ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ` ՀՀ գործադիր իշխանության, պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, հավաք-պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Պետության նախապատրաստումը պաշտպանությանը» թեմայով դասախոսությամբ: Ողջունելով մասնակիցներին` Ս. Օհանյանն ասել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են տալիս բազմապատկել ունեցած հաջողությունները եւ նվազեցնել առկա թերացումները: Դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարն արծարծել է երկու կարեւորագույն հարց, առաջին` պետության պաշտպանության եւ ԶՈւ կազմակերպման հիմքերը, երկրորդ` պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները: Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին: «ՀԱՊԿ-ի դերը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսության ընթացքում արծարծվել են նաեւ սեպտեմբերին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ պատշաճ կազմակերպման խնդիրները: Միջոցառման շրջանակներում դասախոսություններ կունենան ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ: Հավաքների մասնակիցները կայցելեն նաեւ ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության գործնական պարապմունքների: