«Ռազմական գիտությունը կանոններ ունի: Ըստ այդ կանոններից մեկի` պատերազմ սկսելու համար նախ` տվյալ երկրի ժողովուրդը պետք է պատրաստ լինի, երկրորդ` բանակը եւ, վերջապես, իշխանությունը: Այս եռանկյունին հնարավորություն է տալիս ցանկացած երկրի ռազմական գործողություններ սկսել եւ հաղթել: Ադրբեջանում 12 ազգային փոքրամասնություններ են ապրում: Նրանց մեջ այսօր մեծանում է ազգային ինքնապահպանման խնդիրը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը` ավելացնելով, որ Ղարաբաղյան պատերազմի օրերին Ադրբեջանն ամենավտանգավոր եւ բարդ վայրերում կռվելու էր ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Կոմանդոսը չի կասկածում, որ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում Հայաստանը կրկին հաղթելու է: «Սկզբում դժվարություններ կունենանք, բայց չկասկածեք մեր հաղթանակի մեջ: Այս պարբերաբար իրականացվող հարձակումները ծրագիր է, որն իրականացնում է Ադրբեջանը»,- ասել է նա` շեշտելով, որ վերջին հարձակումներով Ադրբեջանը ցանկանում էր մեր հասարակության շրջանում անհանգստության ու վախի մթնոլորտ առաջացնել, որպեսզի սկսենք մտածել, թե արդյո՞ք կկարողանանք հաղթել ենթադրվող պատերազմում: «Եթե նրանք պատրաստ լինեին պատերազմի, արդեն վաղուց սկսել էին: Բոլոր միջազգային կառույցները մեր բանակի մասին բարձր գնահատանքով են խոսում: Նույնը կարող եմ հավաստիացնել նաեւ ես: Բայց այսօրվա պատերազմը տարբերվում է նախկին պատերազմի ձեւից: Այսօր առաջինը ոչնչացնում են տվյալ երկրի կենսական անհրաժեշտության կառույցները»,- նշել է նա: