Ո՛չ «մահաբեր դիվանագիտությանը»

12/06/2012

Երեկ «Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Ինչպես եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին, ակնարկելով նաեւ այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը, այն է` մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եվրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռեւս չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երեւի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով «մահաբեր դիվանագիտությամբ», երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածության կտրուկ աճի եւ մարդկային զոհերի: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ եւ հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում: Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետեւանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետեւանքների վերացման սկզբունքի հիման վրա: Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որեւէ տարածքային զիջումների անթույլատրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները: Եթե առկա «ստատուս-քվոյի» եւ համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ եւ դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որեւէ տարածքային հետնահանջի դեպքում: Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով` ո՛չ մի օտարերկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը»: