Երեկ կայացած ասուլիսում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը մտավախություն է հայտնել, որ 2014թ.-ին Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմական գործողությունները: «2014-ին լրանում է զինադադարի պայմանագրի 20-ամյակը, եւ դա կարծես պայմանագրի վերջը լինի հոգեբանորեն: Ադրբեջանի ուղերձն այն է, որ մինչեւ այդ ժամանակը, եթե գործընթացում չլինի որեւէ առաջընթաց, նրանք պատերազմի կգնան: Պատերազմի վերսկսման համար կարեւոր հանգամանք է այն, որ Ադրբեջանի նավթային ռեսուրսները սկսում են սպառվել, ինչպես նաեւ առաջիկա երկու տարիները տալիս են նրանց բավականաչափ ժամանակ ռազմական ռեսուրսներ ձեռք բերելու համար»,- իր մտահոգությունը այսպես է հիմնավորել Կիրակոսյանը` ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից նման քայլի գնալու համար նպաստավոր հանգամանք է Ռուսաստանում անցկացվելիք ձմեռային օլիմպիադան, քանի որ Ադրբեջանը հույսը կարող է դնել նրա վրա, որ Ռուսաստանի համար ավելի կարեւոր է օլիմպիական խաղերի լավ անցկացումը, քան տարածաշրջանի պատերազմը: «Եթե հիմա Ադրբեջանը պատերազմ սկսի` կպարտվի: Հայաստանը պատրաստ է պաշտպանելու իր տարածքները»,- ասել է Կիրակոսյանը` ավելացնելով, որ Հայաստանում համեմատաբար թույլ է միայն Ազգային անվտանգության ոլորտը: Ըստ քաղաքագետի, ազգային անվտանգության խորհուրդը պետք է լինի ակտիվ ու պրոֆեսիոնալ: «Ավելի պրոֆեսիոնալ մարդիկ պետք է ղեկավարեն ու պատասխանատու լինեն, ոչ թե քաղաքական գործիչներ»,- ասել է Կիրակոսյանը: