ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանրաքվեի արդյունքների կեղծիքները փորձում է իր եւ իր ղեկավարած «Օրինաց երկրի» վրայից գցել: Առջեւում ԱԺ եւ նախագահական ընտրություններն են, եւ նա պետք է փորձի այս կեղծիքների տակից ինչ-որ կերպ դուրս գալ: «Մաքրվելու» իր նախընտրած ուղին եղավ պոպուլիզմը, որին նա շատ հաճախ է դիմում: Ա. Բաղդասարյանը հարցազրույց տվեց եւ հայտարարեց՝ «Ակնհայտ է, որ լցոնումներ եղել են, եւ ես համամիտ եմ, որ այն մեզ պատիվ չի բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցել, գործել են մեր առաջընթացի դեմ»: Ապա, թե՝ «…ժողովուրդը շատ լավ էլ գիտի՝ ով ով է, ով ինչ է ասում ու ինչ է անում, ում հավատալ, ում՝ ոչ, անկախ նրանից, ով ինչ է ասում իրեն»,- իրավացիորեն ասում է Ա. Բաղդասարյանը: Ժողովուրդը նաեւ գիտի, որ հանրաքվեում կատարված ընտրակեղծիքներում անուրանալի լումա ունի «Օրինաց երկիրն»` իր պատգամավորական խմբակցությամբ հանդերձ։ «Օրինաց երկրի» բոլոր պատգամավորները, առանց բացառության, իրենց ընտրատարածքներում մասնակցել են կեղծիքների։ Կեղծարարության մեջ հատկապես առանձնանում են Վռամ Գյուլզադյանը, ով Ստեփանավանում հայտնի է «Կարտոֆիլի Վռամ» մականունով, եւ Սամվել Բալասանյանը՝ Գյումրիում։ ՕԵԿ անդամներից առանձնապես աչքի է ընկել Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, ով նաեւ Սեւանի ՕԵԿ տարածքային կառույցի ղեկավարն է։ Կեղծարարության գործընթացում նշված ՕԵԿ-ականներից ոչնչով հետ չի մնացել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը։ Եվ, վերջապես, «Այո» շտաբի պետն ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էր:
Մ.Ն.