Հայաստանում բողոքի զանգվածային ալիքը կամ բողոքի սոլո ակցիան կարո՞ղ է ինչ-որ բան փոխել: Որպես կանոն` ո՛չ: Միակ դրական նախադեպը, թերեւս, Մաշտոցի պուրակում երիտասարդ բնապահպանների շուրջօրյա ակցիան էր: Իսկ օրինաչափությունն այլ է. բողոքի զանազան ակցիաները հետաքրքիր նյութ են փոքրիկ ռեպորտաժների համար, որոնց բովանդակությունը հաջորդ րոպեին արդեն անդառնալիորեն մոռացվում է: Այդպես մեր աչքի առաջ պարբերաբար բողոքում են Ազգային բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները` պահանջելով իրենց զավակների մահվան հանգամանքների օրինական քննություն: Այդպես պարբերաբար բողոքում են մարդիկ, ում անձնական շահն ու երկրի շահը ոչ մի կերպ չեն հատվում. գերակա է համարվում պետության շահը:
Հունիսի 11-ին մեկօրյա գործադուլ էին հայտարարել ՀՀ փաստաբանների պալատի 366 փաստաբաններ: Որպես գործադուլի պատճառ են նշել դատական համակարգի ապօրինությունները (թեեւ, անկեղծ լինենք, նման ձեւակերպմամբ բողոքն ու դրանով պայմանավորված գործադուլն անասելիորեն ուշացած են):
Թե փաստաբանների նման հուսահատ քայլն ինչպիսի բարոյական հարված է նրանց ծառայություններից օգտվողների համար, դժվար չէ պատկերացնել: Դատական համակարգը կոռումպացված է, ոչ օբյեկտիվ, ոչ պրոֆեսիոնալ: Եվ դրա դեմ անզոր են անգամ փաստաբանները: Իսկ փաստաբանները շատերի վերջին հույսն են. մասնագիտական պաշտպանության կարիք ունեցողները նրանց են դիմում` սպասումով` արդարությունը գուցե վերականգնվի: Իսկ փաստաբաններն ասում են` դատական այս համակարգի դեմ մենք անզոր ենք:
Այս գործադուլից դատական համակարգում ինչ-որ բան կփոխվի՞: Հասկանալի է` ո՛չ: Տակավին օրերս ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ արեց նախկին ոստիկան, հինգ մանկահասակ երեխաների հայր Մխիթար Ալումյանը: Սա բազմազավակ հոր հուսահատ, վերջին քայլն էր: Ի՞նչն էր տարաբախտ այս մարդու ինքնահրկիզման պատճառը: Պարզվում է, ինքնահրկիզվելուց առաջ նախկին ոստիկանն անգամ նամակ էր ուղղել երկրի նախագահին: Նամակում սեւին սպիտակով գրված է, որ Մխիթար Ալումյանը Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից ակնկալում է իրեն վճարել հասանելիք հավելավճարը` 58.000 ժամ լրացուցիչ աշխատանքի համար: Նամակագիրը Սերժ Սարգսյանին հիշեցրել էր, որ նախագահ լինելուն զուգահեռ` նա համատեղում է նաեւ հոր եւ պապիկի գործառույթները, հետեւաբար կհասկանա իրեն` հինգ հրաշալի երեխաների հորը: Դատելով Մխիթար Ալումյանի հետագա գորողություններից` երկրի նախագահը նրա նամակը մոռացել էր ընթերցել: Եվ նամակագիրը որոշեց իր հանդեպ տեղի ունեցած անարդարության դեմ իր բողոքն արտահայտել, իր կարծիքով, ամենաազդեցիկ միջոցով` ինքնահրկիզվել: Սակայն` ոչ թե մարդկանց հայացքներից հեռու մի վայրում, ուր ոչ ոք իր ձեռքից լուցկին չէր խլի, այլ երկրի նախագահի նստավայրի առաջ: Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը երեկվանից հայտարարել է հացաջրադուլ: Պահանջն ուղղված է երկրի նախագահին եւ «պատկան մարմիններին»` վերանայել իր գործը: Հնարավոր չէ պատկերացնել, որ մարդը 16 տարի շարունակ ձերբակալված լինի` համակուրսեցուն սպանելու մեղադրանքով: Նախ` նա դատապարտվել էր գնդակահարության, ապա` ցմահ ազատազրկման: Մհեր Ենոքյանը չի ընդունում հանցանքը: Դեռեւս 2009թ. Մհեր Ենոքյանը եւ մեկ այլ ցմահ ազատազրկված` Սողոմոն Քոչարյանը, հաջողել էին փախչել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից: Սա նրանց երկրորդ փորձն էր: Ազատության 21-րդ օրը նրանց երկուսին էլ ձերբակալել էին: Ձերբակալվելու պահին Մհեր Ենոքյանն անգամ փորձեց ինքնասպան լինել, սակայն, բարեբախտաբար, չհասցրեց: Ավելի ուշ ցմահ ազատազրկված այս երկու ՀՀ քաղաքացիներն ասացին, որ իրենց փախուստը ինքնապաշտպանության ձեւ էր, որով ցանկանում էին իշխանությունների ուշադրությունը կենտրոնացնել իրենց գործի վրա: Նրանք ակնկալում են, որ իրենց գործը կվերանայեն: Ցմահ ազատազրկվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը լրագրողներին ասել է, թե իշխանություններն առհասարակ չեն ցանկանում վերանայել ոչ միայն այս, այլեւ ցմահ մյուս դատապարտյալների գործերը, քանի որ չեն ցանկանում ընդունել, որ ժամանակին ամենածանր մեղադրանքներն են առաջադրել մարդկանց, ովքեր անմեղ են, կամ նրանց մեղքն օրենքով նման ծանր պատիժ չի սահմանում:
Բողոքի արտահայտման մյուս ձեւը, որ վերջերս հատկապես հաճախակիացել է, ինքնասպանություններն են` կամրջից նետվելու կամ կախվելու միջոցով: Անլուծելի թվացող խնդրի հիմնական լուծումն է դա. ցատկում ես, ու վերջ: Ո՞ւմ է հասցեագրված այս բողոքը: Ինքնասպանությունը` որպես կյանքն արագ, անժամանակ ավարտելու միջոց, գուցե ոչ մեկին էլ ուղղված չէ: Կամ` ուղղված է բոլորին: Ամեն դեպքում, հասարակության հետաքրքրությունն այս մարդկանց հանդեպ շարունակում է մնալ սպորտային: Եվ հիշեցնում է Բոդլերի հայտնի ստեղծագործություններից մեկը` «Չարի ծաղիկներից», երբ մեկի որդին ինքնասպան է լինում` կախվելու միջոցով: Երեկոյան վշտից ուժասպառ հոր դուռը կամացուկ թակում է հարեւանն ու հետաքրքրվում` արդյո՞ք կախվածի պարանից մի կտոր կարող է վերցնել. ըստ հավատալիքի` կախվածի պարանի կտորը հաջողություն է բերում: Ինքնասպանության միտքը քաղցր է թվում, երբ սկսում ես մտածել, թե քո մահվանից հետո ինչպես են մերձավորներդ սգալու: Ինչպես են խղճի խայթից գլուխները կորցնելու ոմանք: Սակայն մեծ դասականն արդեն Աննա Կարենինայի օրինակով ցույց է տվել, որ, որպես կանոն, ինքնասպանների սպասելիքները ողջերից անհիմն չափազանցված են լինում:
Փաստաբանների, հինգ հրաշալի երեխաների հայր Մխիթար Ալումյանի, ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի պայքարը` անկախ ընտրած ձեւից, հարգանքի է արժանի: Նրանք այդպես արտահայտում են դիրքորոշում` իրենց բողոքը, անհամաձայնությունը` անարդարության հանդեպ: «Ընդվզող մարդը» Ալբեր Քամյուի հայտնի էսսեն է: Պարզապես Հայաստանում ընդվզող մարդկանց գործողությունը հիշեցնում է Քամյուի մեկ այլ հայտնի աշխատություն` «Ասք Սիզիփոսի մասին»: