Այս տարվա ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում, Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի միջեւ ընկած հատվածում, հայտնաբերվեց երեք հայ զինծառայողի դիակ: Պաշտոնական վարկածն այդ ժամանակ էլ շատ անսպասելի էր` ադրբեջանական դիվերսիոն-դեսանտային խումբ է մուտք գործել ՀՀ զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք: Ադրբեջանցիներն էլ սպանել էին մեր զինվորներին, ապա անպատվել նրանց անկենդան մարմինները: Սա նշանակում է, որ դեռեւս ապրիլի վերջին հայտնի էր, որ ադրբեջանցի դիվերսիոն խմբեր կան Հայաստանի սահմանի մատույցներում: Եվ որ դրանք, իրենց առաջ դրած այդ մի նպատակը հաջողությամբ իրականացնելուց հետո, դարձյալ նման քայլի կդիմեին: Սակայն այս պատմությունը շատ արագ մոռացվեց: Այնքան արագ, որ հունիսի չորսին կատարվածն ուղղակի անակնկալի բերեց ողջ Հայաստանը. ադրբեջանցի դիվերսիոն խումբը մտնում է Տավուշի մարզի Չինարի գյուղ եւ հենց զորամասում սպանում մեր երեք զինվորներին: Վեց հոգի վիրավորվում են:
Հակառակորդը հաջորդ օրը եւս փորձել է անցնել մեր երկրի սահմանը. ըստ ՊՆ տարածած հաղորդագրության` ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Սակայն, բարեբախտաբար, «հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է եւ վնասազերծվել»: Հետո արդեն ազգովի հաշվում ենք, թե քանի-քանի ադրբեջանցի զինվոր է զոհվել հայկական կողմի պատասխանից: Քանիսն էլ կյանքին հրաժեշտ են տվել` գլխին պատահաբար ընկած աղյուսից:
Թե ինչու հակառակորդը հաջողեց հունիսի 4-ին, դրանից առաջ` նաեւ ապրիլի 27-ին, հատել մերի երկրի սահմանն ու մեր երկրի տարածքում սպանել մեր զինվորներին, հնչում է որպես ոչ հրատապ ու անգամ դավադիր հարց: Եվ ոչ մի պատասխանատու էլ չի շտապում բացատրել. ժամանակը չէ: ԱԺ պատգամավորներ` գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը փորձեցին իրենց պատկերացրածի չափով լիցքաթափել մթնոլորտը. հորդորեցին սահմանամերձ շրջանի բնակիչներին «դուխը չգցել», քանի որ իրենք «հո մեռած չե՞ն»: Վերհիշեցին, որ ժամանակին «թուրքին շան ծեծ են տվել», իսկ Բաքվում դեռ անավարտ գործեր ունեն: Երկրի նախագահն էլ Ճապոնիայից հանդարտեցնելու փորձ արեց` նշելով, թե հակառակորդի ամեն նմանատիպ քայլը համարժեք արձագանք կունենա: Թեեւ չի բացառվում, որ ընդհատված եւ Հայաստան վերադարձած Սերժ Սարգսյանը խնդրի վրա միջազգային ուշադրությունն ավելի կհառեր եւ ցույց կտար, թե որքան կարեւոր է երկրի ղեկավարության համար իր յուրաքանչյուր զինվորի մահը:
Գուցե ոմանց այս հայտարարությունները սփոփեցին, սակայն իրականությունը դրանից չփոխվեց. ըստ ՊՆ հաղորդագրությունների, սահմանամերձ գոտում հրադադարի խախտումներն ավելի ինտենսիվ են դարձել: Դժվար է ասել` ի՞նչ հիմքով պետք է սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց «դուխը չգցեն»: Ամեն դեպքում, Նոյեմբերյանում բնակվող զարմուհիս երեկ ասաց, որ մարդիկ արդեն սովոր են կրակոցներին, ավելի զգույշ են: Որ փակ է Իջեւան-Նոյեմբերյան պետական նշանակության ճանապարհը: Եվ, որ տեղացիները, հատկապես դիմորդները, ընդունելության քննությունները հանձնելու նպատակով Իջեւան են ուղեւորվելու Բաղանիս գյուղով: Իսկ դա եւս անվտանգ չէ. ըստ բնակիչների` այս ճանապարհին էլ սողանքների հավանականությունն է մեծ:
Հետաքրքիր է, որ սահմանամերձ գյուղերի մեր բնակիչներն ավելի ադեկվատ են, իրականությունն ավելի սթափ են գնահատում, քան ադրբեջանցիների դիվերսիոն խմբերից անհամեմատ հեռու քաղաքաբնակներս:
Մայրաքաղաքում իրենց բողոքի ալիքն` ընդդեմ ադրբեջանցիների ագրեսիայի, բարձրացրեցին քաղաքական որոշ գործիչներ եւ հասարակական կազմակերպություններ: Սգո երթով մայրաքաղաքի փողոցներով շրջում էին «Հայազն» միության երիտասարդ անդամները: Նրանք բազմաթիվ կետերից բաղկացած նամակներ ունեին: Ինձ համար խիստ անակնկալ էր նամակի կետերից մեկը. «Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը. թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ` ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի եւ ներառի ժողովրդագրական համամասնությունը, ինչպես նաեւ պատժիչ եւ կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում` զոհերի մեկին տասը հարաբերությունն այն նվազագույնն է, որ կարող է, ըստ էության, համարժեք համարվել: Համարժեք պատասխանն` առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաեւ անցյալում պատճառած բոլոր կորուստներին»:
Կփոխվի՞ իրավիճակը, երբ կողմերը բազում զոհեր տան: Մեր յուրաքանչյուր զինվորի մահը ողբերգություն է: Սակայն ինքս կողմ եմ, որ այդ մահը կանխվի` բարձրաստիճան զինվորականների զգոնության, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե` յուրաքանչյուր երիտասարդի կյանքի գինը լինի տասը այլ երիտասարդի կյանք, թող որ` ադրբեջանցի: Նրանք էլ երիտասարդ տղաներ են, ունեն ծնողներ, երեխաներ: Եվ առաջին գծում հայտնվում են նույն պատճառով, ինչ պատճառով այնտեղ են հայտնվում հայ տղաները:
Ինքներս գիտենք` առաջին գծում, որպես կանոն, ծառայում են այն տղաները, ովքեր կա՛մ այնքան խեղճ են, որ ավելի ապահով տեղում ծառայելու հնարավորություն չեն ունեցել, կա՛մ սեփական ցանկությամբ են այդտեղ հայտնվել: Թե՛ Հայաստանում, թե՛ առավել եւս` Ադրբեջանում, խաղաղ պայմաններում բանակում զինվորներ են սպանվում, ինքնասպան լինում: Թե ինչ ընթացք է ստանում այդ զինվորների մահվան հանգամանքների քննությունը, լրացուցիչ անդրադարձի կարիք չունի: Այնպես որ, երիտասարդների կյանքը մեծագույն արժեք է: Այն պետք է պահպանել` առանց ազգային պատկանելությունը մատնացույց անելու: Ամեն դեպքում, այդպես կվարվեին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, եթե իմաստուն լինեին: