Ընդհանուր արժեքների վրա

09/06/2012

«ԱՄՆ պետքարտուղարի այցը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին ԱՄՆ-ի կողմից»,- երեկ իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցին: «Սա պետքարտուղարի երկրորդ այցն էր Հայաստան, որը հստակ մատնանշում է այն կարեւորությունը, որ տրվում է Հայաստանին ու տարածաշրջանին պետքարտուղարի եւ նախագահի կողմից: Քսանամյակի թեմայից զատ` պետքարտուղարը բոլոր հանդիպումներում եւ բոլոր միջոցառումների ժամանակ շեշտադրեց գործընկերությունն ու արժեքները: Նա հանդիպում ունեցավ Հայաստանում պարգեւների արժանացած 11 անձանց հետ, որոնց թվում էին մարդու իրավունքների պաշտպանի, խիզախ կնոջ, կառավարության բարեփոխումների առաջատարի, քաղաքացիական ակտիվության, ինչպես նաեւ մամուլի ազատության մրցանակներին արժանացած անձինք: Մեր այս հիանալի գործընկերների մասին ես առանձին տեսաբլոգ կներկայացնեմ առաջիկա շաբաթների ընթացքում,- ասել է Հեֆերնը` ավելացնելով,- Պետքարտուղարի այցը մեկ անգամ եւս ի ցույց դրեց, որ իրական գործընկերությունը խարսխվում է ընդհանուր արժեքների վրա»: