«Թող խոսի «Հայֆիլմը» պետությանը վերադարձնելու համար»

12/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթին տված հարցազրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից փորձել էինք նաեւ պարզել գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի իրավական խախտումների վերաբերյալ մանրամասներ: Հիշեցնենք, որ Վ. Մարտիրոսյանը պնդում է, որ 7 տարի շարունակ արտադրման փուլում գտնվող «Սողանք» ֆիլմի կապակցությամբ էկրանավորման իրավունքի պայմանագրային ժամկետները վաղուց սպառվել են, իսկ որպես սցենարիստի` իր հետ առայսօր պայմանագիր չի կնքվել: Ի պատասխան Վ. Մարտիրոսյանի այս հայտարարությանը, Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ասել էր. «Աբսուրդ է, ես զարմանում եմ, որ Վ. Մարտիրոսյանը նման բան է ասել, որովհետեւ ֆիլմը վաղուց պատրաստ է: Նա իր պայմանագիրը վաղուց ստորագրել եւ 7 տարի առաջ իր գումարները ստացել է: Նա ուզում է իր հետ սցենարի պայմանագիր կնքվի, բայց կապ չունի, ֆիլմը վաղուց ավարտվել է, եւ իր հետ սցենարի պայմանագիր չի էլ կնքվելու: Մենք պայմանագիր ենք կնքել եւ իրենից սցենարը գնել ենք: Սցենարիստն ուրիշ մարդ է եղել, որի հետ կնքված պայմանագիր գոյություն ունի: Ես առաջին անգամ թերթից իմացա, որ Վ. Մարտիրոսյանը սպասում է, որ որպես համահեղինակի` իր հետ պայմանագիր պետք է կնքենք: Մենք իր հետ կնքել ենք պայմանագիր 700.000 դրամով: Իր պայմանագիրը վաղուց կնքվել, եւ ֆիլմը նկարվել է: Ֆիլմն ինչպե՞ս կարող էր նկարահանվել առանց սցենարիստի, հետեւաբար, մենք սցենարիստ ենք ունեցել, որի հետ նույնպես պայմանագիր ենք կնքել, եւ նա էլ ստացել է սցենարիստի համար նախատեսված գումարը»: Ավելին` Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ֆիլմը վաղուց արտադրվել, թողարկվել, էկրանավորվել է, եւ, բնականաբար, Վ. Մարտիրոսյանի կողմից ուղղված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Գ. Գեւորգյանի, այսպես ասած` պարզաբանումները, Վ. Մարտիրոսյանը համարում է աբսուրդային: Սակայն, մինչ այս ամենին անցնելը, հարկ ենք համարում ներկայացնել «Սողանք» ֆիլմի հետ կապված այս մութ գործարքի նախապատմությունը: Շուրջ 10 տարի առաջ ռեժիսոր Միքայել Դովլաթյանը Վ. Մարտիրոսյանին առաջարկել է «Սողանք» վեպի հիման վրա ֆիլմ նկարահանել: 2005թ. Վ. Մարտիրոսյանը եւ Մ. Դովլաթյանը գրել են «Սողանք» ֆիլմի սցենարը, եւ նույն թվականին ձեռք է բերվել նաեւ ֆիլմի էկրանավորման իրավունքը, որը պատկանում է Ազգային կինոկենտրոնին (պատկանել է Կինոկենտրոնին մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը): «Ինձ հետ` որպես ֆիլմի սցենարի համահեղինակի, որեւէ փաստաթուղթ, պայմանագիր չի կնքվել: Եթե պրն Գեւորգյանը հայտարարում է, որ ֆիլմի սցենարիստն այլ մարդ է` թող նաեւ բարի լինի նրա անունը բարձրաձայն հայտարարել: Իսկ սցենարիստն էլ` իր հերթին, թող հայտարարի, որ ինքը սցենարի հեղինակն է: Այդ դեպքում ես կխոսեմ երկուսի հետ միաժամանակ»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Մարտիրոսյանը: Ինչեւէ, Գ. Գեւորգյանի «փաստարկներին» ի պատասխան, Վ. Մարտիրոսյանը շարունակում է պնդել, որ «Սողանքի» սցենարն ինքը գրել է ռեժիսոր Միքայել Դովլաթյանի խնդրանքով եւ իր հետ միասին, այդպիսով հանդիսանալով որպես սցենարի համահեղինակ: Վ. Մարտիրոսյանի հետ կնքված միակ փաստաթուղթը եղել է էկրանավորման իրավունքի պայմանագիրը, որը ոչ մի կապ չունի սցենարի հետ. այն առանձին փաստաթուղթ է, եւ Կինոկենտրոնը պարտավոր էր այն ամրագրել: «Ինչ վերաբերում է Գ. Գեւորգյանի այն մեկնաբանությանը, թե ես իրեն երբեւիցե չեմ դիմել որպես սցենարի համահեղինակի` ինձ հետ պայմանագիր կնքելու համար, ապա ես որեւէ մեկին չպետք է ասեմ` ինձ հետ պայմանագիր կնքեք, որովհետեւ ես սցենարի համահեղինակն եմ, այդ սցենարի վրա ֆիլմ է նկարահանվում: Պայմանագրային պարտավորությունները եւ հոնորարային վճարումները սցենարի հեղինակի եւ համահեղինակի հետ պետք է կատարվեն մինչեւ նկարահանումները սկսելու օրը: Նկարահանումները տարիներ առաջ մեկնարկել են, իսկ նման պայմանագիր չի կնքվել»,- ընդգծում է Վ. Մարտիրոսյանը` հավելելով, որ չի դիմել Կինոկենտրոն նաեւ այն պատճառով, որ 7-8 տարի առաջ ներկայացրել է երկու գեղարվեստական ֆիլմի հայտ, սակայն առայսօր որեւէ պատասխան չի ստացել: «Այնպես, ինչպես իրենք են աշխատում` ես պատրաստ չեմ նման կերպ իրենց հետ աշխատել` գնալ, դռները մաշել, խոստումներ տալ, «ատկատային» հարաբերությունների մեջ մտնել»,- հայտարարում է նա` նաեւ զարմանք հայտնելով, թե ինչո՞ւ է Գ. Գեւորգյանն առանց իր համաձայնության հրապարակել իր հոնորարի չափը` կապված հեղինակային իրավունքների ձեռքբերման հետ: Գ. Գեւորգյանի այդ քայլը նա որակում է` որպես գործարար էթիկայի կանոնների խախտում:

Ինչեւէ, Կինոկենտրոնի տնօրենը նաեւ պնդում էր, որ «Սողանք» ֆիլմի էկրանավորման իրավունքի պայմանագրային ժամկետները չեն խախտվել, քանի որ այն վաղուց թողարկվել եւ էկրանավորվել է: Առնվազն տարակուսելի է Կինոկենտրոնի տնօրենի այս հայտարարությունը, եթե հաշվի առնենք, որ վեպի հեղինակը եւ սցենարի համահեղինակն այդ մասին չի տեղեկացվել. «Եթե ֆիլմը պաշտոնապես հանձնվել, ցուցադրվել է, ապա եթե նույնիսկ ես միայն գրքի հեղինակը լինեի, որի ստեղծագործության հիման վրա ֆիլմը նկարահանվել է, բնականաբար, ես պետք է հրավիրվեի պաշտոնական ցուցադրությանը: Ինձ որեւէ մեկը ցույց չի տվել ֆիլմը` որպես պատրաստի արտադրանք: Աշխատանքային տարբերակների մասին ավելորդ է խոսել, քանի որ ֆիլմը վերջնական արտադրանք է համարվում այն ժամանակ, երբ այնտեղ ամեն ինչ կա` ձայնն է տեղադրված, անիմացիան կա եւ մնացած ամեն ինչը: Ինձ ֆիլմը` որպես վերջնական արդյունք, որեւէ մեկը ցույց չի տվել»: Այնուամենայնիվ, մենք առաջիկայում կփորձենք պարզել նաեւ, թե Ազգային կինոկենտրոնը` որպես «Սողանքի» սցենարիստի` ո՞ւմ հետ է պայմանագիր կնքել եւ ո՞ւմ է վճարել մի սցենարի համար, որը գրել են Մ. Դովլաթյանն ու Վ. Մարտիրոսյանը: Նաեւ շատ զարմանալի է, որ 2005թ. կնքված «Սողանք» ֆիլմի պայմանագրային ողջ փաթեթի իրավախախտումների վերաբերյալ հակասությունները 7 տարի անց են ի հայտ գալիս, հետեւաբար հարց է ծագում, թե Գ. Գեւորգյանն իր վերադասին հաշվետվություն ներկայացնելիս` Վ. Մարտիրոսյանի եւ Մ. Դովլաթյանի գրած սցենարի անվան փոխարեն ո՞ւմ հետ կնքված պայմանագրով է գումար դուրս գրել:

Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում նաեւ անդրադարձել էր Ցեղասպանության թեմայով ֆիլմերի նախագծերի բացակայությանը` վստահեցնելով, որ ֆինանսավորման աղբյուրները կան, սակայն ներկայացված նախագծերը հավանության չեն արժանանում: Արձագանքելով Կինոկենտրոնի տնօրենի գնահատականին` Վ. Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ Կինոկենտրոնի գործելաոճի պատճառով չի ներկայացնում Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի իր համառոտագիրը. «Չեմ ներկայացնում, որովհետեւ աշխատելու իրենց սկզբունքներն ինձ բոլորովին վստահություն չեն ներշնչում: Չեմ կարծում, որ այն ներկայացնելուց հետո լրջորեն կքննարկվի եւ հետագա ընթացք կունենա: Լինի Մել Գիբսոնը, թե կինոաշխարհի այլ ներկայացուցիչ, հատկապես, եթե այդ մարդիկ արեւմուտքից են` ոչ արհեստավարժ խոսակցություններն անլուրջ են: Նման դեպքում, այն մարդը, ով ցանկանում է պատմական ֆիլմ նկարահանել, նրա ձեռքին պետք է լինեն առնվազն մի քանի համառոտագրեր, սինոփսիս: Երբեք բանավոր մակարդակում նման խնդիրներ չեն լուծվում»: Այսինքն` Մել Գիբսոնին, նրա գործակալին կամ մեկ այլ պրոդյուսերի նախեւառաջ անհրաժեշտ է փոխանցել սինոփսիս, որը կարդալով` նա կհասկանա` դրանից ֆիլմ կստացվի՞, թե՞ ոչ, կամ սինոփսիսի հեղինակը հետագայում կարո՞ղ է գրել սցենարը, թե՞ ոչ: Վ. Մարտիրոսյանը պատմական ֆիլմ նկարահանելու շուրջ ստեղծված խոսակցությունները համարում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Ավելին` ներկայացվող կամ քննարկվող նախագծերը պետք է լինեին թափանցիկ եւ հրապարակային: «Թող մի փոքր ավել գումար ծախսեին եւ մրցույթ հայտարարեին: Դրանք չնչին գումարներ են այն խնդրի համեմատ, որոնք կցանկանար լուծել Կինոկենտրոնի տնօրենը կամ երկրի ղեկավարը»,- ասում է Վ. Մարտիրոսյանը:

Այնուամենայնիվ, գրող, կինոսցենարիստ Վ. Մարտիրոսյանը Կինոկենտրոնի տնօրենին եւ կինոգործիչներին հորդորում է ոչ միայն խոսել Կինոկենտրոնի հաջողությունների մասին, որոնք, համենայնդեպս, Վ. Մարտիրոսյանի համար առայսօր պարզ չեն, այլեւ` «Հայֆիլմի» հետ կապված խայտառակ պայմանագրի մասին. «Պետք է ներդրումներ կատարվեին, սպասարկող կառույցներ ստեղծվեին, եւ այլն, որոնք չեն կատարվել: Իմ ունեցած տեղեկություններով` պայմանագրային ժամկետները սպառված են, հետեւաբար, պայմանագրի կետերի համաձայն` «Հայֆիլմը» պետք է հետ վերադարձնել պետությանը: Այ սրա մասին թող խոսեն»: