Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում հաստատված հարաբերական անդորրը կարելի է բնորոշել որպես սպասում կամ դիրքավորում` «մեծ առեւտրից» առաջ: Խոսքը, բնականաբար, 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների մասին է: Եթե մինչեւ հաջորդ տարվա փետրվար Հայաստանում կամ Հայաստանի շուրջ շատ անսպասելի զարգացումներ չլինեն, եւ քաղաքական ուժերը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավ մուտք գործեն ներկայիս դասավորվածությամբ, ապա դրանց ելքը ավելի կամ պակաս չափով կարելի է կանխորոշված համարել: Անգամ այն դեպքում, եթե ձեւավորվեն «աննախադեպ դաշինքներ», «նախընտրական կոալիցիաներ», գործող նախագահ Սերժ Սարգսյանը, մեծ հավանականությամբ, կշարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը նաեւ 2013 թվականից հետո: Հաշվի առնելով մի կողմից` մայիսի 6-ի «փայլուն» ընտրությունները, մյուս կողմից` նաեւ այն վիճակը, որում գտնվում են քաղաքական ուժերը: Այսօր արդեն կանխատեսումներ են հնչում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է չառաջադրվել 2013թ. ընտրություններում, սակայն, նույնիսկ, եթե առաջադրվի, այլեւս չի կարող լինել 2008 թվականի ընտրությունների նման հաղթող թեկնածու: Իսկ եթե չի առաջադրվում Լ. Տեր-Պետրոսյանը, ապա նրա փոխարեն ՀԱԿ-ից որեւէ մեկի թեկնածության քննարկումն իսկ` ընտրություններում հաղթելու տեսանկյունից, անիմաստ է: Նույնը վերաբերում է ընդդիմության մյուս թեւին` «Ժառանգություն», «Հանրապետություն» կուսակցություններին ու նրանց պոտենցիալ դաշնակիցներին, եթե նրանց միասնական թեկնածուն պետք է լինի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նույնը կարելի է ասել նաեւ այդ ուժերի կողմից մեկ այլ թեկնածու առաջադրելու դեպքում: Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ նշված ու չնշված թեկնածուներն իրենց որակներով զիջում են Սերժ Սարգսյանին: Պարզապես անցած խորհրդարանական ընտրություններից հետո այդ քաղաքական ուժերի ցուցաբերած վարքագիծը գոնե առայժմ հասարակության կոնսոլիդացիայի առանցք դառնալու հավատ չի ներշնչում: Եվ, որ ամենակարեւորն է` խորհրդարան անցած բոլոր ուժերը` անկախ հռետորաբանության տարբերությունից, ընդունել են ընտրական այն կանոնները, որոնք ակնհայտորեն գործելու են նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Բնականաբար, նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն է` անձամբ կամ մեկ այլ թեկնածուի միջոցով, ինչն էլ կկանխորոշի ԲՀԿ-ի դիրքորոշումը: Սակայն դա եւս մեծ հաշվով հազիվ թե կարող է բեկումնային ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Եթե անգամ Ռ. Քոչարյանն անձամբ առաջադրվի, ապա դա չի կարող ունենալ «վերադարձի այն էֆեկտը», ինչ ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանը 2008 թվականին: Այլ թեկնածու առաջադրելու դեպքում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, անգամ ՀԱԿ-ի հրապարակային կամ թաքնված աջակցության դեպքում, ընդամենը ապագա իշխանական համակարգում ավելի մեծ մասնաբաժին ունենալու խնդիր են լուծելու, որը կարող է արտահայտվել, ասենք, նույն Ռ. Քոչարյանի` վարչապետ դառնալով: Իսկ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ-ի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ նախագահական ընտրություններում այդ ուժը չի կարող անցնել «խիստ կառուցողականության» սահմաններից: Այսինքն` ներկայիս պայմաններում նախագահական ընտրություններում ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունեցող գրեթե բոլոր ուժերը խաղի մեջ են մտնելու Սերժ Սարգսյանի վերընտրության կանխավարկածով: Այդ ուժերի դիրքորոշումից ու վարքագծից է կախված լինելու, իհարկե, այն, թե որքանով հարթ կամ անհանգիստ կանցնեն նախագահական ընտրությունները, որքանով ուժեղ կամ թույլ կլինի Ս. Սարգսյանի ապագա իշխանությունը: Եվ հենց դա էլ դառնալու է առաջիկա զարգացումների հիմնական լեյտմոտիվը: Այսինքն` բոլոր ուժերը` առանձին կամ միասնաբար, գործող իշխանության հետ առեւտրի մեջ են մտնելու նախագահական ընտրություններում սեփական դիրքավորվածությունը «վաճառելու» նպատակով: