Նախորդ համարում մենք անդրադարձել էինք դոլարի փոխարժեքի խնդրին եւ այն կարծիքներին, որ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ օգտակար է տեղական արտադրող-արտահանողներին։ Գրել ենք նաեւ, որ մեր արտահանման կեսից ավելին բաժին է ընկնում եվրոպական երկրներին, եւ ըստ էության, եվրոյի փոխարժեքն այս առումով ավելի մեծ դեր պետք է խաղա, քան դոլարինը։ Իսկ ի՞նչ ենք մենք ընդհանրապես արտահանում, դեպի ու՞ր եւ որքա՞ն։ Այդ ուսումնասիրության արդյունքը բավականին հետաքրքիր եզրահանգումների է բերում։
Նախ` սկսենք նրանից, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է արտաքին առեւտրի ցուցանիշները` ըստ տարբեր երկրների։ Այդ հրապարակումից չի երեւում, թե կոնկրետ որ երկիր ինչ ապրանք է արտահանվում կամ որտեղից ինչ է ներմուծվում։ Այս տարվա սկզբից տեղեկատվության այդ բացը լրացրեց Պետեկամուտների նախարարությունը։ ՊԵԿ-ի մաքսային կառույցը սկսեց հրապարակել արտաքին առեւտրի ցուցանիշները` ըստ ապրանքի եւ երկրի։ Այսինքն՝ յուրաքանչյուր երկրի համար քառանիշ դասակարգմամբ նշվում է, թե ինչ ապրանքներ են շրջանառվել։ Իհարկե, եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ երկիրը, կարող եք տեսնել, թե այդ երկրի հետ մեր առեւտուրն ինչ կառուցվածք ունի։ Սակայն, եթե ցանկանաք ստանալ ամբողջական, ամփոփ տեղեկատվություն, թե կոնկրետ ապրանքի գծով բաշխումը ինչպիսին է, մի քանի հազար տողանոց այդ ցանկից չափազանց դժվար է։ Օրինակ, եթե ցանկանում եք իմանալ, թե հանքային ջրեր որ երկրներ ենք առաքում, որպեսզի հասկանաք, թե որն է հայկական հանքային ջրի ամենախոշոր սպառողը, ապա ստիպված կլինեք հատ առ հատ գտնել, գումարել հանքային ջրի առեւտրի ցուցանիշները բոլոր երկրների համար։ Դա չափազանց ժամանակատար գործ է։
Սակայն մենք փորձել ենք արտահանման ամենակարեւոր ապրանքների մասով նման համեմատություն կազմել։ Վերցրել ենք ՊԵԿ-ի հրապարակած 2011թ. ընթացքում առավել բարձր մաքսային արժեք ունեցող արտահանված ապրանքների ցանկը եւ ներկայացրել, թե ովքեր են մեր գնորդները 37 անուն ապրանքների գծով։ Նշենք, որ այդ ցանկում ներառված 37 անուն ապրանքների գումարային արժեքը կազմում է 1.22 միլիարդ դոլար (ողջ արտահանումը եղել է 1.33 միլիարդ)։ Այսինքն, ցանկը պատկերացում է տալիս արտահանման ամբողջ կառուցվածքի մասին՝ չնչին բացառություններով։
Օրինակ, հեշտությամբ կարելի է տեսնել, թե ում ինչ ենք վաճառում։ Ասենք, ցանկից պարզ է, որ 2011թ. ցեմենտի ամբողջ արտահանումը բաժին է ընկել Վրաստանին։ Համոզված ենք, որ ընթերցողն ինքն այս աղյուսակից կգտնի իրեն հետաքրքրող տվյալները, այդուհանդերձ, մի քանի ուշագրավ փաստեր առանձնացրել ենք։
1. Ինչպես բազմիցս նշվել է, մեր արտահանման կառուցվածքը ըստ ապրանքների` դիվերսիֆիկացված չէ. արտահանում ենք հիմնականում հանքահումքային ապրանքներ։ Սակայն ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ արտահանումը դիվերսիֆիկացված չէ նաեւ երկրների առումով։ Այսինքն, մեր արտահանման «ողնաշարը» կազմող հիմնական ապրանքատեսակների գծով ունենք մեկ կամ երկու գնորդ։ Օրինակ, մոլիբդենը (ոչ թե մոլիբդենի խտահանքը) 2011թ. ամբողջությամբ գնել է Գերմանիան (15.6 մլն դոլարի), ցինկը՝ Կորեան, էլեկտրաէներգիան եւ կենդանիները՝ Իրանը, ոսկին եւ ադամանդը՝ Կանադան, իսկ ցեմենտի միակ գնորդը եղել է Վրաստանը։ Կամ մեկ այլ օրինակ՝ Բուլղարիան 2011թ. տվյալներով մեր արտահանման հիմնական ուղղություններից մեկն է, սակայն դեպի այդ երկիր մեր արտահանումը գրեթե ամբողջությամբ պղնձի հանքաքար եւ խտահանք է։ Կարճ ասած, ամեն մի արտահանող գտել է իր հիմնական շուկան եւ «գծի վրա ընկած»` աշխատում է։
2. Մեր պաշտոնյաներն ամեն առիթով խոսում են տեղական դեղագործության զարգացման մասին։ Դեղագործական ընկերություններն էլ նրանց հետ ձայն ձայնի տված` պնդում են, որ իրենց արտադրությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, եւ իրենք արտահանում են եվրոպական երկրներ։ Սակայն մաքսայինի տվյալներից պարզ է դառնում, որ հայկական արտադրության դեղամիջոցները ոչ մի եվրոպական երկիր չեն արտահանվել։ Դրանց հիմնական գնորդները եղել են Վրաստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը եւ ԱՊՀ մյուս պետությունները։ Իսկ դա նշանակում է, որ դեղորայքի եվրոպական շուկան մեզ համար փակ է։
3. Եվրոպայի մասին խոսելիս մենք միշտ առանձնացնում ենք Ֆրանսիային՝ որպես մեր գլխավոր «ուղեկցող»` դեպի եվրոպական համայնք։ Սակայն առեւտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գերմանիան մեր տնտեսության համար շատ ավելի կարեւոր երկիր է։ 2011թ. դեպի Գերմանիա արտահանվել է 158 միլիոն դոլարի ապրանք, իսկ դեպի Ֆրանսիա՝ ընդամենը 9.6 միլիոն դոլարի։ Գումարային արժեքից բացի, պակաս կարեւոր չէ նաեւ ապրանքատեսականին։ Առավել բարձր մաքսային արժեք ունեցող արտահանվող 37 անուն ապրանքներից Գերմանիան մեզնից գնում է 12 անուն, մինչդեռ Ֆրանսիան՝ ընդամենը 5։ Ֆրանսիա արտահանում ենք հիմնականում հաղորդակցության սարքերի մասեր եւ ձուկ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է ֆրանսիացիների հանդեպ դադարենք բարյացակամ լինել։ Պարզապես պետք է նկատի ունենալ, որ Գերմանիայի հետ մեր հարաբերություններին պակաս ուշադրություն դարձնել չի կարելի։ Քաղաքականությունը եւ տնտեսությունը, ի վերջո, սերտորեն փոխկապակցված են։
Կան նաեւ զավեշտալի տվյալներ։ Օրինակ, պարզվում է, որ մեր արտահանման կառուցվածքում բավականին մեծ տեսակարար կշիռ ունի Բենինը՝ 308 հազար բնակչություն ունեցող աֆրիկյան մի պետություն, որը նախկինում կոչվում էր Բրիտանական Հոնդուրաս։ Բենինը մեզնից գնում է սեւ մետաղի եւ պղնձի ջարդոն։ Հայաստանից սեւ մետաղի ջարդոնը շարունակում է հոսել նաեւ դեպի Իրան։ 2009թ. այդ ապրանքախմբի արտահանումը դեպի հարեւան երկիր կազմել է 80.227 տոննա։ Մաքսային արժեքը կազմել է շուրջ 4 միլիոն դոլար, այսինքն՝ կիլոգրամը 5 ցենտ։
Արտահանման վիճակագրության համաձայն, Հայաստանը 2011թ. արտահանել է կայծային բռնկումով ներքին այրման շարժիչ ՝ 4.5 միլիոն դոլարով։ Ուրախալի ցուցանիշ է, որը կարելի էր ներկայացնել որպես արտահանման կառուցվածքի որակական փոփոխություն։ Սակայն ոգեւորությունը մի քիչ խամրում է, երբ տեսնում ենք, որ արտահանվել է ընդամենը 2 հատ շարժիչ։ Մեկը վաճառվել է Իսպանիային՝ 3.5 միլիոն դոլարով, մյուսը` Ռուսաստանին՝ 1100 դոլարով։
Իսկ մեր հայտնաբերած ամենազավեշտալի ցուցանիշը վերաբերում էր ավտոմեքենաներին։ Պարզվում է՝ 2011թ. ընթացքում Հայաստանն արտահանել է 685 հատ մարդատար ավտոմեքենա՝ 5.4 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Որքան էլ զարմանալի լինի, 3 մեքենա ենք արտահանել անգամ դեպի Գերմանիա՝ 107.1 հազար դոլար արժեքով։ Սկզբում մտածում էինք՝ միգուցե գերմանացիները մեր «ԵրԱԶ»-ներից են գնել հետաքրքրության համար։ Սակայն դժվար թե «ԵրԱԶ»-ի համար վճարեին միջինը 35 հազար դոլար։
Դե, իսկ մեքենաների արտահանման գծով առաջին տեղում Վրաստանն է։ Պարզվում է՝ արտահանված 685 մեքենաներից 573-ը ուղեւորվել են դեպի Վրաստան։ Կարելի է, իհարկե, այդ երեւույթը բացատրել նախորդ տարվա ընթացքում մեր կառավարության որոշ քայլերով (օրինակ՝ պարտադիր մաքսազերծման պայմանը եւ այլն), սակայն դա եւ մնացած հետեւությունները թողնենք ընթերցողին։ Համոզված ենք, որ ցանկություն ունենալու դեպքում կարող եք հետաքրքիր «բացահայտումներ» անել։