«Բաքվի ու Երեւանի միջեւ լարվածությունը հասել է վերջին տարիների աննախադեպ նշագծին: Միայն այս շաբաթ Ադրբեջանի հետ սահմանամերձ հայկական շրջաններում կասեցվել է մի քանի դիվերսիոն գործողություն, ինչից հետո մարտեր են սկսվել նաեւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում»,- երեկ գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը, որի հոդվածագիր Յուրի Ռոկսի փոխանցմամբ, երկու կողմերն էլ ունեն կորուստներ ու վիրավորներ: Կատարվածի առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Թուրքիան: «Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից ու Ադրբեջանի գործընկեր Ռուսաստանն արձագանքեց ամենավերջինը: Ռուսաստանը նախընտրում է չմիջամտել հայ-ադրբեջանական դիմակայությանը: Երեւանի ու Բաքվի միջեւ լարվածության մեծացման եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԵԱՀԿ-ի խաղաղության կոչերի ֆոնին զարմանալի է մնում Մոսկվայի արձագանքի բացակայությունը, որը Հարավային Կովկասը հռչակել է իր աշխարհաքաղաքական շահերի ավանդական գոտի: Միայն հինգշաբթի` օրվա երկրորդ կեսին, Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հույս հայտնեց, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ նրանց կհաջողվի մեղմել իրավիճակը, իսկ մինչ այդ կողմերը զսպվածություն կցուցաբերեն»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ըստ հոդվածագրի` ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ֆրանսիան գրեթե միաժամանակ հանդես եկան լարվածության սրումը դադարեցնելու կոչերով, իսկ Հայաստանը խստորեն մեղադրեց ադրբեջանական կողմին: Ադրբեջանն էլ պատասխան մեղադրանք հնչեցրեց Հայաստանի հասցեին` կատարվածը որակելով որպես «հայկական զինված ուժերում հսկողության բացակայության հետեւանք»: «Ադրբեջանի Գլխավոր շտաբն էլ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մեր բանակին անհրաժեշտ է ընդամենը 10 օր` գրավյալ տարածքներն ազատագրելու եւ Իրանի ու Հայաստանի պետական սահմանները հատելու համար: Մեզ կանգնեցնող միակ պատճառն այն է, որ արյուն ու զոհ չենք ցանկանում»,- գրել է «Նեզավիսիմայա գազետան»` ավելացնելով, որ հայկական կողմը սա համարեց հարեւան երկրի ագրեսիվ ծրագրերի վառ ապացույց: