործարարներին, խոշոր ընկերություններին` Հայաստանում ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել, տնտեսական միջավայր են ստեղծում, որպեսզի որեւէ ներդրող կարողանա ՀՀ-ում տնտեսական լուրջ գործունեություն ծավալել, հարկեր վճարել եւ այլն: Ներդրողը կոչը լսելով` գալիս է, օրենքի տառին համապատասխան գործունեություն է ծավալում, եւ հանկարծ մի օլիգարխ սկսում է խանգարել միայն այն բանի համար, որ ինքն այդ բիզնեսում չկա: Կառավարությունը այսքանից հետո կամ պետք է Հայաստանի վրա կողպեք կարի ու հայտարարի, որ, մի քանի տեղական օլիգարխներից բացի, որեւէ մեկը իրավունք չունի բիզնես ծավալել ՀՀ-ում, կամ պետք է կարգավորի այս իրավիճակը: Կառավարությունը ներդրողների առջեւ իր պահանջները պետք է դնի եւ հետեւի, որպեսզի դրանք իրականացվեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Եվ սա պետք է վերաբերի եւ տեղացի, եւ արտասահմանցի ներդրողներին: Այլապես Հայաստանը արտասահմանյան ընկերությունների համար կդառնա խիստ ռիսկային եւ անհարմար մի երկիր, որտեղ որեւէ գործունեություն ծավալելն անիմաստ է: Ինչ վերաբերում է, տվյալ դեպքում, «Գեոթիմին», ապա, ըստ ընկերության գլխավոր բնապահպանի` իրենք պատրաստ են Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի թե բնապահպանական, թե տեխնոլոգիական, թե տնտեսական հարցերի շուրջ հանրային քննարկումներ անցկացնել եւ բոլոր այդ հարցերը հրապարակավ քննարկել. «Ընկերությունը թափանցիկ է աշխատում, եւ կարող ենք բոլոր մասնագիտական հետազոտությունների արդյունքները եւ եզրակացությունները, որոշումները բաց քննարկել, որպեսզի հասարակությունն ամեն ինչի մասին իրազեկ լինի»: