ՊԵԿ-ը պարզաբանել է

09/06/2012

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում պարզաբանել է նախօրեին Բագրատաշենի անցակետում ստեղծված իրադրությունը: Դրանում մասնավորապես նշված է. «Այսօր, վաղ առավոտյան որոշ լրատվամիջոցներ «Ծանր իրավիճակ` Բագրատաշենի մաքսակետում. 12 ժամ սոված մնացած մարդիկ պետք է եւս 1 օր սպասեն» վերնագրված հոդվածում անդրադարձել են երեկ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին` կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով տեղի ունեցած դեպքերին: Իսկ տեղի է ունեցել հետեւյալը. երեկ կեսօրին Թուրքիայից վերադարձող «զբոսաշրջիկներով» միանգամից հինգ ավտոբուս մոտեցել է Բագրատաշենի մաքսակետին: Նախքան առաջին ավտոբուսի զննումը «զբոսաշրջիկները» շուրջ 4-5 ժամ քննարկել եւ չեն կարողացել կողմնորոշվել` մաքսային ձեւակերպումները կատարել Բագրատաշենի մաքսակետո՞ւմ, թե՞ Երեւան հասնելուց հետո: Այդ ընթացքում մաքսատան աշխատակիցները, որոնք, ի դեպ, իրենց գործողություններում առաջնորդվել են բացառապես մաքսային ծառայողի էթիկայի կանոններին համապատասխան, արտահերթ սպասարկել են բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրականում եղել են զբոսաշրջիկներ եւ չեն ունեցել առեւտրային քանակության բեռներ (ԱՄՆ հայազգի քաղաքացիներ, տարեցներ եւ երեխաներ): Սահմանը հատող մյուս «զբոսաշրջիկների» «ուղեբեռների» զննության ժամանակ ոմանք, ովքեր հասցրել էին այդ ընթացքում ժամանակն իզուր չվատնել եւ ոգելից խմիչք էին օգտագործել, սկսել են խոչընդոտել մաքսային ծառայողների աշխատանքը` չենթարկվելով նրանց օրինական պահանջներին եւ դրսեւորելով ակնհայտ ագրեսիվ պահվածք: Այդ առումով, հատկապես, աչքի են ընկել քաղաքացիներ Կարեն Կիրակոսյանը, Կամո Շահբազյանը, Էդմոնդ Հակոբյանը, ովքեր փորձել են իրենց բեռները տեղափոխել` առանց մաքսային ձեւակերպումների` այդպիսով խուսափելով սահմանված չափը զգալիորեն գերազանցող ապրանքների համար վճարում կատարելուց, ինչը, բնականաբար, չէր կարող թույլատրվել մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: Ավելորդ չենք համարում նշել, որ մեկ ավտոբուսի զննումը զբաղեցրել է շուրջ երկու ժամ: Այսօր վաղ առավոտյան հունիսի 7-ի կեսօրին մաքսակետ ժամանած 5 ավտոբուսներից վերջինն արդեն ճանապարհ էր ընկել Բագրատաշենի մաքսակետից»: ՊԵԿ-ը հիշեցրել է նաեւ, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, ֆիզիկական անձինք կարող են 180 օրը մեկ անգամ, առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ` տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50կգ-ն, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 դրամը: «ՊԵԿ-ը տեղեկացնում է որպես զբոսաշրջիկ ներկայացող այն քաղաքացիներին, ովքեր իրականում առեւտրային գործունեություն են իրականացնում` առնվազն ամիսը մեկ անգամ փորձելով օգտվել վերոհիշյալ արտոնությունից, որ այսուհետ եւս հետեւողական է լինելու մաքսային օրենսդրության այդ պահանջի կատարման հարցում»: