Այս օրերին եղանակի տաքացմանը զուգահեռ` բարձրացել է նաեւ սննդամթերքի, իսկ, ավելի ճիշտ` առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գինը:
Եթե 3-4 օր առաջ կիլոգրամով վաճառվող սուրճի միջին գինը 1800 դրամ էր, ապա այսօր այն հասել է 2000 դրամի:
Երեւանյան սուրճի վաճառքով զբաղվողների հաշվարկով` սուրճը թանկացել է 11,1 տոկոսով: Դրան զուգահեռ` բարձրացել են նաեւ քաղցրավենիքի գները: Ըստ առեւտրականների` որոշ շոկոլադե սալիկների գները բարձրացել են 5,5 տոկոսով: Առեւտրի որոշ կետերում նկատելիորեն բարձրացել է նաեւ շաքարավազի գինը` 20-30 դրամով` 420 դրամից հասնելով 450-ի: 50 դրամով թանկացել է նաեւ արեւածաղիկի գինը, որի 1 կգ-ն վաճառվում է 1450 դրամով` նախկին 1400-ի փոխարեն: Այս օրերին 2-3 տոկոսով թանկացել է նաեւ ծխախոտը: Սակայն ապրանքատեսակների թանկացման, այսպես ասած` առաջին հորիզոնականը, զբաղեցնում են հանքային եւ չգազավորված ջրերը: Երեւանյան առեւտրի կետերում «Ջերմուկ գրուպ» ընկերության հանքային ջուրը թանկացել է 20 դրամով (որոշ վաճառակետերում` նույնիսկ 30 դրամով): Ընդ որում` պլաստմասսե շշերով ջերմուկը` 0,5 լիտր, վաճառվում է 150 դրամով, 1 լիտրանոցը` 220 դրամով` նախկին 200 դրամի փոխարեն: Երեկ ընկերությունից փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ այդ հանքային ջրի թանկացման վերաբերյալ, սակայն ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Սամվել Արսենյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ընկերության լրատվամիջոցների պատասխանատուն` Էդգար Ղազարյանը, ում հեռախոսահամարը մեզ տրամադրել էր ընկերության աշխատակիցներից մեկը, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ինքն այլեւս հանդես չի գալիս ընկերության անունից: Չնայած դրան, Է. Ղազարյանը նշեց, որ մինչ օրս ինքը մոտ է ընկերության պատասխանատուների հետ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի փոխանցմամբ` ՏՄՊՊՀ-ն տեղյակ է հանքային ջրի գնի բարձրացման մասին, եւ այս օրերին ուսումնասիրում է ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերն ու հիմնավորումները: «Քանի որ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք, ինչը նշանակում է, որ այն գտնվում է հանձնաժողովի վերահսկողության տակ, այսինքն` ամսական կտրվածքով ընկերությունը պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ իր գործունեության մասին, ինչի միջոցով կարողանում ենք վերահսկել, ի թիվս այլ գերիշխող տնտեսվարողների, նաեւ այս ընկերության գործունեությունը: Եվ մի քանի օր առաջ «Ջերմուկ գրուպը» գրությամբ դիմել է հանձնաժողովին եւ տեղեկացրել, որ ընկերությունը բավարար շահութաբերությամբ չի աշխատում, ինչից ելնելով էլ պատրաստվում են որոշակիորեն բարձրացնել շշալցված ջերմուկի գինը»,- ասաց ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղարը: Վերջինիս խոսքով` արդեն 3 օր է` հանձնաժողովը սկսել է ուսումնասիրությունները, բայց գների սահմանումը դրա իրավասության մեջ չի մտնում: «Մենք կարող ենք ուսումնասիրել, թե արդյո՞ք այստեղ գերիշխող տնտեսվարողի կողմից չարաշահում կա, թե՞, որպես այդպիսին, չկա: Առաջիկայում կներկայացնենք մեր հիմնավորումները, եւ եթե լրացուցիչ փաստաթղթերի կարիք լինի, ապա այդ ուսումնասիրությունները եւս կանենք, եւ հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների գործունեությունը` «Բջնին», «Արզնին», «Դիլիջան ֆրոլովան» եւ մյուսները, եթե անգամ գերիշխող դիրք չեն զբաղեցնում, միեւնույն է` հանձնաժողովը կուսումնասիրի նրանց գործունեությունը եւս` պարզելու, թե որեւէ փոփոխություն կա՞ գնագոյացման մեխանիզմում, թե՞ ոչ»,- նշեց Սահակյանը, ում խոսքով` ուսումնասիրության արդյունքները հնարավորինս շուտ կհրապարակեն: Մեր տեղեկություններով` «Ջերմուկ գրուպ» ընկերությունը հանքային ջրի գնի բարձրացումը պատճառաբանել է պլաստմասսե շշերի թանկացման հանգամանքով: Սակայն հետաքրքիր է այն, որ հանքային ջրերի շուկայի մի շարք ընկերություններ պահպանել են նախկին գները: «Սիլ» գրուպ» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ իրենք պաշտոնապես հայտարարում են այն մասին, որ իրենց ապրանքատեսակի գինը մնացել է անփոփոխ: Մինչդեռ «Կոկա-կոլա» եւ «Պեպսի» գազավորված հյութերը, որոնք արտադրվում են Հայաստանում, եւս թանկացել են` 10-20 դրամով: Նշենք, որ Հայաստանում «Պեպսիի» արտադրությամբ զբաղվում է նույն «Ջերմուկ գրուպ» ընկերությունը: Իսկ գների բարձրացման ու դրա պատճառները նշելու հարցում, Սպառողների ասոցիացիա հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` ինքը հեծանիվ հնարելու մտադրություն չունի: «Հեծանիվը վաղուց հնարված է: Բանն այն է, որ այդ պատճառները հայտնի են եւ բազմիցս հրապարակված են: Ի թիվս այդ պատճառների` գումարվել է նաեւ այն, որ մինչ ընտրությունը ծախսվել են մեծ գումարներ` տարբեր տվյալներով` 25 մլն դոլար, եւ այլն: Նշանակում է, որ այդ գումարը մտավ շրջանառության մեջ եւ ավելացավ վճարունակ պահանջարկը: Այդքանով էլ գները պետք է թանկանան, քանի որ մարդիկ ձգտում են ավելի շատ ձեռք բերել, եւ ստեղծվում է առաջարկի եւ պահանջարկի մի նոր մակարդակ»,- ասաց Ա. Պողոսյանը:
Հարցին, թե տվյալ դեպքում ինչո՞վ է պայմանավորում «Ջերմուկ գրուպի» գների` աճը, վերջինս պատասխանեց. «Անվերահսկելի վիճակով: Բոլորն էլ ձգտում են բարձրացնել գներն ինչքան հնարավոր է, իսկ եթե չկա վերահսկողություն, այսինքն` եթե ծախսերը, հարկումները եւ եկամուտներն օրինական լինեն, մենք առարկություն չենք ունենա թանկացման հարցում, որովհետեւ այդ թանկացման համապատասխան տոկոսը` որպես հարկում, կգնա պետբյուջե, բայց մենք գիտենք, որ այդպես չէ: Այսինքն` ՏՄՊՊՀ-ն եւ Պետեկամուտների կոմիտեն պետք է ավելի անվրեպ աշխատեն»: Իսկ սպառողներն էլ, ըստ նրա, այն աստիճան հուսալքված են, որ այլեւս դադարել են խոսել իրենց իրավունքների պաշտպանության մասին, եւ դժգոհությունների ու բողոքների մասին խոսում են միայն խոհանոցում: