Փակ շուկայի նախագիծը շուտով կներկայացվի

09/06/2012

«Մեդիամաքսի» թղթակցի հետ զրույցում «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը` անդրադառնալով Փակ շուկայի խնդրին, ասել է, թե շուկայի վերակառուցման նախագիծը պատրաստ է, եւ շուտով այն կներկայացվի հանրությանը: «Սեփականատիրոջ կողմից ներկայացվելիք նախագիծը գրեթե պատրաստ է: Որոշ հարցերի հստակեցումից հետո այն կներկայացվի Մշակույթի նախարարությանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի եւ նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովն առաջարկել էր 5 կետ, որոնք մատնանշել են շուկայի վերականգնման գործընթացը»,- ասել է Գրիգոր Ազիզյանը: Ըստ նրա` սեփականատիրոջ առաջարկած նախագծով շուկայի նկուղում նախատեսված է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի: Վերգետնյա հատվածում շուկայի նախկին տեսքը փոփոխությունների չի ենթարկվի: «Արտաքին տեսքի ընդհանուր փոփոխություններ չեն լինի: Միայն ստորգետնյա կայանատեղիի կառուցման համար շենքի երկու կողմից կարվեն մուտքեր, որոնք թույլ կտան մեքենաներին իջնել ավտոկայանատեղի: Կայանատեղիից վերեւ կտեղադրվեն շարժասանդուղքներ, որտեղից մարդիկ կբարձրանան 0 հարկ` առեւտուր կատարելու»,- պատմել է Ազիզյանը:

Ավելի վաղ «Մեդիամաքսի» թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ շուկայի գլխավոր մուտքի դռները եւ բարձրադիր կամարով երիզված չուգունաձույլ վիտրաժը, որոնք ներկա պահին գտնվում են «Ալեքս Գրիգ» ընկերության պահեստում, խնամքով պահպանվելու են մինչեւ շուկայի վերականգնումը: Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին` Ս. Ալեքսանյանը հայտարարել էր, որ այն իր նախկին ձեւով կվերականգնվի: «Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա` առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու»,- ասել էր նա: