«Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով հանդես գալու` ԱՄՆ-ի ցուցաբերած պատրաստակամությանը` մոտ ապագայում չպետք է բեկում սպասել բանակցային գործընթացում»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի` ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Նախորդ տարվա ամռանը Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ձախողումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները հանգեցրին բանակցային գործընթացի նիրհին: Գործընթացին նոր ազդակ հաղորդելը կպահանջի որոշակի ժամանակ: Հենց նոր են տեղի ունեցել Ռուսաստանի ու Ֆրանսիայի ընտրությունները, ԱՄՆ-ում դրանք սպասվում են աշնանը, իսկ 2013 թվականին Հայաստանում ու Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացում բեկում գրանցելը հնարավոր կլինի, նախքան գործընթացում ներգրավված բոլոր երկրների ընտրությունների ավարտը: Ներկայիս դրությամբ` Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ միայն այնպիսի պարզ հարցերում, ինչպիսին է շփման գծում ուժեղացված դիտարկում անցկացնելը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ուժեղացնել դիտարկումը` հաշվի առնելով վերջին օրերին գրանցված միջադեպերը: Դրանց կանխման համար անհրաժեշտ է նվազագույնը վստահություն հաստատել հակամարտող կողմերի միջեւ»,- ասել է նա: Ըստ Ֆրեյզերի, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը մնում է բավական լարված, հակամարտությունը սպառնում է թեւակոխել վատթարագույն փուլ: «Վերջին ամիսներին գնալով ավելի են հաճախակիանում բանակցային գործընթացում փակուղային իրավիճակի եւ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման հավանականության մասին լուրերը: Սակայն, եթե հակամարտող կողմերից մեկը որոշի դիմել խնդրի ուժային կարգավորման տարբերակին, ապա այդ պատերազմը կարող է ձգձգվել երկար տարիներ: Դա չի լինի հնգօրյա պատերազմ, ինչպես Վրաստանում էր: Ավելին, այդ պատերազմը կարող է իրենում ներառել Ադրբեջանի, Հայաստանի մնացյալ տարածքը եւ անգամ` Վրաստանը: Գործին կարող են միջամտել Թուրքիան ու Ռուսաստանը»,- նշել է նա: