«Կոնվերս բանկն» իր քարտապանների համար երեկվանից մեկնարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրը, որ բանկային քարտերի օգտագործումը դարձնելու է առավել շահավետ: Այն նպատակ ունի ավելացնել քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները: Ծրագրին մասնակցելու եւ բոնուսային միավորներ կուտակելու համար անհրաժեշտ է ցանկացած գնում կամ վճարում իրականացնել անկանխիկ` «Կոնվերս բանկի» քարտերով: Դա նշանակում է, որ անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք քարտատիրոջը բերում է բոնուսային միավորներ` յուրաքանչյուր ծախսված 1000 դրամի դիմաց 1 միավոր սկզբունքով, իսկ եթե վճարումն իրականացվում է «Կոնվերս բանկի» POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր: Անկանխիկ գործարքներից բացի, «Կոնվերս միավորները» կուտակվում են համացանցում կատարված on-line վճարումներից: Կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները մասնակցում են ծրագրին միայն հետեւյալ 2 դեպքերում. երբ կոմունալ վճարումները իրականացվում են «Կոնվերս բանկի» բանկոմատների միջոցով, եւ երբ «Կոնվերս բանկի» քարտը գրանցված է որպես վիրտուալ քարտ www.arca.am կայքում, եւ այնտեղից է կատարվում կոմունալ վճարումը: Կուտակված միավորների մասին քարտապանները տեղեկանում են ամսական կտրվածքով ուղարկվող միավորների քաղվածքից կամ բանկի սպասարկման կենտրոնից: Միավորները այնուհետեւ քարտատիրոջ կողմից կարող են փոխանակվել ապրանքներով կամ ծառայություններով, որոնց ցանկը բազմազան է` սկսած աքսեսուարներից` մինչեւ ավիատոմսեր: Ի դեպ, թեեւ ծրագիրը մեկնարկել է հունիսի 11-ից, սակայն անկանխիկ գործարքների դիմաց միավորների կուտակումը բանկում սկսվել է ս.թ. մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ բոլոր այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում կատարել են անկանխիկ վճարումներ, իրենց միավորների հաշվում արդեն իսկ ունեն կուտակված բոնուսներ: