Բուժիչ նամակներ

12/06/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բազմաշնորհ բուժարար զոպան

Անկրկնելի է հայոց աշխարհի բնությունը, եւ, ցավոք, մենք հաճախ չենք գիտակցում, թե ինչ հարստություններ են հենց այնպես կորչում մարդկային անտարբերության եւ չիմացության հետեւանքով։ Կարելի է հասկանալ, թե ինչու է Ա. Ամասիացին իր աշխատություններից մեկը կոչել «Անգիտաց անպետ». 15-րդ դարում հայ մարդը դեռեւս չուներ համազգային գիտելիքի այն պաշարը, որն ունի այսօր։ Մեր երկրում հազարամյակների ընթացքում բնահարմարվել են բույսեր, որոնք վաղուց ի վեր մտցված են այլ երկրների (հիմնականում` զարգացած) դեղաբանական ձեռնարկների մեջ, հատուկ մշակվում եւ օգտագործվում են դեղագործության մեջ։

Նկարագրելու ենք մի բույս, որի հայրենիքն են համարում Միջերկրական ծովի ափամերձ տարածքները, հետաքրքիր է, որ այն հանդիպում է Դաղստանի բնական պայմաններում։ Թեեւ արժե հիշել, որ հայերը երկար ժամանակ ռազմական ներկայություն են ունեցել այնտեղ` պաշտպանել Դերբենտի դարպասը։

Բույսն առնվազն երկու անգամ հիշատակվում է Կտակարանում։ Հրեաները օգտագործել են ճյուղերի փունջը տաճարներում բուրումնավետ հեղուկներ ցայելու համար։ Մի այլ տեղ գրված են Դավիթի խոսքերը.

– Լողացրու ինձ զուֆայով, եւ ես կմաքրվեմ։

Նման ուշադրությունը բույսի հանդեպ պատահական չէ, նրան ի վերուստ շնորհված են` գրավիչ բուրմունք, բարձր մեղրատվություն, գեղարվեստական տեսք, մանրէասպան հատկություններ։ Հազարամյակներ շարունակ օգտագործվել եւ շարունակում է օգտագործվել սննդի մեջ` որպես համեմունք, իսկ բուժիչ հատկությունների մասին գրել է դեռեւս Հիպոկրատը։

Կենտրոնական Եվրոպայում մշակվում է 10-րդ դարից։ Պաշտոնապես ընդունված է որպես դեղաբույս Ռումինիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Հունգարիայում արտադրվում է եթերային յուղ, որը ստացվում է Hyssopus angustifolius տեսակի վերգետնյա մասից։ Յուղը շատ հարգի է եւ թանկ, այն հաճախ են կեղծում։

Hyssopus angustifoluis` Զոպա (զուֆա, մշտիկ) նեղատերեւ ենթատեսակը տարածված է Լոռու եւ Սյունիքի մարզերում, այն ուսումնասիրվել եւ նկարագրվել է Երեւանի բուսաբանական այգում։

Որպես համեմունք օգտագործվում է վերգետնյա մասը, որը պետք է մթերեք ծաղկման շրջանում։ Օգտագործվում է թարմ եւ չոր վիճակում, չորացնելուց հետո պահպանում է հաճելի հոտը եւ դուրեկան դառնահամությունը։ Լայնորեն օգտագործվում է պահածոների մեջ, ձկնեղենի մշակման ժամանակ։

Զոպա նեղատերեւի կապույտ ծաղիկները հարուստ են ծաղկահյութով եւ փոշիով, հաճախ այն հատուկ աճեցնում են մեղվանոցների մոտ։

Որակային առումով մեղրը շատ բարձր է գնահատվում, այն խորհուրդ է տրվում որպես օժանդակ դեղամիջոց` բրոնխիտի եւ աղեստամոքսային հիվանդությունների բուժման շրջանում։ Մեղվատվությունը հավասար է մոտ 330 կգ (1 հա)։

Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, երբեմն` 30-60 սմ բարձրության կիսաթուփ, որի իլիկաձեւ ճյուղավորվող արմատը եւ դրանից դուրս եկող բազմաթիվ ցողունների ստորին մասերը փայտացած են։

Քառանիստ ցողունը խավապատ է, մազիկներին ուղղված են ներքեւ։ Տերեւներն ունեն խաչաձեւ հերթադիր դասավորություն, տերեւաթիթեղները գծային-նշտարաձեւ են, սրածայր, ամբողջաեզր, երկու կողմից եթերային յուղ արտազատող գեղձային մազիկներով ծածկված։ Կապտամանուշակագույն ծաղիկները տեղակայված են տերեւածոցերում 2-6 հատով, որոնք ցողունի վերին մասում կազմում են խիտ, հասկանման կեղծ ծաղկաբույլ։ Ծաղկում է ամռան վերջում։ Պտուղը եռանիստ-ձվանման է, մուգ շագականակագույն, հարթ, սուր կողերով` բաժանվում է չորս ընկուզիկների։

Աճում է ժայռերի, քարքարոտ լանջերի, կավահողերի վրա։ Լուսասեր է։ Սակայն կարող է հանդիպել այգիներում, ոչ խոնավ մարգագետիններում, անմշակ հողերի վրա։ Բույսի բերքատվությունը բարձր է առաջին 5-6 տարին։

Վերգետնյա մասը պարունակում է 0,5-1 տոկոս եթերային յուղ եւ 0,9 տոկոս ֆլավոններ, տանին, դառնանյութ, թթուներ (ուրսոլի եւ օլեանոլի), բուսախեժեր, ամինաթթուներ, ֆիտոնցիդներ։ Եթերային յուղը դեղնականաչավուն հեղուկ է, այն ունի բարդ բաղադրություն։ Կան տվյալներ, թե մուգ կապտավուն զոպայի տեսակները ավելի շատ եթերային յուղ են պարունակում, քան սպիտակ եւ վարդագույն ծաղիկներովը։ Սակայն որոշ հեղինակներ գրում են, որ սպիտակ ծաղիկից յուղի ելքը ավելի մեծ է` 90 տոկոսին մոտ։

Զոպայի թուրմը կիրառվում է որպես հակաբորբոքային, խորխաբեր, հականեխիչ, միզամուղ միջոց։ Մեղմացնում է կրծքավանդակի շրջանում պնեւմոնիայի, բրոնխիտի, ասթմայի հետեւանքով առաջացող ցավերը, օգտակար է աղեստամոքսային քրոնիկ բնույթի հիվանդությունների դեպքում, լավացնում է ախորժակը։ Կանոնավոր ողողումները թույլ են տալիս խուսափել ստոմատիտի, լնդերի բորբոքման սրացումներից։ Կոնյուկտիվիդի դեպքում խորհուրդ է տրվում լվանալ աչքերի եզրերը։ Կիրառում են արտաքին վերքերի, մաշկի մեխանիկական վնասվածքների բուժման համար։

Թուրմ ներքին օգտագործման համար. 1 թ/գ մանրացրած հումքը թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ.

– Որպես խորխաբեր միջոց օգտագործելիս քամեք գոլ վիճակում։

– Ստամոքսի խանգարման դեպքում թրմեք առնվազն 2 ժամ եւ օգտագործեք սնվելուց առաջ։

Զարթխում. Խմեք 100-200 մլ թուրմ կամ 30-40 կաթիլ զոպայի թարմ հյութ։

Մեծ է եթերային յուղի կիրառումը։ Այն խորհուրդ է տրվում հետեւյալ հիվանդությունների դեպքում` բրոնխների ասթմա, բրոնխիտ, պնեւմոնիա, ստենոկարդիա, անքնություն, գրիպ, դողէրոցք, փորկապություն, միզաքարային հիվանդություն, կոլիտ, նեւրոզ, դաշտանի խանգարում, մետեորիզմ, ականջի բորբոքում, էկզեմա, դերմատիտ, արտաքին վերքեր, կոտրվող եղունգներ, թառամող մաշկ, մաշկի սպիացում, գորտնուկ։

Հնուց համարվել է, որ զոպայի բուրմունքն օգնում է հարմարվել արտաքին ազդեցություններին, բարձրացնում է խարիզման, զրույց վարելու հմտությունը, ակտիվացնում ուղեղի աշխատանքը եւ կենտրոնացնում ուշադրությունը, թուլացնում նյարդային լարվածությունը, օգնում փոխակերպել կուտակված կյանքի փորձը կենսական էներգիայի, եւ հատկապես օգտակար է տարեց մարդկանց։

Եթերային յուղի օգտագործման չափաբաժինները.

– Արոմալամպի միջոցով` 4-6 կաթիլ -15 մ2 տարածքին։

– Ինհալացիաների տեւողությունը- սառը` 5-6, տաք` 4-7 րոպե։

– Լոգանք` 3-4 կաթիլ, թրջոց` 4-6 կաթիլ։

– Որպես հավելում կոսմետիկ միջոցների մեջ` 4-6 կաթիլ` 15 գրամի մեջ։

– Մերսում` խառնեք 3-5 կաթիլ 10 գ բուսայուղին։

– Մանյակի (մեդալիոն) մեջ` 2-3 կաթիլ։

– Ներքին` 1-2 ական կաթիլ, օրը 2 անգամ` մեղրի կամ մուրաբայի հետ, վրայից` հյութ, մածուն կամ ջուր։

Հակացուցումներ` հղիություն, էպիլեպսիա, փսիխոզ, մկանի ջղակծկում։